Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը շահագործել էր ինքնաշեն բեռնատար վերելակը, նշանակվել էր տուգանք՝ մեկ միլիոնի չափով

Մարտ 21,2014 14:15
verelak

Տեսուչներն ինչից են ենթադրել, որ Արին Բերդի 40 հասցեում առկա, առաջին հայացքից վերելակի տեսք ունեցող հարթակը վերելակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Դ. Ղասաբողլյանի, 1.000. 000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը գանձելու նպատակով վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանը 21.12.2012թ. արձակել է վճարման կարգադրություն: 14.01.2013թ.-ին «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նախկին տնօրենի կողմից ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում՝ խնդրելով անվավեր ճանաչել արտակարգ իրավիճակների նախարարության 22.12.2011թ. թիվ 003 վարչական ակտը: 18.01.2013-ին դատարանի որոշմամբ վճարման կարգադրությունից անցում է կատարվել հայցային վարույթի:

07.12.2011թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետական տեսուչների կողմից «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ում իրականացվել է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ ՍՊԸ տնօրեն Դ. Ղասաբողլյանը, իր կողմից շահագործվող վերելակը, որը ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ արտադրական վտանգավոր օբյեկտ է, շահագործել է՝ խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 2-րդ մասի, 19 հոդվածի 1-ին մասի ժդ կետի պահանջները, այսինքն՝ չի գրանցել պետական ռեստորում: Արդյունքում կազմվել է թիվ 002 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, իսկ 22.12.2011թ.-ին կայացվել է թիվ 003 տուգանք նշանակելու մասին որոշումը, որով Դ. Ղասաբողլյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 1. 000. 000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ, կազմվել էր թիվ 003 կարգադրագիրը, համաձայն որի՝ արգելվել է Երեւանի Արին Բերդի 40 հասցեում առկա ինքնաշեն բեռնատար վերելակի շահագործումը՝ մինչեւ 23.01.2012թ.:

Ներկայացրել եմ հակընդդեմ հայց, որով հիմնավորել եմ, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը եւ տուգանք նշանակելու մասին որոշումը կազմվել է օրենքի խախտմամբ, հետեւյալ պատճառաբանությամբ: Այսպես: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է՝ արտադրական վտանգավոր օբյեկտ է համարվում… վերելակները, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բացառությամբ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, կարուսելներ, ամբարձիչ կռունկներ, մեկ տոննա եւ ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներ եւ մեխանիզմներ:

Արձանագրություն կազմելու պահին, ինչպես նաեւ դրանից հետո վարչական վարույթի ընթացքում, տեսուչների կողմից վերելակի բեռնատարողության վերաբերյալ հարցեր չեն տրվել, թե տեսուչներն ինչից են ենթադրել, որ Արին Բերդ 40 հասցեում առկա, առաջին հայացքից վերելակի տեսք ունեցող հարթակը վերելակ է, անհայտ է, նկատի ունենալով, որ չկա մասնագիտական եզրակացություն, որոշվելու համար՝ արդյո՞ք վերելակը 250 կգ ու փոքր բեռնատարողության է, թե ավելի, կամ արդյո՞ք այն համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ` 250 կգ ու բարձր, թե ամբարձիչ հարթակ` մեկ տոննա ու ավելի, իսկ առանց համապատասխան եզրակացության, ենթադրաբար այն վերելակ դիտելը, որն իբրեւ արտադրական վտանգավոր օբյեկտ է, իրավաչափ չէ: Այն հանգամանքը, որ արտադրամասում առկա է եղել վերելակ, ինքնին բավական չէ՝ դա որպես արտադրական վտանգավոր օբյեկտ դիտելու համար:

Փաստորեն, տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը պայմանավորված է ոչ թե մասնագիտական եզրակացությամբ, այլ ենթադրությամբ, ուստի չի կարող առաջացնել իրավական հետեւանքներ, նկատի ունենալով, որ վարչական մարմնի վրա է դրված կազմված ակտի հիմքում ընկած հանգամանքներն ապացուցելը, մասնավորապես հիմնավորելը կազմված ակտի օրինաչափությունը, ինչը տվյալ պարագայում բացակայում է:

Դատական քննության ընթացքում մեր կողմից դատարանին է ներկայացվել 18.01.2013թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանի գրությունը, համաձայն որի` «Ի պատասխան Ձեր 2013թ. հունվարի 14-ի գրության՝ հայտնում ենք, որ ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակները արտադրական վտանգավոր օբյեկտ չեն համարվում, հետեւաբար, Ձեզ պատկանող 200 կգ բեռնատարողությամբ ինքնաշեն բեռնատար ամբարձիչ հարթակը ԱՎՕ չի եւ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեստորում գրանցման ենթակա չէ»:

Դատարանին է ներկայացվել նաեւ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ-ի փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Արին Բերդի 40 հասցեում առկա է էլեկտրական պլատֆորմային ամբարձիչ, նախատեսված պահեստային տարածքում բեռնաբարձման համար, ամբարձիչը չունի խցիկ եւ ուղղահայաց ուղղորդիչներ, ինչը պարտադիր է վերելակի համար:

Վերոգրյալի հիման վրա, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իմ վստահորդը «վերելակի» շահագործող չի կարող համարվել, նկատի ունենալով, որ Արին Բերդի 40 հասցեում գտնվող անշարժ գույքը, որտեղ տեղադրված է «վերելակը», իրեն չի պատկանում, այն դեռեւս 2010թ.-ից սեփականության իրավունքով պատկանել է Անի Հենրիկի Նազարյանին, ում հետ 2010թ. սեպտեմբերի 29 -ին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որի ժամկետը սահմանվել է մինչեւ 01.10.2013թ., իսկ վարձակալական հիմունքներով զբաղեցրած տարածքի մեջ վերելակը չի մտել, դատարանից խնդրել եմ՝ 1. Մերժել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումը:
2. Անվավեր ճանաչել վերջիններիս կողմից 07.12.2011թ.-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը եւ դրա հիման վրա 22.12.2011թ.-ին կազմված թիվ 003 տուգանք նշանակելու մասին որոշումը:

Դատարանը հետազոտելով գործում առկա ապացույցները, գնահատելով դրանք իրենց համակցության մեջ՝ 19.02.2014թ. վճռով արտակարգ իրավիճակների նախարարության հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել հետեւյալ հիմնավորմամբ՝ հայցվորը պատասխանողին պատասխանատվության ենթարկելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ վերջինը շահագործում է ինքնաշեն բեռնատար վերելակ: Տվյալ դեպքում նշված հիմքով պատասխանողին պատասխանատվության ենթարկելու համար հայցվորը նախ պետք է հերթականությամբ պարզեր եւ հաստատված համարեր հետեւյալ հանգամանքները՝ պատասխանողի կողմից շահագործվող օբյեկտը հանդիսանում է վերելակ, վերելակը տեղադրված է հանրային նշանակության կառույցում, վերելակը գերազանցում է 250 կգ բեռնատարողությունը: Միայն նշված հանգամանքների բացահայտման պարագայում հայցվորը կարող էր հաստատված համարել, որ պատասխանողը շահագործում է ինքնաշեն բեռնատար վերելակ, որը պարտավոր էր ներկայացնել փորձաքննության եւ գրանցեր ռեստորում: Դատարանը հետազոտելով վարչական վարույթի նյութերը՝ հաստատված է համարել, որ վարչական վարույթի նյութերում առկա չէ որեւէ ապացույց թվարկված փաստարկների վերաբերյալ, ուստի արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելու հանգամանքը հիմնավորված չէ, հետեւաբար սխալ է կիրառվել տեխնիկական անվտանգության ապահովման «Տետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Ա. ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31