Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իշխանական ուժերից կառավարության հրաժարականի մասին ինչո՞ւ է խոսում միայն Լևոն Զուրաբյանը

Մարտ 21,2014 16:31

Արդեն բավականին երկար ժամանակ է ոչ իշխանական չորս ուժերը քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Մի պահ քննարկումներն ավելի ինտենսիվ էին, հետո դրանք կարծես թե մարեցին: Սա պատճառաբանվեց այն հանգամանքով, որ ոչ իշխանական ուժերը շրջանառության մեջ էին դնում մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման հարցը:

Հետո քննարկումները նոր թափ ստացան, ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը օրակարգ կմտցնեն ապրիլի 28-ին:

Մեկ օր առաջ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, թե ինչու է քառյակից միայն Լևոն Զուրաբյանը հանդես եկել այն հայտարարությամբ, թե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը օրակարգ են մտցնելու:

Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ԲՀԿ-ն հանդես չի գալիս կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի մասին դիտարկումներով: Նա պատասխանեց. «Չեն խոսում այն բովանդակության մասին, թե ինչի համար  են չորս քաղաքական ուժերը հավաքվում, ինչ խնդիրներ են առաջ քաշվում և ինչ պայմաններում է այս ամենը կազմակերպվել, այլ  խոսում են միայն մեկ անձի մասին: Բովանդակության մասին էլ պետք է խոսել»:

Հետաքրքրվեցինք` իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ն էլ ոչ մի հայտարարությամբ հանդես չի գալիս: Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն ոչ մի խնդիր չունի: Ո՞նց եք կարծում` ԲՀԿ առաջնորդը բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ չքննարկե՞ց, չվերլուծե՞ց այս խնդիրները: Երբ ժամանակը գա, այդ ժամանակ ԲՀԿ-ն էլ իր կարծիքը կհայտնի»:

Տարածված տեսակետ կա, թե ոչ իշխանական ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծն «անցկացնելու» հարցում հույսը դրել են ՀՀԿ-ի պառակտվածության վրա` ակնկալելով, որ  իշխող մեծամասնության մի հատված կողմ կքվեարկի այդ նախագծին: Այս մասին ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մենք մեր հույսը մեզ վրա ենք դրել, և ոչ թե ՀՀԿ-ի պառակտումն է միտումը, այլ այն, որ երկրում բան փոխվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31