ՀՀ օրենսդրությամբ՝ յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար ընտանիքը ստանում է միանվագ նպաստ՝ առաջին եւ երկրորդ երեխայի համար 50 հազար դրամ, 3-րդ երեխայի համար՝ 500 հազար, չորրորդ եւ հաջորդ երեխաների համար՝ 1,5 մլն դրամ: ՕԵԿ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որ միանվագ նպաստներից չզրկվեն նաեւ այն ընտանիքները, որտեղ երեխան ծնվում է մահացած:
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովում, երբ քննարկվում էր այս օրինագիծը, կառավարության ներկայացուցիչը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանն առաջարկեց ընդհանրապես հանել գործող օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը, քանի որ մինչեւ յոթ օրվա ընթացքում մահացած երեխաներին էլ, ըստ օրենքի, նպաստ չի հասնում:
Առաջարկը հեղինակների անունից ընդունելի համարեց օրինագիծը ներկայացնող Հովհաննես Մարգարյանը:
Կարդացեք նաև
ԱԺ սոցիալական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ առաջարկեց՝ եթե կապ չունի, երեխան մահացա՞ծ է ծնվել, թե՞ չէ, էդ դեպքում գումարը կարելի է տալ հղիության 7-րդ ամսից սկսած, որպեսզի մարդիկ կարողանան երեխայի ծննդյան հետ կապված հոգսերը հոգալ:
Իսկ նույն հանձնաժողովի անդամ Ռուբեն Հովսեփյանը մտահոգիչ դրույթ տեսավ այն բանում, որ մահացած երեխայի դեպքում ծնողը ստանա նույն գումարը, ինչ ծնված եւ առողջ, քանի որ եթե չորրորդ երեխայից սկսած միանվագ 1,5 մլն դրամ է ստանալու, ըստ Ռ. Հովսեփյանի, կարող են լինել «ծնողներ», որոնք 1,5 մլն դրամի համար ունենան վեցերորդ երեխան, ապա յոթ օրվա ընթացքում «ազատվեն» այդ երեխայից:
Քանի որ առաջարկները բազմաթիվ էին, սոցապ փոխնախարարը ամենահարմար տարբերակը համարեց, որ ուղղակի օրենքից հանվի այն կետը, որով մահացած ծնված կամ ծնվելուց հետո յոթ օրվա ընթացքում մահացած երեխաներին չի տրվում միանվագ նպաստ, իսկ միանվագ նպաստները, քանի որ տրվում են կառավարության համապատասխան կարգավորումներով՝ ըստ կարգաթվերի եւ այլ հաշվարկների, ապա մնացած հարցերը մնա կառավարության վրա:
«Առավոտի» հարցին ի պատասխան՝ ավելի ճիշտ չի՞ լինի, որպեսզի ցանկացած մտահոգություն վերանա, ուղղակի օրենքում նշվի, որ եթե երեխան ծնվում է մահացած կամ մահանում է յոթ օրվա ընթացքում, տրվի միանվագ նպաստ հիսուն հազար դրամ, անկախ նրանից՝ ընտանիքի որերորդ երեխան է, պարոն Պետրոսյանը կրկին պնդեց, որ ամենաճիշտ տարբերակն այն է, որ կառավարությունն ինքը որոշի՝ օրենքից պետք է ընդամենը հանվի համապատասխան տողը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ