Լրահոս
Օրվա լրահոսը

Իռլանդացի փորձագետ. «Հայաստանում սոցապահովության ոլորտում ռիսկերը բավականին բարձր են»

Մարտ 21,2014 17:12

 Այսօր Aravot.am-ը սոցիալական պաշտպանության ոլորտում 27 տարվա փորձ ունեցող միջազգային փորձագետ Ջերի Ֆիցպատրիկից, որը Հայաստան է ժամանել մեր երկրի սոցիալական պաշտպանության ոլորտն ուսումնասիրելու, հետաքրքրվեց, թե 25-30 տոկոս գործազրկության պայմաններում, պատճառաբանելով, թե այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, կառավարությունը գործազուրկներին զրկեց նպաստից, արդյոք դա ե՞լք էր իրավիճակից, պարոն Ֆիցպատրիկն ասաց. «Ես իրավասու չեմ ձեր կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը մեկնաբանել, յուրաքանչյուր երկրում մեծ խնդիր է գործազրկության նպաստների վճարումը, որ իսկապես, վճարվեն այն մարդիկ, որոնք գործազուրկ են, հնարավոր է տարբեր երկրներում տարբեր սցենարներ են տեղի ունենում եւ այդ համակարգերը բավականին լավ կառավարվում ու վերահսկվում են: Հայաստանում ռիսկերը բավականին բարձր են: Իռլանդիայում, այս առումով, ռիսկերը միջին հարթության վրա են: Իռլանդիայում մոտեցումը այլ է, հասարակությունը հանդուրժող չէ նրանց նկատմամբ, որոնք որ չարաշահում են համակարգը»:

Պետական տնտեսագիտական համալսարանում միջազգային փորձագետը, որը 20 տարուց ավելի ղեկավարել է Իռլանդիայի սոցիալական ոլորտը, ուսանողներին ներկայացրեց Իռլանդիայի փորձը: Ուսանողների պասիվությունը պարոն Ֆիցպատրիկը բացատրեց այսպես. «Սոցիալական ապահովության ոլորտն այն ոլորտն է, որ մարդը հետաքրքրված չէ դրանով, մինչեւ որ ինքը իր հարցով չի առնչվում այդ ոլորտին»:

Նրա խոսքերով, սոցիալական ոլորտում Իռլանդիան միանգամից չի կատարում բարեփոխումները, այլ ինչպես պարոն Ֆիցպատրիկն ասաց, «որպես խելոք իռլանդացի, սպասում ենք, որ Մեծ Բրիտանիան այդ բարեփոխումներն անի եւ եթե այն հաջողվի` մենք էլ ներդնենք»:

Փորձագետի ներկայացմամբ, Հայաստանն ու Իռլանդիան բնակչության թվաքանակով նման երկրներ են: Իռլանդիայում էլ ամենամեծ խնդիրը, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, դարձել է զբաղվածության հարցը: Փորձագետի հայրենիքում գործազուրկ մարդիկ շաբաթական 188 եվրո նպաստ են ստանում, որը, Ջերի Ֆիցպատրիկի խոսքերով, «քիչ թե շատ բավարարում է նրանց կարիքները»:
Իռլանդիայում սոցիալական հարցերով, բացի նախարարից, կա նաեւ կրտսեր նախարար: Այդ ոլորտի նախարարն էլ համարվում է քաղծառայող: Իռլանդիայում երեխայի նպաստը վճարվում է անմիջապես մորը, եւ միայն բացառիկ դեպքերում այն կարող է ստանալ հայրը: Իռլանդիայի բյուջեի մոտ 40 տոկոսն ուղղված է սոցիալական ծառայություններին: 8,4 միլիոն եվրո սոցոլորտի աշխատակիցները ծախսում են միայն քաղաքացիների հետ հեռախոսազանգերի, նրանց հարցերին պատասխանելու համար:

Ինչպես փորձագետն ասաց, մեծ գումարներ են ծախսվում նաեւ գործազուրկ մարդկանց, այսպես ասած, ակտիվացնելու համար: Սոցաշխատողն ամեն մի գործազուրկի հետ առանձին աշխատանք է տանում նրան ակտիվացնելու, վերապատրաստելու եւ աշխատանքի վերադարձնելու հարցում:
Նշենք, որ Ջերի Ֆիցպատրիկը Հայաստան է ժամանել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» հրավերով` ուսումնասիրելով մեր երկրի սոցիալական պաշտպանության ոլորտը` բացահայտելու այդ ծառայության ուժեղ եւ թույլ կողմերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31