«Վաղը Մայդան չի լինելու և Աստված չանի, որ լինի: Մայդան ցանկացողներին հիասթափեցնեմ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է վաղը կրքերն այնքան թեժանան, որ Մայդանի հետ գործ ունենանք, հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:
Այնուհետև տեղեկացրեց. «Մարտի 22–ի 14.00-ի Ազատության հրապարակի հավաք-երթով ցույց ենք տալու հնարավորինս հասարակական լայն կոնսոլիդացիա, քանի որ նույն հարթակի վրա են հավաքվելու հանրության լայն շերտեր: Հարթակից խոսելու են Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Աշոտ Ադամյանը: Հավաքի ընթացքում ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական հոգի ելույթ են ունենալու»։
Անդրադառնալով ՍԴ-ի որոշման վերաբերյալ ակնկալիքներին, Դավիթ Մանուկյանն ասաց. «Եթե Սահմանադրական դատարանը «կուտակայինի» մասին օրենքը սահմանադրական ճանաչի, դա կնշանակի, որ մենք սպառեցինք ինստիտուցիոնալ հարթակով հարցը լուծելու ճանապարհը, մեզ մնալու է փողոցային պայքարի ճանապարհը։ Ինչ էլ անենք, անելու ենք օրենքի շրջանակներում։ Բոլորս մեր գումարները կկանխիկացնենք բանկերից»:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը շեշտեց. «Պայքարը շարունակվելու է, եթե ՍԴ-ն չբավարարի մեր պահանջները»:
Կարդացեք նաև
Դավիթ Մանուկյանը նշելով տարատեսակ քննարկումների մասնակցելու առաջարկի մասին՝ դրանք ժամանակավրեպ համարեց ու նշեց. «Եթե անգամ դա ամենափայլուն օրենքն է, բայց հանրությունը դեմ է, իրավունք չունեն օրենքը ընդունել: Սա ավտորիտար սկզբունքի պահվածք է, որը հակադրվում է ժողովրդավարական սկզբունքներին»:
Հարցին՝ ինչպես մամուլում է շրջանառվում, արդյոք Նիկոլ Փաշինյանի ներկայությունը չի՞ նշանակում, որ դա իշխանության «պրոյեկտն է», Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ժիրայր Սեֆիլյանը մարմնավորում է պայքարի մարտիկ, հայրենիքի համար կռված անձի կերպարը: Նա մեզ ևս աջակցել է այս շարժման հետ կապված: Նիկոլ Փաշինյանը լավ հռետոր է և օրենքի հետ կապված հաստատ հիմնավորված ասելիք կունենա մարդը: Եվ շարժման ընթացքում մեր հանդեպ աջակցային վարք է դրսևորվում: Ուստի չեմ կիսում այն կարծիքը, որ եթե մենք հարթակից ձայն ենք տալիս Ժիրայր Սեֆիլյանին կամ Նիկոլ Փաշինյանին, պայքարը քաղաքականացվում է: Մենք քաղաքականության մեջ ենք իսկ այս հարցը նաև քաղաքական հարց է: «Դեմ եմ»-ը իշխանության չի ուզում գալ, մենք ուզում ենք, որ իշխանությունը պատասխանատու լինի հասարակության առաջ»:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը կոռեկտ չհամարեց Մայդանի և իրենց շարժման միջև զուգահեռներ տանելն ու ասաց. «Մենք պայքարում ենք միայն օրենքի և իրավունքի սահմաններում: Մենք մեր պայքարի ճանապարհով ցույց ենք տվել, որ չենք գնում Մայդան, այլ փորձում ենք խաղաղ տեսքով լուծել այս հարցը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ