Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները և մեր վաճառվող ձայները

Մարտ 21,2014 12:11

Անցած անգամ խոսեցինք այն մասին, որ Հայաստանի քաղաքական կյանքում նոր առաջնորդներ չեն առաջանում: Խոսքը, նախ և առաջ, ընդդիմադիր առաջնորդներին է վերաբերում: Քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից ոմանք ասում են, թե չպիտի թույլ տալ, որ նախկին նախագահներն իշխանության վերադառնան: Բայց նույնիսկ այդպես պնդողները որևէ նոր առաջնորդի չեն ընդունում ու չեն առաջարկում:

Փաստը մնում է փաստ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի անհաջող փորձից հետո վերստին, իբրև հաջորդ նախագահի թեկնածու, Լևոն Տեր-Պետրոսյանի անունն էլ է շոշափվում: Մաքսային միության համատեքստում` նաև Ռոբերտ Քոչարյանինը: Ոմանք էլ ենթադրում են, որ եթե Տիգրան Սարգսյանին հաջողվի մինչև Սերժ Սարգսյանի ժամկետի ավարտը պահել վարչապետի պաշտոնը, ինքն էլ կարող է դառնալ նախագահի հավանական թեկնածու: Ոմանք էլ ենթադրում են, որ դժվար թե Սերժ Սարգսյանին հաջողվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը պահել իշխանությունը: Ուրիշներն էլ ենթադրում են, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն կպահի իշխանությունը, այլև էականորեն կմեծացնի վարչապետի լիազորությունները և կդառնա վարչապետ:

Մաքսային միության համատեքստում ոմանք էլ ենթադրում են, որ ոչ թե Քոչարյանն ինքն անձամբ իշխանության կգա, այլ նախագահ կդարձնի «իր մարդուն», օրինակ` Կարեն Կարապետյանին: Ենթադրություններ կան նաև, որ, ինչու չէ, Գագիկ Ծառուկյանն էլ կարող է նախագահ դառնալ, մանավանդ որ` դրա հնարավորություններն ունի: Ոմանք էլ ենթադրում են, որ Ծառուկյանը ոչ թե ինքն անձամբ նախագահ կդառնա, այլ նախագահ կդարձնի «իր մարդուն»` ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին:

Ինչպես տեսնում եք, ենթադրությունները բազմաթիվ ու իրարից էապես տարբեր են և իրար նման են միայն նրանով, որ էդ ենթադրությունների մեջ որևէ նոր անուն չկա, և եթե իշխանական թեկնածուների դեպքում դա միանգամայն բնական ու տրամաբանական է, ընդդիմադիր թեկնածուների առումով ավելի քան զարմանալի ու տարօրինակ է:

Էս զանազան ու զարմանազան ենթադրությունների հեղինակները մասնագիտությամբ ու սոցիալապես իրարից միանգամայն տարբեր մարդիկ են` քաղաքագետ ու տաքսիստ, պաշտոնյա ու գործազուրկ և այլն: Ընդ որում` էս կարգի ենթադրությունները հնչում են տարվա բոլոր եղանակներին ու օրվա բոլոր ժամերին:

Փաստորեն, ես ինձ հակասում եմ: Միշտ ասել ու ասում եմ, որ Հայաստանում քաղաքականություն ու քաղաքական կյանք չկա, ինչպես նաև` քաղաքականությամբ լրջորեն զբաղվող, իսկ հիմա ասում եմ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում են բոլորը, ընդ որում` տարվա բոլոր եղանակներին ու օրվա բոլոր ժամերին:

Ինքս ինձ չհակասելու համար ավելացնեմ. քաղաքականությամբ բոլորն են զբաղվում, բայց որևէ մեկը քաղաքականությամբ լրջորեն չի զբաղվում, ավելի ստույգ` որևէ մեկը լուրջ քաղաքականությամբ չի զբաղվում:

Այսուհանդերձ, Հայաստանում բոլորն են քաղաքականությամբ զբաղվում: Որովհետև Հայաստանում ուրիշ զբաղմունք չկա: Ուտելուց ու խմելուց բացի:

Քաղաքականությամբ զբաղվում են, որպեսզի ուտելու ու խմելու հնարավորություն ունենան: Եվ ուտում ու խմում են, որպեսզի քաղաքականությունից խոսելու հնարավորություն ունենան: Էդ ամենն, իհարկե, ուղեկցվում է գեղեցիկ կանանցով, որոնց հետ նմանապես քաղաքականությունից են խոսում:

Ասածս չի նշանակում թե` Հայաստանում բոլորն են ուտում ու խմում: Բայցև` բոլորն են քաղաքականությունից խոսում, հիմնականում` սոված ու ծարավ` առանց գեղեցիկ կանանց ու առանց համեղ խորտիկների: Որովհետև Հայաստանում հատկապես աղքատներն ու անապահով խավերը քաղաքականությունից բացի այլ զբաղմունք ու խոսակցության այլ թեմա չունեն: Եվ չնայած Հայաստանում հատկապես անապահովներն ու չքավորներն են հույսերը քաղաքականության ու քաղաքական փոփոխությունների հետ կապում, այդուհանդերձ, Հայաստանում քաղաքական նոր դեմքեր չեն հայտնվում ու չեն առաջանում: Որովհետև օրուգիշեր քաղաքականությունից խոսող ժողովուրդն այլևս ոչ ոքի չի հավատում. հատկապես նորերին ու անծանոթներին չի հավատում: Եվ հիմնականում դա է պատճառը, որ նախապատվությունը տալիս է նախկիններին ու լավ մոռացված հներին:

Մենք ու մանավանդ մեր ընդդիմադիր գործիչները շատ ենք բողոքում ու դժգոհում, որ մեր ժողովուրդն ընտրությունների ժամանակ հինգ հազար դրամով վաճառում է իր ձայնը:

Նախ` ճշտենք. վաղուց որևէ մեկն իր ձայնը հինգ հազարով չի վաճառում, այլ` կրկնակի, եռակի և նույնիսկ քառակի թանկ: Եվ երկրորդ. մարդիկ իրենց ձայնը վաճառում են, որովհետև թեկնածուների մեջ իրենց ընտրյալին չեն տեսնում:

Եթե ժողովուրդը թեկնածուներից որևէ մեկին գոնե մի քիչ հավատա ու հավանի, հիսուն հազարով էլ իր ձայնը չի վաճառի: Չկասկածեք: Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքը ձեզ օրինակ: Եվ որ Րաֆֆիի հավաքած ձայները հօդս ցնդեցին, դրա մեղավորն ամենևին էլ ընտրողները չէին: Մեղավորներին ամեն տեղ փնտրեք, բայց ոչ` ընտրողների մեջ:

 

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31