Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ Գալուստ Գյուբենկյանի ծննդյան 145 ամյակին նվիրված միջոցառում

Մարտ 21,2014 16:28

Մարտի 23-ին լրանում է հայազգի մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 145 ամյակը և այդ առթիվ մարտի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայ բարերարների ճեմուղում կայացավ մեծ բարերարի հոբելյանին նվիրված միջոցառում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, Ֆրանսիայի «Սիանս Պո» քաղաքագիտության ինստիտուտի մասնագետ Ժիլբեր Տերտերյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և մյուս ներկաները ծաղիկներ դրեցին Գալուստ Գյուլբենկյանի և ճեմուղու մյուս մեծանուն բարերարների հուշակոթողների առջև:

6366-copy

Ողջունելով միջոցառմանը ներկա հյուրերին, ուսանողությանը և դպրոցականներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այն հանգամանքը, որ մեծ տնտեսագետի և ֆինանսիստի հաջողությունները իրապես պայմանավորված են եղել նրա խորը և համապարփակ գիտելիքներով: Գալուստ Գյուլբենկյանը, կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում, տիրապետում էր ութ լեզվի։ Հայազգի մեծ բարերարը հրաշալի գիտեր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալները, հատկապես՝ նավթային քարտեզը։
«Կարծում եմ՝ մերօրյա հայ գործարարները դասեր պետք է քաղեն մեր մեծ հայրենակցի կյանքից», – ընդգծեց նախարար Հակոբյանը՝ առանձնացնելով Գյուլբենկյան մարդու՝ գիտելիքի ջատագով լինելու, սկսած աշխատանքը նվիրումով և մինչև վերջ հասցնելու, իր ազգի հանդեպ անսահման նվիրումի և համայն մարդկությանը ծառայելու սկզբունքային մոտեցումները:

Տիկին Հակոբյանը նշեց նաև այն փաստը, որ Գալուստ Գյուլբենկյանը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ղեկավարությունը ստանձնել է կազմակերպության հիմնադիր Պողոս Նուբար փաշայի մահից հետո՝ 1906թ.:

Սակայն մեծ բարերարի երազանքը՝ հաստատվել հայրենիքում և ողջ կարողությունը կտակել Հայաստանին, Խորհրդային ռեժիմի պայմաններում այդպես էլ չի իրագործվել:
Գյուլբենկյանը հայապահպանման անկյունաքար էր համարում հայ եկեղեցին, ուստի նրա բարեգործական ամենամեծ ներդրումները կապված էին եկեղեցու հետ։

Վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, Գյուբենկյանն ապրել է տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին, ինչպես Նոբելյան հիմնադրամը։
Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին, մեծ բարերարի անվան կրթաթոշակներով են ապահովվում աշխարհի տարբեր երկրների հայազգի 100-ավոր ուսանողներ:

Հայաստանում մշտապես գնահատել և մեծարել են աշխարհահռչակ հային, նրա անվամբ Երևանում գործում է դպրոց, կա փողոց:

«Մենք պետք է օրինակ վերցնենք Գալուստ Գյուլբենկյանից և անմար պահենք նրա անունը հայոց պատմության մեջ», – եզրափակեց իր խոսքը ՀՀ սփյուռքի նախարարը:
Արժևորելով տնտեսական գործչի և նավթարդյունաբերողի տաղանդը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նշեց, որ նավթարդյունաբերության մեջ առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարել է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերողի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Պոլսում գտնվող նավթի գրասենյակում, իսկ «Նավթային գլխավոր կոմիտե» կազմակերպությունը Գ.Գյուլբենկյանը ստեղծել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Պատմաբանն ընդգծեց, որ Գյուլբենկյանը նավթարդյունաբերության ոլորտում կարողացել է ստեղծել հավասարակշռություն և իր ձեռքում պահելով խոշոր նավթային ընկերությունների լծակները՝ հասնել մեծ հաջողությունների:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Էդվարդ Մելքոնյանը նշեց, որ Գյուբենկյանը տնօրինում էր արվեստի արժեքավոր հավաքածուի, ուր տեղ էին գտել շուրջ 6,000 բարձրարժեք նմուշներ։

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը Սփյուռքում գործող անվանի հայրենակիցների կյանքն ու գործունեությունը գնահատելու և մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանն արժևորեց մեծ բարերարի ավանդը Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը Լիբանանի Այնճար գյուղում և Բեյրութի Պուրճ Համուտ թաղամասում տեղավորելու գործում:

Ֆրանսիայի Էքս-Ան-Պրովանսի «Սիանս Պո» քաղաքագիտության ինստիտուտի մասնագետ Ժիլբեր Տերտերյանը նշեց, որ իր երկու զավակներն էլ Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ստացել են Գալուստ Կիւլպէնկեանի անվան կրթաթոշակի շնորհիվ:

Ելույթ ունեցան Հալեպում ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում հաստատված և ՀՀ պետական բուհերում սովորող ուսանողներ Նարեկ Չաղլարյանը և Նուշիկ Թյությունճյանը, որոնց ուսման վարձերը նույնպես վճարվել են «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ ուժերով:
Միջոցառման գեղարվեստական հատվածում մեծ բարերարի կյանքի և գործունեության մասին ուշագրավ դրվագներ պատմող համարներով ելույթ ունեցան Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի սաները:

Հայրենիքի մասին բանաստեղծությունների գեղեցիկ ասմունքով հանդես եկան «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սաները՝ Նադյա Անտոնյանի ղեկավարությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31