Հունվարի համեմատ Հայաստանում արձանագրված տնտեսական գործընթացները փետրվարին որոշ չափով աշխուժացել են, սակայն շարունակում են ցածր մնալ։ Պահպանվում են նախորդ տարվա երկրորդ կեսից դրսեւորված բացասական միտումները, որոնց ավելացել են նոր ռիսկեր՝ կապված ինչպես Ռուսաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության հետ։
Անցած օրը վիճակագրական ծառայությունը հրապարակեց տարեսկզբի երկու ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Դրանց համաձայն, օպերատիվ տվյալներով, նախորդ տարվա նկատմամբ տնտեսական ակտիվությունը մի փոքր բարելավվել է. հունվար-փետրվարին եղել է 2,4 տոկոս։ Սա 0,6 տոկոսով բարձր է հունվարի համեմատ (հիշեցնենք, որ այդ ամսին ընդամենը 1,8 տոկոս էր)։
Չնայած որոշ բարելավմանը, այնուհանդերձ տնտեսական գործընթացները տարեսկզբին Հայաստանում շարունակում են դանդաղ զարգանալ։ Աճի միտումներն այս տարի անհամեմատ ցածր են։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ նախատեսվում է ապահովել ՀՆԱ 5,2 տոկոսանոց ավելացում։
Հայաստանի տնտեսական ակտիվության վրա մեծացել է միջազգային շուկաներից թելադրված ճնշումը։ Խոսքը վերաբերում է հումքային ապրանքների, մասնավորապես պղնձի գների անկմանը։ Դրանք գտնվում են վերջին երեք-չորս տարիների ամենացածր մակարդակում։
Կարդացեք նաև
Թերեւս սա է հիմնական պատճառներից մեկը, որ արդյունաբերության ոլորտում տարեսկզբին միտումները գերազանցապես բացասական են։ Երկու ամսվա տվյալներով արձանագրվել է ավելի քան 4 տոկոսանոց անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Եվ սա այն դեպքում, երբ վերջին երեք-չորս տարիներին արդյունաբերությունը, բարձր աճի շնորհիվ, դարձել էր Հայաստանի տնտեսության քաշող ուժը։ Ասենք, որ 2013թ. հունվար-փետրվարին տնտեսության այս ճյուղում արձանագրվեց 16 տոկոս աճ։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում