Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ պատմություն` մարդկային վեհ հոգիների մասին

Մարտ 21,2014 13:45

Եգոր պապս քառասուներեք տարեկան էր, երբ կինը՝ Սիրանուշը, այսինքն տատս, հրաժեշտ տվեց աշխարհին: Հեռացավ կյանքից` ամուսնու խնամքին թողնելով չորս անչափահաս երեխաներին, որոնցից ամենափոքրը` հայրս, ընդամենը երեք տարեկան էր: Անպարփակ վիշտը ծովացավ Եգորի կապույտ աչքերում: Խեղճացել էր այդ կենսախինդ, աշխույժ մարդը: Չնայած այստեղ էլ գործել էր ժողովրդական իմաստությունը. որբը ե՞րբ է ուրախացել, որ հիմա ուրախանար…

Եգորն էլ իր ծնողներին էր վաղուց կորցրել եւ երբ չափահաս էր դարձել, ամուսնացել էր Սիրանուշի հետ, որը լավ ընտանիքի աղջիկ էր՝ ծնողներով, եղբայրներով, հարազատներով: Եղբայրները հավանել էին Եգորին իր համեստության, աշխատասիրության, նաեւ` բացառիկ բնատուր խելքի համար եւ իրենց քրոջը սիրով կնության էին տվել նրան` միաժամանակ եղբայրական օժանդակություն ու հովանավորություն ցուցաբերելով նորաստեղծ ընտանիքի հանդեպ: Օգնել էին իրենց քրոջը տուն ու տեղ դառնալ: Սիրանուշը լավ կին էր եղել Եգորի համար. անող-դնող, եփող-թափող, կար ու կարկատան իմացող աղջիկ էր: Հետն էլ ամուսնուն տասնմեկ տարվա մեջ չորս զավակ էր պարգեւել՝ երկու աղջիկ, երկու տղա: Բայց հանկարծահաս հիվանդությունը հաղթել էր, եւ մի օր էլ Սիրանուշը հրաժեշտ էր տվել աշխարհին….

Ինչ խոսք, որ Եգորի վիշտը միայն իրենը չէր. աներորդիները` Վարդանն ու Արշոն, շատ էին մտահոգվում իրենց քրոջ զավակների, նաեւ` փեսայի ճակատագրով: Եվ երբ որոշ ժամանակ անցավ, ու վերքը սպիացավ, սկսեցին հորդորել Եգորին նորից ամուսնանալ.
-Քեզ չես խղճում, գոնե երեխաներիդ խղճա, Եգո՛ր,-մեծ եղբոր, հարազատի մտահոգվածությամբ ասել էր Վարդանը:

-Մեղք են, վիզները ծուռ մի՛ թող,- հավելել էր Արշոն:

Եգորը հուզվել էր աներորդիների մեծահոգությունից, պատանու նման շիկնել էր նրանց խոսքերից, ուսը թոթվել ու ասել.
-Տեսնենք. ինչպես Աստված կամենա…

Ու կամեցել էր….Կամեցել էր, որ Անահիտն ու Եգորը հանդիպեն: Անահիտը առանց սեթեւեթանքի, առանց նախապայմանների ու պահանջների համաձայնել էր Եգորի հետ կիսել նրա չորս զավակների հոգսը: Ծնունդով թիֆլիսեցի, ռուսական գիմնազիայի նախկին սանուհին ինչքան պիտի սիրեր ամուսնուն, որ անտրտունջ պահեր-խնամեր-փայփայեր անմայր մնացած երեխաներին, զբաղվեր նրանց դաստիարակությամբ: Երեքամյա Հրանտը, որ հարազատ մորը չէր էլ հիշում, Անահիտի մեջ էր տեսել իր իսկական մայրիկին` հոգածու, ջերմ, նվիրված: Աղջիկները, որ ավագն էին, ավելի դժվարությամբ էին համակերպվել խորթ մոր գոյությանը, բայց Անահիտը գիտեր երեխաների հոգին թափանցելու գաղտնիքը. սկսեց աղջիկներին ասեղնագործություն եւ շյուղագործություն սովորեցնել, զանազան աղջկական զբաղմունքներով գրավել նրանց սրտերը, նաեւ` սեր արթնացնել գրականության հանդեպ: Սիրանուշի եղբայրներն էլ Անահիտին ընդունեցին իրենց հարազատ քրոջ նման. երբեք չկտրվեց նրանց կապը փեսայի ընտանիքից, իսկ Անահիտն էլ փոխադարձաբար Վարդանին ու Արշոյին վերաբերվեց ինչպես հարազատ եղբայրների….

Անահիտը իր սեփական երեխաները չունեցավ. ինքը չուզեց, թե Աստված այդպես կամեցավ` դժվար է ասել, բայց մի բան պարզ է. երբեք չզգաց այդ պակասը, քանի որ ամուսինը միշտ մեծ երախտագիտությամբ վերաբերվեց կնոջը` իր երեխաներին պահելու եւ դաստիարակելու համար: Գոնե մենք` թոռներս, երկար տարիներ չէինք իմացել, որ նա մեր հոր հարազատ մայրը չէ, եւ երեք դիմանկարների` իրար կողք կողքի գտնվելը մեր մեջ ոչ մի տեսակի հարց չէր ծնել: Եգոր պապս ապրեց յոթանասունվեց տարի եւ մահացավ շատ խաղաղ ու հանգիստ, ինչպես ապրել էր: Այսօրվա պես հիշում եմ. 1973 թվականի հունիսի 6-ն էր: Պապս պարտեզի խոտը քաղել էր, եկել տուն, լվացվել ու թիկն էր տվել բարձին, որ մի փոքր նիրհի: Եվ մինչ մայրս սկսել էր հաց դնել սկեսրայրի համար, պապս արդեն մահացած էր եղել: Ավելի ճիշտ` քնել էր հանգիստ, խաղաղ քնով ու այլեւս չէր արթնացել…

Պապիս շիրմաքարին հայրս գրել է տվել Համո Սահյանի բանաստեղծության քառատողը, որն այնքան սազում է նրան.
Ոչ մի օրով բեռ չդարձա,
Կյանքի վրա չծանրացա,
Խաղաղ կյանքիս ուղին անցա`
Լացիս վրա ծիծաղելով…..
Իսկ ահա Անահիտ տատս…Նա երկարակյաց էր. ապրեց իննսունյոթ տարի եւ երբեք չհամակերպվեց իր տարիքի, ծերության հետ: Հիշում եմ, երբ արդեն իննսունն անց էր, հարեւանները, ծանոթ-բարեկամները հետաքրքրվում էին նրա տարիքով, միշտ խուսափողաբար պատասխանում էր` յոթանասունն անց եմ… Մայրս երբեմն ժպիտով ասում էր.
-Ամբողջ կյանքում առոք-փառոք ապրել է. Եգորը թագուհու նման է պահել նրան, ինչու չպիտի ապրեր որ….

Անահիտ տատս վախճանվեց 1984 թվականի դեկտեմբերի 26-ին` ընդամենը երկու-երեք օր պառկելով անկողնում, ոչ մեկին հոգս չպատճառելով…

ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՐՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Անահիտի կյանքն անչափ նման է հորաքրոջս պատմությանը, ոնց որ իր կյանքը նկարագրած լինի:

    • Արսեն, շնորհակալություն մեկնաբանության համար: Մենք ամեն օր հրաշքների ենք սպասում` չիմանալով, որ հրաշքները հենց մեր կողքին են. մեզ հարազատ մարդիկ են նրանք` իրական հրաշքները, մարդիկ, ովքեր սիրում են մեզ, և ում մենք ենք սիրում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31