Իռլանդուհի մեցցո սոպրանո Զանդրա Մքմաստերը
մեկնաբանում է Մալերի «Երգ երկրի մասին» կանտատի խորհրդավորությունը
Հայաստանյան մշակութային կյանքում ցանկացած պրեմիերա հասկանալի պատճառով «իրարանցում» է առաջացնում հանդիսատեսի, նաեւ մասնագետների շրջանում: Բացառություն չէ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոն, որտեղ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը առաջին անգամ մեներգիչներ Զանդրա Մքմաստերի (մեցցո սոպրանո) եւ Լիպարիտ Ավետիսյանի (տենոր) մասնակցությամբ կներկայացնի ավստրիացի մեծագույն սիմֆոնիստ Մալերի «Երգ երկրի մասին» սիմֆոնիա-կանտատը:
«Առավոտը» զրույցի հրավիրեց մեր ունկնդրին քաջածանոթ իռլանդուհի մեցցո սոպրանո Զանդրա Մքմաստերին, որը Մալերի «Երգ երկրի մասին» կանտատի կատարմամբ հանդես է եկել Իսպանիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում: «Վեց մասից բաղկացած այս ստեղծագործությունը յուրօրինակ ինքնակենսագրական է: Մալերը տարօրինակ կոմպոզիտոր էր, միեւնույն ժամանակ՝ ե՛ւ երջանիկ, ե՛ւ մելանխոլիկ, ե՛ւ տխուր: Ես պատիվ եմ ունեցել կատարելու նրա կնոջ՝ Ալմա Մալերի երկերը նույնպես: Լինելով ամուսնուց ավելի քան 20 տարի երիտասարդ, Ալմայի ստեղծագործական կյանքը սկսում է 51-ամյա ամուսնու մահվանից հետո: Համատեղ կյանքի ընթացքում Մալերը կնոջը խանդել է եւ առաջին հայացքից տարօրինակ թվացող այս փաստը առիթ է հանդիսացել, որ երիտասարդ կինը նույնիսկ ստեղծագործելու նպատակով չմոտենար ռոյալին: Ամուսնու մահից հետո Ալման ամուսնացել է երկրորդ, երրորդ անգամ եւ հագեցրել իր ստեղծագործելու ծարավը»,- ասաց երգչուհին: Ինչ վերաբերում է հիշյալ կանտատը ինքնակենսագրական որակելուն, Զանդրա Մքմաստերը նշեց, որ իսկապես այդպես է, մանրամասնելով. «Առաջին մասը արտահայտում է ստեղծագործության հիմնական կոնֆլիկտը եւ տեքստի յուրաքանչյուր բաժին ավարտվում է «մթին է կյանքը եւ մահը՝ մթին» թախծալի խոսքերով: Հաջորդող մասերում էլ կոմպոզիտորի սրտի ցավի արտահայտությունն է, հետո մի փոքր լուսավորություն, ապա հուսահատ մենախոսություն: Ֆինալին լսելի են նույնիսկ սգո քայլերգի դարձվածքները, սակայն լուսավոր՝ եզրափակիչ հատվածը հաստատում է մարդու կարճատեւ կյանքի եւ երկրի հավերժության գաղափարը: Լինելով նվագախմբի վիրտուոզ վարպետներից մեկը, Մալերը բազմակողմանի է օգտագործել սիմֆոնիկ մեծ խմբի հնարավորությունները, մեներգիչների երգաբաժիններն ու մենանվագ գործիքների նվագաբաժիններն էլ հավասարազոր են»:
Ռեպլիկին, թե որոշ տարօրինակություններ ունեցել է Մալերը, օրինակ՝ 9-րդ սիմֆոնիայից հետո սկսել է 10-րդը, բայց չի ավարտել կամ՝ ինչ է նշանակում այն աստիճան խանդել կնոջը, որ արգելել նույնիսկ ստեղծագործել… մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «Մալերը սնահավատորեն կարծել է, թե վերեւից տրված ինչ-որ «հրահանգ» է, որ 9-րդ սիմֆոնիայից հետո իր կոլեգաներից շատերը կյանքից հեռացել են՝ որ տարիքում էլ լինեին: Թեեւ նա 10-րդը սկսել է, որը հազվադեպ է կատարվում, սակայն ավարտին չի հասցրել: Այն ավարտել է Դենիս Մաթիուսը: Իսկ հոռետես կոմպոզիտորի «Երգ երկրի մասին» սիմֆոնիա-կանտատը ավարտվում է «Հրաժեշտով»: Մի խոսքով՝ Մալերը իսկական հանճար է, թեկուզ եւ իր տարօրինակություններով: Կամ՝ դրանք գուցե մեզ համա՞ր են տարօրինակություններ…»:
BBC-ի, Լիոնի, Բեռլինի, Նորվեգիայի, Իսրայելի, Զալցբուրգի, Սլովակիայի, Իսպանիայի եւ այլ նվագախմբերի, ինչպես նաեւ «Քովեն Գարդեն», Համբուրգի, Լոնդոնի եւ այլ հայտնի օպերային թատրոնների ցանկալի հյուր Զանդրա Մքմաստերն ասաց նաեւ, որ հաճույքով է ընդունում Հայաստանից արդեն 4-րդ հրավերը: Նրա խոսքերով՝ «Համակրելի եւ միանշանակ բարձրարվեստ դիրիժոր է Թոփչյանը: Ուշադրություն եմ դարձրել. նվագախմբի յուրաքանչյուր երաժիշտ կարծես մենակատար լինի, այդուհանդերձ, նրանք ստեղծագործության կատարման ընթացքում հանդես են գալիս իբրեւ մեկ երաժիշտ՝ պահպանելով անսամբլային երաժշտության հիմնական սկզբունքը: Ինչ վերաբերում է երիտասարդ երգիչ Լիպարիտ Ավետիսյանին, հիշեք՝ այդ տենորին փայփայեք, այս ձայնը դեռ կհնչի աշխարհի լավագույն բեմերից»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ