«Գերտերությունների ղեկավարներն արդեն դիվանագիտական լեզվից անցնում են պարզ լեզվի»,- այսօր «Նոյան տապան» մամուլի ակումբում խոսելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների մասին`կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: Նման գործելաոճը, բանախոսն ինչ-որ առումով նաեւ բնական է համարում, քանի որ ԽՍՀՄ փլուզումն այդպես անհետեւանք անցնել չէր կարող ու այս տարիների ընթացքում բոլորն էլ սրտի խորքում սպասում էին այս իրավիճակին: «ԽՍՀՄ փլուզմանը պետք է հետեւեր Ռուսական սոցիալիստական հանրապետության փլուզումը, որը չիրականացավ, քանի որ Ելցինը ճիշտ ժամանակին հեռացվեց քաղաքական արենայից: Եկավ Պուտինը, որը, ըստ էության, սկսեց Ռուսաստանի վերածնունդը: Ղրիմն այն փաստն է, որը ապացուցում է, որ ՌԴ-ն նախկին պետությունն է`իր ամբիցիաներով եւ հավակնություններով»,- ասաց Մովսես Շահվերդյանը:
Ինչո՞ւ են քաղաքագետները ՌԴ-ն դիտում, որպես երկրորդ բեւեռ, երբ դա կարող էր դառնալ եվրոպական քաղաքակրթություններից ցանկացածը, որը չի ցանկանում ԱՄՆ-ի սրնգի տակ պարել` հարցին, բանախոսն անդրադարձավ փոքրիկ պատմական ակնարկով`նկատելով, որ ներկայիս բեւեռները ձեւավորվել են Պյոտր առաջինի կայսրության շրջանից, երբ ի դեմս Ռուսաստանի, մյուս պետությունները տեսան իրական մրցակցի: Նա համոզված է, որ ինչպիսի համակարգ էլ ՌԴ-ն իր մոտ ներդնի, այն կշարունակի մնալ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցը, քանի որ գնում է պայքար հեգեմոնիայի համար, իսկ որեւէ այլ պետություն առ այսօր այնպիսի կտրուկ դիրքորոշումներ չի արտահայտել ԱՄՆ-ին, ինչպես ՌԴ-ն:
Սառը պատերազմի այս փաստացի իրավիճակում Մովսես Շահվերդյանը իրական վտանգներ է տեսնում արցախյան պատերազմի վերսկսման համար: «Մինչ այժմ Մինսկի համանախագահները չեն հաջողել հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել ու եթե հարաբերությունները սրվում են համանախագահ երկրների միջեւ, անհասկանալի է, թե ինչպե՞ս են նույն խմբում համատեղ աշխատելու, մանավանդ, որ Ֆրանսիան հրաժարվում է ռուսական ռազմական պատվերներն իրականացնել, Մերկելը հայտարարեց, որ մեծ ութնյակն այլեւս չկա: Ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ է անելու առաջիկայում Մինսկի խումբը եւ եթե այն արդեն անգործունակ է դառնում`ի՞նչն է կանգնեցնելու Ալիեւին»,- ասաց բանախոսը`հիշեցնելով, նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուի, վերջերս մի առիթով արած հայտարարությունը, որ քաղաքականության մեջ ճիշտ ժամանակին, ճիշտ ռիսկի դիմողը շահում է:
Բանախոսը նաեւ պատմական էքսկուրսներով զուգահեռներ տարավ անցյալ դարասկզբի իրադարձությունների հետ`հորդորելով ՀՀ իշխանությանը դասեր քաղել պատմությունից, նախկինի սխալները կրկնելով`հերթական կորուստների պատճառ չհանդիսանալ: Մովսես Շահվերդյանը գտնում է, որ Հայաստանում պետք է գան նոր ուժեր, որոնք ազատ են միջազգային ասպարեզում ներկայիս իշխանավորների ստանձնած պայմանավորվածություններից ու պարտավորություններից: Նա գտնում է, որ Հայաստանի փրկությունը իշխանության եւ ժողովրդի միասնության մեջ է ու այս իմաստով վկայակոչում է ՌԴ-ում առկա իրականությունը, երբ այս պայմաններում ՌԴ նախագահը ժողովրդի շրջանում բավական բարձր ռեյտինգ ունի:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է վերաբերվում խորհրդարանական հրաշալի քառյակի`կառավարությանն անվստահություն հայտնելու որոշմանը, որն, ըստ նախաձեռնողների, ամբողջական իշխանափոխության փուլային տարբերակն է, Մովսես Շահվերդյանն ասաց. «Ես վերապահումներ ունեմ այդ քայլերի արդյունավետության տեսանկյունից, ինչքանո՞վ է իրատեսական այդ քայլը: Ինչո՞ւ ապրիլի 28-ը եւ ոչ թե մարտի`այս արագ զարգացող իրադարձությունների մեջ … Պետության, ժողովրդի ճակատագիր է որոշվում, ոչ թե անհատ քաղաքական գործիչների»:
Նա գտնում է, որ պետք է նոր քաղաքական նախաձեռնություններ հանդես գան եւ ակտիվորեն սկսեն համագործակցել քաղաքացիական բավական ուժեղ շարժումների ու ազատամարտիկների հետ: Դիտարկմանը`ճիշտ չի՞ լինի հենց քառյակի շուրջ համախմբվելը, բանախոսն ասաց, որ խնդիր չի տեսնում եւ եթե առանցքը`ԲՀԿ-ի, քայլերը սահմանափակվի խորհրդարանական ուժերի կոնսոլիդացիայով: Այս պարագայում, ՀԱՍԿ-ն ակտիվորեն կմասնակցի այդ աշխատանքներին, այլապես, իրենք նախաձեռնություններով հանդես կգան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ