«Ոսկե ծիրան» կինոփառատոնը եւ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը Վիվա Սել-ՄՏՍ-ի հովանավորությամբ այսօր ներկայացրին «Webծիրան» երրորդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները:
«Ոսկե կինոփառատոնի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ շատ ուրախ է «Webծիրան» առցանց փառատոնի գաղափարով: Նա ասաց, որ ժամանակները փոխվել են, փոխվել են նաեւ կինոյի հարթակներն ու հարաբերությունները: «Շնորհակալություն պարոն Ռալֆ Յիրիկյանին, որը գնահատում է հայ կինոն եւ միշտ աջակցում մեզ»,-հայտնեց պարոն Խաչատրյանը:
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շնորհվեց Նառա Կարապետյանին՝ «Սպասում» ֆիլմի համար, որը ամենաշատ դիտումներն է ունեցել:
Առաջին մրցանակակիրն է Նիկոլայ Հովհաննիսյանը՝ «Ստվեր» ֆիլմով: Այն հանձնեց Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Րալֆ Յիրիկյանը:
Կարդացեք նաև
Երկրորդ մրցանակին արժանացավ Վրույր Սիմոնյանը՝ «Նվիրում» ֆիլմի համար , այն հանձնեց մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը:
Երրորդ մրցանակը ռեժիսոր Դիանա Կարդումյանը հանձնեց Ալեն Մանուկյանին՝ «Հարություն» ֆիլմի համար:
Ռալֆ Յիրիկյանը նախ կատակեց, որ հաջորդ տարի չեն աջակցելու փառատոնին: Ապա հավելեց. «Երրորդ տարին «գլորում» ենք եւ պատրաստվում ենք չորրորդ տարվան…Մենք մեր սիրտը եւ հոգին դրել ենք այս փառատոնի մեջ»:
Փառատոնի վերջում հոբելյանական Ծիրան մրցանակը Հարություն Խաչատրյանը հանձնեց webtv.am –ի տնօրեն Արայիկ Մանուկյանին: Պարոն Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ապա ներկայացրեց webtv.am –ի մշակութային առաքելությունը: Նա նշեց, որ ամենաշատ ձայներ հավաքած հինգ ֆիլմերը կմնան webtv.am – ում մինչեւ հաջորդ փառատոն: «Ես մի առիթով ասել եմ, որ «Ոսկե ծիրանը» ոչ թե փառատոն է, այլ մշակութաբանական երեւույթ, եւ ես երջանիկ եմ այդտեղ ներդրում ունենալ»,-ասաց Արայիկ Մանուկյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ