Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակայինի հարցով կառավարությունը գնում է «կոմպրոմիսի՞»

Մարտ 21,2014 17:02

Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարը շարունակվում է: Վաղը «Դեմ եմ» նախաձեռնությունը ժամը 14.00-ին Ազատության հրապարակում հավաք-երթ է անցկացնելու: Նախաձեռնությունը այս պահին ոչ մի քաղաքական ուժի հետ չի ասոցացվում, բայց պայքարող քաղաքացիների պահանջը հստակ է. նրանք դեմ են պարտադիր բաղադրիչին:

Եթե պայքարի սկզբում կառավարությունը ընդհանրապես չէր արձագանքում նախաձեռնության մտահոգություններին, ապա պայքարի արդեն այս փուլում ՀՀ կառավարությունը որոշ «ժեստեր» է անում: Մասնավորապես օրեր առաջ ՀՀ վարչապետը «Դեմ եմ» նախաձեռնությանը երկխոսության առաջարկ արեց:

Սակայն այն մերժվեց` պատճառաբանելով, թե այդպիսով վարչապետը ցանկանում է թուլացնել շարժումը:

Ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն ևս «Դեմ եմ» նախաձեռնության կողքին են պարտադիրի դեմ պայքարում: Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց` ի՞նչ նպատակ էր հետապնդում վարչապետի` երկխոսության առաջարկը և արդյոք այդ քայլով չե՞ն ցանկանում թուլացնել շարժումը: Պատգամավորը պատասխանեց. «Չեմ ուզում ասել, թե  այդ հանդիպումը  կթուլացնի՞, թե՞ կուժեղացնի շարժումը, բայց գտնում եմ, որ եթե պիտի տեղի ունենա հանդիպում, դա գործնականում արդյունքներ պիտի ունենա»:

«Հանրային ցանցի» համակարգող Թամարա Աբրահամյանը նույն խնդրի վերաբերյալ ասաց հետևյալը. «Չեմ էլ հերքում «Դեմ եմ»-ի կասկածները վարչապետի առաջարկի մասին, քանի որ բավարար հիմքեր չունեմ: Մյուս կողմից էլ վարչապետը առաջարկել է հանդիպել, գուցե փորձում են գնալ կոմպրոմիսի՞»:

Մի կողմից հասարակական դժգոհությունը, ՍԴ-ի որոշման հետ կապված սպասողականությունը, մյուս կողմից իշխանության կողմից նրանց պահանջների չբավարարումը որոշ շրջանակների թույլ է տալիս կարծիքներ հայտնել Մայդանի հավանականության մասին: Հրանտ Բագրատյանն այն կարծիքին է, որ մարտի 28-ին պետք է Մայդան սարքել: l

David_Manukyan

Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է իրավիճակն այնքան սրվի, որ Մայդանի հասնենք, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները բացառեցին զարգացման այդ ճանապարհը: Դավիթ Մանուկյանն այս առիթով հայտարարեց. «Վաղը Մայդան չի լինելու, և Աստված չանի, որ լինի: Մայդան ցանկացողներին հիասթափեցնեմ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը վաղը մասնակցելու է «Դեմ եմ» նախաձեռնության երթին, նույն հարցի մասին ասաց. «Չեմ կարծում, որ «Դեմ եմ» շարժման մասնակիցները նման միտում ունեն: Գտնում եմ, որ յուրաքանչյուր գործընթաց իր բնականոն ընթացքն ունի, և այս պարագայում կանխատեսում չեմ անի»:

Թամարա Աբրահամյանը դեմ է «արյունահեղության Մայդանին»: Aravot.am-ի հետ զրույցում նա այսպիսի կարծիք հայտնեց. «Միայն սոցիալական ոլորտի հետ կապված արյունահեղության Մայդան չեմ տեսնում, բայց հրապարակ և պահանջատիրություն քաղաքացիական հասարակության կողմից պարտադիր է: Եթե պահանջատեր չլինենք, կառավարությունը որևէ փոփոխություն ստիպված չի լինի անելու: Եթե չկա պահանջը, չի կարող ռեակցիա ձևավորվել: Ուստի կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը ավելի պահանջատեր պիտի լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31