Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիվանդն ու իր ցավը

Մարտ 21,2014 14:50

Անզգայությունը դանդաղ, գրեթե աննկատելի սկսում էր տեղի տալ, եւ հիվանդն արդեն կարողանում էր զգալ ոտքերի մատները, հետո, ավելի ուշ, տաք, փրփրուն ծփանքով, սկսեց բարձրանալ սրունքներն ի վեր:

Հիվանդը, որ ուշադիր հետեւում էր, թե ինչպես էր մարմինը նորից վերագտնում զգայությունը, հիշեց Իրանի իլխան մոնղոլ Հուլավուի հայտնի հիվանդությունը, որի բուժումն այդպես էլ ոչ մի արաբ եւ առավել եւս չինացի բժիշկ չկարողացավ գտնել: Հիվանդը փորձում էր վերհիշել, թե որտեղ էր կարդացել այդ պատմությունը, իսկ կյանքը նրա ներսում, խոտերի միջով անձայն հոսող առվակի նման, շարունակ բարձրանում էր վերեւ՝ դեպի այնտեղ, ուր քնած էր ցավը, որ ուր որ է՝ արթնանալու էր, ցուցադրելու իրեն տառապանքի իր ամբողջ հմայքով:

Ահա, ահա, հիմա կհանդիպեն կյանքն ու ցավը՝ մտածում էր հիվանդը եւ անմիջապես էլ զգաց, թե ինչպես փշոտ աստղի նման ցավը ճառագայթեց ամբողջ մարմնով մեկ՝ մթագնելով միտքը: Հիվանդն անձայն տնքաց՝ չհասցնելով նույնիսկ ճանաչել իր ցավի ձայնը, որին սպասում էր:

– Ես եկա, դուրս հանեցի քեզ անզգայությունից, որպեսզի դու իմանաս, որ ապրում ես,- ասաց ցավը,- ես եկա, որ ճանաչես ինձ, քանի որ ես եմ քո բժիշկը: Տար իմ ներկայությունը լռությամբ ու հանդարտ, մենք հին բարեկամներ ենք, չնայած որ դու միշտ ինձնից խուսափել ես՝ առանց հասկանալու, որ քո ծննդյան օրվանից ես քեզ հետ եմ, ես քեզ հետ եմ ծնվել:

Հիվանդի ներսում փշոտ աստղի ճառագայթները մի տեսակ դանդաղ, աննկատելիորեն փափկում էին, գտնում իրենց տեղերը, եւ նրան թվում էր, որ մարմինն ամբողջությամբ սկսում է ներսից լուսավորվել:

– Ես գիտեմ, որ միշտ օտար կմնամ քեզ՝ որպես հին, չհասկացված հոգու արտացոլանք,- քնքուշ, գրեթե մայրական ձայնով շարունակում էր խոսել ցավը,- դու պետք է հաշտվես իմ գոյության հետ: Դու կարող ես օտարի պես նայել ինձ, ոչինչ, ես չեմ վիրավորվում, քանի որ ես քո համբերատար ու լուռ ուղեկիցն եմ ու շարունակելու եմ այդպիսին լինել: Եվ իմ ներկայությամբ պաշտպանելու եմ քեզ, ինչպես մայրն է բարուրում իր երեխային՝ պաշտպանելով աշխարհի ցրտից: Այնպես որ, դու պարտավոր ես ինձ ճանաչել ու ընդունել, քանի որ եթե ինձ չճանաչես, չես ճանաչի նաեւ քո ուրախությունը:

Ցավը շարունակում էր խոսել, իսկ հիվանդն արդեն ցավի անսովոր ապահովության թմբիրի մեջ ճոճվում էր քնի եւ արթնության սահմանին: Հետո հիվանդը քնեց, արթուն մնաց միայն ցավը, որ շարունակի հսկել հիվանդի անհանգիստ քունը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31