Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷԿ-երի բիզնեսի» գործով «տուժողի» ճառը իր ցուցմունքն էր․ (Տեսանյութ)

Մարտ 21,2014 18:25

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր սկսվեց մոսկվաբնակ գործարար Ռուդիկ Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրական ճառով հանդես եկած Արսեն Բեգինյանը պահանջեց 6 տարվա ազատազրկում՝ մեղադրելով Ռ. Բալասանյանին խարդախություն կատարելու դիտավորությամբ ուրիշի գույքին տիրանալու փորձի համար: Տուժողը այս գործով «ՀԷԿ-երի բիզնես» դրած Ռոլանդ Ղոնյանն էր, որին, ճիշտ է, մի քանի անգամ զգուշացվեց, որ ճառը ներկայացնի մեղադրական եզրակացության շրջանակներում, սակայն տուժողը շարունակեց ոչ միայն անվրդով իր «ճառը», այլեւ իրեն վերապահելով դատարանի իրավասություն, հաճախ էր օգտագործում «դատարանն ապացուցեց», «դատարանը հաստատված համարեց», «դատարանը ճանաչեց», Ռուդիկ Բալասանյանի «խարդախությունը», «ահաբեկչությունը» արտահայտությունները: Մոսկվաբնակ գործարար Ռուդիկ Բալասանյանի փաստաբան, նախկին զինդատախազ Ժաննա Կոտիկյանը նկատեց, որ տուժողն այդպես էլ որեւէ դիրքորոշում չի հայտնել, ընդամենը պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել իր պաշտպանյալին, որը միամտաբար փորձել է Հայաստանում իր միջոցներով զարկ տալ հիդրոէլեկտրակայանների զարգացմանը՝ բացահայտ վստահելով տուժողին: Որպես վստահության օրինակ, նա հայտնեց, որ Ռուդիկ Բալասանյանը 81.200 դոլար գումար է ներդրել, երբ իրենք ծանոթացել էր տուժողի հետ եւ որը հայտնել էր, թե մտադիր է հիդրոէլեկտրակայաններ կառուցել, ինչի արժեքը կառավարություն ներկայացրած նրա ծրագրով 900.000 դոլար գումար էր կազմել: Ըստ պաշտպանի՝ վստահությունն այն աստիճան է եղել, որ Ռուդիկ Բալասանյանը ստացական չի պահանջել եւ սակայն տուժողը չի ձեւակերպել գործարարի 50% բաժնեմասը պետռեգիստրում, այն դեպքում, երբ տուժողը անվերջ խոսում է ազնվությունից: Պաշտպանը նկատեց նաեւ, որ ՀԷԿ-ի 1-ին, 2-րդ, 3-րդ բլոկների կառուցման ժամանակ Ռուդիկ Բալասանյանը ոչ մի կոպեկ չի ստացել ներդրումից հետո:

Ժաննա Կոտիկյանը միջնորդեց, որպեսզի արդարացման դատավճիռ կայացվի իր պաշտպանյալի նկատմամբ: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց տուժող Ռոլանդ Ղոնյանի հաղորդումից սկսած մինչ քրեական գործը դատարան ուղարկելու ժամանակահատվածի վրա: Տուժողը հայտարարություն է տվել ոստիկանություն, որ իր նկատմամբ խարդախություն է կատարվել:

Հաղորդումը ստացվել է ոստիկանությունում 2012թ. դեկտեմբերի 26-ին: Դա նշանակում էր, որ կամ պետք է քրեական գործ հարուցվեր անհապաղ, կամ մերժվեր, կամ այն ուղարկվեր ըստ ընդդատության: Սակայն, ըստ պաշտպանի, Ղոնյանի հայտարարություն տալուց 4 ամիս հետո որոշվել է հաղորդման ընթացքը. 2013թ. ապրիլի 8-ին քրեական գործ է հարուցվել: Այդ այն ժամանակահատվածում, երբ գույքը արգելանքից հանելու համար տուժողը քաղաքացիական հայցով այդ ժամանակ դիմել էր դատարան: Երբ քրեական  գործ հարուցվեց, հայցի քննությունը կասեցվեց, որի լուծումն առայսօր գոյություն չունի: Ամբաստանյալն ասում է, որ իրեն Ղոնյանը պարտք է 100.000 դոլար գումար: Մինչդեռ տուժողն ասում է, որ ՀՀ գյուղնախարարի տեղակալ Վարդան Կարապետյանին ինքը տվել է 60.000 դոլար, նա էլ հանձնել է Ռուդիկին, ինչը Ռուդիկը չի հաստատում: Պաշտպան Ժաննա Կոտիկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց քննիչի գործողություններին, որը իր պաշտպանյալի նկատմամբ գույքը արգելանքից հանելու, վարույթ ընդունելու որոշումը օգտագործել է քրեական գործի հարուցման ժամանակ: Ըստ պաշտպանական կողմի՝ իրականում ոստիկանություն է տրվել կեղծ հաղորդում, որի նպատակը եղել է օրինական ուժ ստացած վճիռը բեկանելը նոր երեւան եկած հանգամանքներով: Խոսքն այն մասին է, որ Ռուդիկ Բալասանյանը շահել էր քաղաքացիական գործով դատարանում եւ երբ եկել էր վճիռը կատարելու ժամանակը, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31