Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւանի մակարդակի բացասական հաշվեկշիռը չի բացառվում՝ ջրի դեֆիցիտ է (Տեսանյութ)

Մարտ 21,2014 16:18

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ մարտի 19-ին, այս հարցով Ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել  ՝ շահագրգիռ կողմերի ներկայությամբ:

Օրենքի նախագծի իմաստը հետեւյալն է. ըստ գործող օրենքի՝ ամեն տարի Սեւանից կարող է բաց թողնվել առավելագույնը 170 մլն խորանարդ մետր ջուր, սակայն կառավարությունը առաջարկում է օրենքում փոփոխություն անել եւ հինգ տարի ժամկետով թույլ տալ ջրառն ավելացնել եւս 70 մլն խմ-ով, քանի որ Արարատյան հարթավայրի ավելի քան 30 համայնք ոռոգման ջրի խնդիր ունի: Իսկ հինգ տարի ժամկետը կառավարությունը նշում է՝ հավատացնելով, որ հինգ տարվա ընթացքում իրենց ձեռնարկված միջոցառումները (ջրամբարների կառուցման արդյունքում առաջացած այլընտրանքային ռեսուրսներ, Արփա-Սեւան թունելի 70 կմ երկարությամբ հատվածի նորոգում, որի արդյունքում ջրի կորուստները կնվազեն՝ ներկայումս 20% ջրի կորուստ կա, եւ այլն, եւ այլն) արդյունք կտան, եւ այլեւս կարիք չի լինի Սեւանից հավելյալ քանակի ջուր հանել:

Օրենքի նախագիծը ներկայացնում էր Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը: Նա ասաց, որ հարցը հրատապ է դարձել մի քանի փաստերի արդյունքում՝ Էջմիածին-Մասիս-Արմավիր եռանկյունու համայնքներում ավանդական ջրաղբյուրները դեֆիցիտով են աշխատում, ջուր չկա, եւ այլընտրանքային ռեսուրսների բացակայության պայմաններում ստիպած են դիմել այդ քայլին՝ Սեւանից հավելյալ ջրառ կատարել:

Հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը բարձրացրեց խորհրդարանական լսումների ժամանակ ինչպես բնապահպանության նախարարի, այնպես էլ լսումներին ներկա բազմաթիվ բնապահպաններին ամենաշատը հուզող հարցը՝ արդյո՞ք ջրառը մեծացնելու դեպքում կկանգնենք բացասական հաշվեկշռի խնդրի առաջ: Այսինքն՝ արդյո՞ք Սեւանի մակարդակը կնվազի: Նա առաջարկում էր հետեւել օրենքում նշված «բացառել բացասական հաշվեկշիռը» տողին: Անդրանիկ Անդրեասյանն ասաց, որ չի կարող իր վրա նման «ռիսկ» վերցնել եւ ասել, որ կբացառվի բացասական հաշվեկշիռը, քանի որ այս մեկ տարվա ընթացքում բնակլիմայական պայմանների պատճառով Սեւանն ընդամենը 5 սմ է բարձրացել՝ 1917 սմ-ից դարձել է 1922 սմ, եւ եթե այսպես շարունակվի, ապա անգամ օրենքով թույլատրելի 170 մլն խմ ջուրը վերցնելու պարագայում հնարավոր չէ բացառել բացասական հաշվեկշիռը:

Պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, հիշեցնելով նույն հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքերը, թե Սեւանը ադամանդ չի, որ նայենք, հիանանք, այն պետք է նաեւ օգնի ժողովրդին, բարձրացրեց դրենաժային ջրերի հարցը: Խնդիրը հետեւյալն է՝ Արարատի հարթավայրում բազմաթիվ ձկնաբուծական տնտեսություններ կան, որոնց օգտագործած դրենաժային ջրերն այդուհետեւ լցվում են Արաքսը եւ գնում թափվում Կասպից ծովը: Մոտավորապես՝ 1,5 մլրդ խմ ջուր է այդպես կորչում: Պատգամավորին հետաքրքրում էր՝ հնարավոր չէ՞ որեւէ կերպ այդ ջրերը ամբարել եւ օգտագործել ոռոգման նպատակով:

Ի պատասխան Ա. Անդրեասյանը տեղեկացրեց, որ եթե 1,5 մլրդ խմ Արաքս է թափվում, ապա Հայաստան աշխարհում ընդհանուր առմամբ առաջանում, հոսում, գնում կորչում է ավելի քան 7 մլրդ խմ ջուր. «Ջրամբարաշինական հսկայածավալ աշխատանքներ պետք է անել, շուրջ հարյուրի մոտ ջրամբարների եւ թասերի ուսումնասիրություն ենք արել, որ մեր սերունդների համար պարզ լինի, թե որի՞ց պետք է սկսենք, այդ 7 մլրդ խորանարդ մետրից որքա՞նը կկարողանանք ամբարել»: Այսօրվա դրությամբ՝ Ջրտնտպետկոմի ղեկավարի խոսքերով՝ մեկ ջրամբար՝ Մարմարիկինը, կառուցվել է եւ եւս երեքը ընթացքի մեջ են, դրանց շնորհիվ կամբարվի շուրջ 200 մլն խմ ջուր, ու դրանց կառուցման համար պետք է եղել նույնքան դոլարի ռեսուրս:

Ըստ պաշտոնյայի՝ եթե անգամ հինգ տարին մեկ գոնե մեկ ջրամբար կառուցելու հնարավորություն լինի, դա մեծ գործ կլինի, սակայն մասնավոր հատվածը հետաքրքրված չէ դրանով, որովհետեւ եկամտաբեր չէ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որ այս հարցով համազեկուցող էր, ասաց, որ վատ կացության մեջ են հայտնվել. «Կառավարությունը մեզ փաստի առաջ է կանգնեցնում, որ համաձայնվելն էլ է հանցագործություն, չհամաձայնվելն էլ է հանցագործություն»:

Այդուհանդերձ, ինչպես ասաց հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, որը նույն՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, իրենց խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31