Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ից սպասելիք չունեն, վարչապետի կողմից «անձնական շահագրգռվածություն են» նկատում

Մարտ 21,2014 17:54

«Վարչապետը ուրիշ` անձնական շահագրգռվածություններ ունի, որ այդ խնդիրն իր վրա է վերցրել և համառորեն տանում է առաջ»,-Aravot.am-ի հետ զրույցում խոսելով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման պարագայում առաջացող հնարավոր վտանգների մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանի գործատուների հանրապետական միության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոն» ՀԿ-ի ճյուղային միության նախագահ Քնարիկ Մալխասյանը:

Նա ևս մեկ անգամ բարձրացրեց կուտակայինի հարցում գոյություն ունեցող անվստահության մասին դիտարկումները և ասաց. «Ի՞նչ երաշխիքներ, որ քսան տարի հետո տնտեսական այնպիսի աճ ենք ունենալու, որ կարողանան համապատասխան կերպով բաշխել այդ գումարները: Դրա համար էլ մենք պարտադիրին դեմ ենք: Այսօրվա դրությամբ իրենց ասած ոչ մի խոսք իրենք չեն կատարում: Մարդկանց ավանդներն էլ չեն կարողանում վերադարձնել»:

Քնարիկ Մալխասյանը նշեց, որ օրենքի ընդունմամբ ոտնահարվելու են նաև գործատուների իրավունքները ու մանրամասնեց. «Գործատուի հիմնական գործը գործարարության զարգացումն է, այլ ոչ թե նման խնդիրների, այսպիսի բեռի տակ մտնելը: Չկատարելու դեպքում տույժ տուգանք է նախատեսվում, անհատ ձեռներեցներին անգամ հնարավոր է տնից զրկեն: Սա վտանգավոր օրենք է: Գործատուի հիմնական նպատակը արտադրության կազմակերպումն է, այլ ոչ թե պարտադիր կուտակայինի վճարելը»:

Տիկին Մալխասյանը հույս ունի, որ «եթե ՍԴ-ն ազնիվ լինի, պիտի չընդունի այս օրենքը»: Այնուհետև մեկ նրբության վրա ուշադրություն հրավիրեց. «Ոչ վարչապետը, ոչ էլ նախագահը հավերժ չեն, ամենաշատը երեք տարի հետո, եթե ոչ ավելի շուտ, ոչ այս վարչապետն է լինելու, ոչ էլ նախագահը: Ուստի վարչապետն ինչո՞ւ է պնդում, թե քսան տարի հետո լավ է լինելու, ինչո՞ւ է իր վրա վերցնում այդ պատասխանատվությունը, բնակչության ութսուն տոկոսից ավելիին իր դեմ տրամադրում, երբ ինքն էլ դրանում վստահ չէ»:

«Իրավագետ սերունդ» ՀԿ նախագահ Հայրենուհի Գևորգյանը մարտի 28-ի` ՍԴ-ի որոշումից սպասելիքներ չունի: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Կառավարությունն ինչպես խոսում է, նման կերպ էլ իրենց օրենքներն են ձևակերպում: ՍԴ-ն կառավարության հրամանն է կատարում, շատ սխալ է այդ օրենքը, քանի որ ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը այս գումարները կստանանք: Օրինակ` այդպես եղավ ավանդների հարցում: Վստահություն չկա, որ չեն խաբի նաև այս հարցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31