Տիկին Սուսաննան արյան պատվավոր դոնոր է, իր արյամբ շատ մարդկանց կյանքեր է փրկել, բայց արյունը հանձնել է ոչ միայն մարդասիրությունից դրդված, այլեւ երեխաների համար սնունդ գնելու, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ սովից չմեռնեն:
«Առավոտի» հետ զրույցում Սուսաննա Գրիգորյանը պատմեց, որ տարիներ ի վեր սոցիալական վատ պայմանների պատճառով երեխաները հոգեկան հիվանդություններ են ձեռք բերել: Ինքն էլ մի քանի անգամ գլխուղեղի կաթված (ինսուլտ) է ստացել եւ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Նրա ընտանիքի բոլոր դժբախտությունները սկսվել են այն ժամանակ, երբ ջրատար եւ կոյուղատար խողովակների պայթելու պատճառով տունը դարձել է ավերակ: Եվ մինչ օրս որեւէ գերատեսչություն իր վրա չի վերցրել պատասխանատվություն՝ անչափահաս երեխաներով ընտանիքին օգնելու, հարցը լուծելու:
Մեզ հետ զրույցում տիկին Սուսաննան պատմեց, որ դեկտեմբերի ցրտին երկու անչափահաս երեխաների հետ մնացել է դրսում: Դեպքը տեղի է ունեցել 1993 թվականին: Նա բնակվում է Հովսեփ Էմինի փողոցի 7 շենքում՝ առաջին հարկում: Բնակարանն ամբողջությամբ ողողվել է ջրով՝ շարքից հանելով բնակարանի ներքին եւ արտաքին հարդարանքը, հատակի մանրահատակը, սանհանգույցը, էլեկտրալարերը, անգամ սանհանգույցի՝ դեպի շքամուտք տանող պատը փլվել է, իսկ վնասված էլեկտրալարերից բնակարանում հրդեհ է բռնկվել՝ ընտանիքին պատճառելով ոչ միայն նյութական վնաս, այլեւ հոգեկան տառապանքներ:
«Ես ու 2 անչափահաս երեխաները՝ մեկը 3, մյուսը 8 տարեկան, փողոցներն ենք մնացել եւ այս անմարդկային պայմաններից ձեռք բերել տարբեր հիվանդություններ: Ունենալով բնակարան՝ ինչքա՞ն կարելի է սրա-նրա տանը ապրել. է՛լ գյուղում, է՛լ հարսիս տանը»,- պատմում է տիկին Սուսաննան:
Արաբկիր համայնքի թաղապետարանը 2005 թվականին ուսումնասիրելով Սուսաննա Գրիգորյանի բողոքը եւ հաստատելով կրած վնասները՝ խոստացել է բնակարանի վերանորոգման հարցը լուծել, սակայն ընտանիքին ոչ մի օգնություն էլ չի ցուցաբերել: Տիկին Սուսաննան թաղապետարանին է դիմել, քանի որ այդ տարիներին նրա բնակարանը դեռեւս սեփականաշնորհված չի եղել եւ եղել է համայնքային սեփականություն:
«Տան ամբողջ գույքը՝ հագուստներից սկսված, ոչ պիտանի էր դարձել: Գետնի ցեմենտը փակելու համար նկուղից փալաս փուլուս եմ բերել, վթարից ջարդված կահույքիս տախտակներն եմ գցել հատակին, որ գետինը ծածկեմ՝ ամբողջ մանրահատակը ջրից փչացել էր: Այդ ամենն էլ իբր քիչ էր, ձմռան ցրտին երեխաներիս հետ դրսերը հատակին էինք քնում եւ թոքաբորբով, կուրծքս խնդիրներով, ձեռքիս հետ սեւացած, բժիշկները հասցրել են հիվանդանոց»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Սուսաննան: Նրա խոսքերով՝ տեսնելով համայնքի պատասխանատուների անտարբեր վերաբերմունքը՝ դադարեցրել է բնակարանի վարձավճարների, աղբահանության վարձի մուծումը՝ կուտակելով մոտ 51 հազար դրամի պարտք:
Տիկին Սուսաննային դատի է տվել «Ջրմուղ կոյուղի» ընկերության «Արաբկիր» մասնաճյուղը՝ պատճառաբանելով, որ քաղաքացին չունի ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագիր: 2004 թվականին դատարանը բավարարել է ջրմուղի հայցը: Ըստ Ս. Գրիգորյանի. «Եթե ես չունեի խողովակներ, այդ ջրաչափը որտե՞ղ տեղադրեի: Խոհանոցում ջուր չունեմ, որտեղի՞ց լինի, երբ խողովակ չկա, անգամ էլեկտրալարերն եմ ես բերել, այն աստիճան էր վնասը, որ զուգարանակոնքն էլ էր ջարդվել, սա էլ որ ունեմ՝ դրսից ուրիշի դեն նետածն եմ բերել դրել: Այս պայմաններում, երբ խոնավությունը այն աստիճանի է, որ նման պայմաններում անթույլատրելի է ապրելը՝ մենք ապրում ենք: Բա այսքանից հետո էլ համատիրությունն ու «Երեւան ջուրը» դատի է տվել, բա սա պետությո՞ւն է, ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, մենք մեղքը չե՞նք»:
Բնակարանի սեփականաշնորհման հարցը 3-4 տարի առաջ լուծվել է, բայց կրած վնասի փոխհատուցումը այդպես էլ մնացել է օդից կախված:
Երեւանի Արաբկիր համայնքի ավագանու որոշմամբ 2005 թվականին, որպես փոխհատուցում տան վերանորոգման աշխատանքների համար, ընտանիքին մոտ 87 հազար դրամ են հատկացրել:
«Գոնե ասեն՝ օգնություն է, թե չէ ինչպե՞ս կարող է դա փոխհատուցել այն վնասը, որ կրել եմ, այդ գումարով հազիվ կարողացել եմ մի քանի տարրական հարց լուծել»,- վրդովվում է տիկին Սուսաննան:
Ընտանիքը, որը բոլոր կետերով համապատասխանում էր նպաստառուների կարգավիճակին, արդեն քանի տարի է՝ նպաստից էլ է զրկված: Սոցծառայությունը պատճառաբանել է, որ նրանց բնակարանի վրա այլ անձինք կան գրանցված: Բնակարանը տիկին Սուսաննան ձեռք է բերել փոխանակման միջոցով՝ 85 թվականին, որտեղ գրանցված են եղել նրա բարեկամները, որոնք կարճ ժամանակ անց բնակարանը լքել են: Տիկին Սուսաննան ստիպված է իր բնակարանի վրա գրանցված, բայց արդեն մահացած անձանց մահվան վկայականները հանել, որպեսզի սոցծառայությանն ապացուցի, որ նրանք մահացել են:
Այժմ տիկին Սուսաննան ապրում է հոգեկան խնդիրներ ունեցող տղայի հետ եւ օրվա հացը վաստակում է մի հիվանդ կնոջը խնամելով:
Որդու հոգեկան խնդիրները ավելի են սրվել բանակից հետո: Չնայած երկու որդիների առողջական խնդիրներին՝ տիկին Սուսաննան ասաց, որ նրանց բանակ են զորակոչել: Մեկին մեծ ջանքերի գնով ազատել է բանակից՝ ապացուցելով, որ տղան հոգեկան խնդիրներ ունի եւ ծառայության պիտանի չէ:
Սուսաննա Գրիգորյանը 1993 թվականից բողոքում է ՀՀ նախագահին, քաղաքապետարան, կառավարություն, սակայն ապարդյուն:
«Եթե ես, լինելով ՀՀ քաղաքացի, արհամարհված ու անտեսված եմ իմ պետության մեջ, ի՞նչ անեմ, ո՞ր պետության դուռը ծեծեմ, որ ինձ ընդունեն»:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ