Այսօր ավարտվում է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Մեկ ամիս «Դինամո» մարզադահլիճում բացահայտվում է հանրապետության բռնցքամարտի ներկան, որոշվում վաղվա օրը: Նախ, չեմպիոններին ու մեդալակիրներին որոշեցին մեծահասակները, ապա` երիտասարդները, իսկ այսօր հայտնի կդառնան պատանիների մեջ լավագույնները:
Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին խնդրեց ամփոփել նաեւ պատանիների մասնակցության արդյունքները: «Պատանիներից գոհ եմ: Ի տարբերություն մեծահասակների եւ երիտասարդների, այստեղ մասնակիցների քանակը ոչ միայն ավելի մեծ է, այլեւ նրանց մեջ տեսնում եմ օժտված եւ տաղանդաշատ տղաների: Սա ոչ միայն ուրախացնում է, այլեւ մեզ, հատկապես` մարզիչների համար, աշխատանքային հսկայական դաշտ է ստեղծում: Սա այն տարիքային խումբն է, որտեղ հնարավոր է եւ պետք է հիմքը ճիշտ դնել: Եվ մարզիչները պետք է կարողանան բռնցքամարտիկի թերությունները շտկել, նոր բան` հարվածներ, ռինգում ճիշտ քայլել սովորեցնել, ինչը արդեն հնարավոր չէ, կամ խնդիր է , մեծահասակների դեպքում», – ասաց ֆեդերացիայի նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ