Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլո՞ր, թե՞ միայն աշխատող մայրերին է պետք երեխայի խնամքի նպաստ տալ (Տեսանյութ)

Մարտ 21,2014 14:23

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը օրենսդրական նախագծով է հանդես եկել, որի իմաստը հետեւյալն է. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով աշխատող մայրերին, որոնք երեխա են ունենում, մինչեւ երեխայի երկու տարին լրանալը տրվում է խնամքի նպաստ (ներկայումս այն կազմում է ամիսը 18 հազար դրամ), ըստ ԲՀԿ օրինագծի՝ այդ գումարը պետք է տրվի բոլոր մայրերին՝ անխտիր, քանի որ դա երեխայի նպաստն է, ոչ թե՝ մոր: Բացի այդ, հիմնավորվում է, որ այս օրենքի ընդունումը կնպաստի ծնելիության բարձրացմանը:

Armen Mxitaryan-Mikayel MelqumyanԱյսօր այս օրենքի նախագիծը քննարկվում էր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը բացակայում էր եւ նրա փոխարեն հարցը ներկայացրեց նույն խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

socap poxnaxararԿառավարության անունից իրենց սկզբունքային համաձայնությունը հարցի վերաբերյալ ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Պետրոսյանը: Սակայն նշեց, որ թեեւ գաղափարին կողմ են, բայց կա մի բայց… բյուջեում գումար չկա: Ներկայումս ՀՀ պետական բյուջեով այդ նպաստների համար նախատեսված է 2,4 մլրդ դրամ, որը տրվում է միայն աշխատող կանանց, որոնք մոտավորապես 8000 հոգի են: Սակայն, եթե նաեւ չաշխատող մայրերին տրվի ամսական 18 հազար դրամները, ապա կարիք կլինի 18,2 մլրդ դրամ հատկացնել, քանի որ այդ դեպքում նպաստառուների թիվը կկազմի մոտ 44 000. «Եթե նույնիսկ գնանք այդ քայլին՝ չգիտենք, թե որտեղի՞ց պետք է այդ գումարները վերցնել»:

Սոցապ փոխնախարարը նշեց, որ եթե օրինագծի հեղինակները համաձայնվեն հետաձգել այս օրենքի քննարկումը մինչեւ 2015 թ. բյուջեի քննարկումները, ապա իրենք սկզբունքորեն կողմ են հարցին:

Սակայն, երբ օրենքի նախագիծը ներկայացնող Միքայել Մելքումյանը ճշտելու համար հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք օրենքն ընդունել, բայց մեջը գրենք՝ ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից, փոխնախարարը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ չէ դրան, իրենք պատրաստ են միայն քննարկել այդ հարցը, բայց դեռ պարզ չէ՝ գումար կլինի՞, թե՞ ոչ, իսկ եթե օրենքն ընդունվի այդ ձեւակերպմամբ, դա կնշանակի հավելյալ մոտ 15 մլրդ դրամի բեռ՝ պետության ուսերին:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ ինքը տաս տարի առաջ ճիշտ եւ ճիշտ նմանօրինակ նախագիծ էր գրել, սակայն այն ժամանակվա սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, որը ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ է եւ ներկա էր նիստին, դեմ է եղել. «Չորս անգամ նման առաջարկ ենք ունեցել, բայց այն ժամանակվա նախարար Աղվան Վարդանյանը համոզեց ինձ, ձգեց, ձգեց հարցը, հիմա էլ, պարոն Մելքումյան, մենք ենք ձեզ համոզելու ու ձգենք, ձգենք հարցը: Բայց քանի որ գաղափարը ճիշտ գաղափար է, այդ հարցը մեր միջից դուրս չի գալու եւ անընդհատ բարձրացվելու է մինչեւ մի գեղեցիկ օր գտնենք այդ 15 մլրդը եւ օրենքը ընդունենք»:

Ի դեպ, Աղվան Վարդանյանը ներկայացրեց իր մոտեցումը, այն է՝ նպաստները պետք է տրվեն ըստ թիրախային խմբերի, կան մայրեր, որոնց ընտանիքներում ամսեկան 1-1,5 մլն դրամ եկամուտ է մտնում, եւ այդ 18 հազար դրամի կարիքը չունեն, փոխարենը նրանք, ովքեր կարիքն ունեն, պետք է անպայման ստանան:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը համաձայնվեց տարբերակման սկզբունքին՝ նկատելով, որ հարուստ ընտանիքները երբեք շատ երեխաներ չեն ունենում, նաեւ կարծիք հայտնեց, որ տարբերակումը բավականին լուրջ խնդիր է:

Նա առաջարկեց, որ ԲՀԿ-ն հետաձգի օրինագիծը, իսկ երբ գումար կլինի՝ ինքն էլ կմիանա եւ մի ռեալ լուծում կգտնեն: Միքայել Մելքումյանը չընդունեց առաջարկը, եւ ասելով, որ եթե կառավարությունը որեւէ այլ առաջարկ ներկայացներ, կամ գոնե համաձայն լիներ օրենքում հստակ թիվ նշել, թեկուզ ոչ 2015 թվականը, այլ անգամ 2016 թվականը, իրենք կհամաձայնվեին: Սակայն եթե կառավարությունն ասում է, որ անգամ 2016թ. համար պատրաստ չի հստակ ասել, որ օրենքը կաշխատի, ապա իրենք չեն հետաձգում օրենքի նախագծի քննարկումը եւ որպես հեղինակներ պնդում են, որ այն մտնի առաջիկա քառօրյա:

Հանձնաժողովն էլ որոշեց դրական եզրակացություն չտալ նախագծին: Այսպիսով, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ԲՀԿ խմբակցության օրինագիծը կմտնի քառօրյա՝ բացասական եզրակացությամբ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31