Այսօր «Տեսակետ» ակումբում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը եւ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լեւոն Ազիզյանը խոսեցին Մարտի 23-ին նշվող օդերեւութաբանի օրվա մասին, ինչպես նաեւ անդրադարձան եղանակային փոփոխություններին:
Զարուհի Պետրոսյանն անդրադառնալով եղանակային կանխատեսումներին՝ ասաց, որ ցրտահարության վտանգը բացառել չի կարելի եւ որպես օրինակ նշեց ծիրանենիների վաղաժամ ծաղկելու փաստը: Նրա ձեւակերպմամբ`այդ ռիսկային ժամանակահատվածը կշարունակվի մինչեւ ապրիլ ամսվա կեսը: Զարուհի Պետրոսյանը հույս հայտնեց, որ եղանակը վատ անակնկալներ չի մատուցի:
Դիտարկմանը, թե այսօր քչերն են հավատում եղանակի տեսությանը, Զարուհի Պետրոսյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Վերջին 10-15 տարիների ընթացքում մեր կանխատեսումների որակը զգալի բարելավվել է: Սա հեշտ ոլորտ չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, թե կողքից նայելով՝ թվում է հեշտ գործ է արվում, եղանակ է կանխատեսվում, մինչդեռ բոլորի համար էլ նկատելի է, որ արդեն բավական ժամանակ 5-օրյա կտրվածքով գրեթե հարյուր տոկոս ճշգրտությամբ կանխատեսումներ են արվում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ