Լրահոս
Օրվա լրահոսը

«Բենզին Ռուբոյի» տղան դատավորին մի քանի անգամ հարցրեց՝ ի՞նչ եմ արել

Մարտ 21,2014 14:48

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր պետք է սկսվեր Արման Ռոբերտի Գալուստյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը: Ամբաստանյալը դատարան էր ներկայացել մենակ, դատական նիստերի դահլիճում որեւէ մեկը չկար, անգամ նրա հարազատներից (հայտնի գործարար «Բենզին Ռուբոյի»՝ Ռոբերտ Գալուստյանի որդին է): Այս գործով տուժողն անգամ չէր եկել:

Ամբաստանյալը մի քանի անգամ դիմեց դատավորին՝ ի՞նչ եմ արել, փոխվելո՞ւ է իմ խափանման միջոցը եւ գնալո՞ւ եմ տուն:

Նշենք, որ նրա նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխվել էր կալանքով, քանի որ նա մի քանի անգամ խուսափել է դատարան ներկայանալուց: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց մեղադրող Մելքոնյանին, թե արդյոք մեղադրական եզրակացությունը ստացե՞լ է: Պարզվեց, որ այն ուղարկվել է ամբաստանյալին, նրա բնակության հասցեով, սակայն վերադարձվել է:

Դատարանում նրան հանձնվեց մեղադրական եզրակացությունը եւ քանի որ ամբաստանյալը պիտի ծանոթանար դրան, ինչպես նաեւ չուներ պաշտպան, դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 8-ին:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի կողմից:

Հիշեցնենք, որ ամբաստանյալը նախկինում եղել է դատապարտված,
2012թ. փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ 26.05.2011թ. ընդունված համաներման ակտի կիրառմամբ պատիժը կրճատվել և սահմանվել է ազատազրկում 1 տարի 7 ամիս 21 օր ժամկետով, իսկ 2012թ. մայիսի 8-ին Ա.Գալուստյանը վաղաժամկետ ազատվել է պատժի հետագա կրումից։

Ըստ գործի, անցյալ տարվա. մայիսի 19-ին մեղադրյալ Ա.Գալուստյանը Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում վարձակալել է տուժող Սամվել Աբրահամյանի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի 35 LP 343 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենան: Կոմիտասի պողոտայում գտնվող «Լամբադա» կամրջի մոտ մեղադրյալն իջել է ավտոմեքենայից և տուժող Ս.Աբրահամյանին առաջարկել սպասել մի քանի րոպե, որպեսզի շարունակի ճանապարհը։ Մոտ 30 րոպե սպասելուց հետո, տուժող Ս.Աբրահամյանը իջել է ավտոմեքենայից, փնտրել Ա.Գալուստյանին, չգտնելով նրան՝ հեռացել է։ Հաջորդ օրը Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում տուժողը տեսել է մեղադրյալին, հիշեցրել նրան նախորդ օրվա մասին: Ա.Գալուստյանը գրպանից հանել է երկաթյա իր, դրանով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս՝ ձախ գագաթային, ձախ գագաթա-ծոծրակային շրջանների քերծվածքների, գագաթային, աջ քունքագագաթային շրջանների ծակած կտրած վերքերի ձևով։ Այնուհետև, Ա.Գալուստյանը դիմել է փախուստի, իսկ տուժող Ս.Աբրահամյանը դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո կատարվածի մասին հաղորդում տվել ոստիկանության Կենտրոնականի բաժնում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31