Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Ղարաբաղի հայերն են ցանկանում ապրել Հայաստանի կազմում, այնպես էլ Ղրիմի ռուսները՝ Ռուսաստանի. «Հայոց աշխարհ»

Մարտ 21,2014 11:35

Հայաստանի այս թվացյալ չեզոքությունը չէր կարող տեւական լինել, որովհետեւ այն հավասարապես «դիսոնանսի» մեջ էր մտել Ղրիմի հարցով հստակորեն երկու ճամբարի բաժանված տերությունների կարծիքների հետ։

Մի կողմից՝ ողջ Արեւմուտքը, չճանաչելով Ղրիմի հանրաքվեի արդյունքները, փաստորեն հարցականի տակ է դնում առանց իր «թույլտվության» սեփական ճակատագիրը որոշելու ցանկացած ժողովրդի իրավունքը՝ միջազգային իրավունքը նույնացնելով սեփական կամքի հետ։

Մյուս կողմից էլ Ռուսաստանը հենց արեւմտյան ժողովրդավարության չափանիշներով (Կոսովոյի նախադեպ) կազմակերպում եւ իրականացնում է Ղրիմի ժողովրդի ինքնորոշման գործընթացը՝ ակնկալելով ՀԱՊԿ-ի եւ Մաքսային միության գծով իր դաշնակիցների գոնե բանավոր աջակցությունը։

Ուրեմն սա ամենեւին էլ ժողովրդավարության ու ավտորիտար վարչակարգերի բանավեճ չէ, քանզի ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները ենթադրում են ազգերի ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունում։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը անցած օրերի ընթացքում չէր փորձում անգամ թաքցնել, որ ինքը վճռականորեն կանգնած է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության դիրքերում։ Հարց է առաջանում. կարո՞ղ էր Հայաստանը քողարկել այն իրողությունը, որ ինքը միշտ էլ հանդես է գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին, երբ մեր երկրի արտաքին քաղաքականությունը վերջին 20 տարիներին հենց այդ սկզբունքն է որդեգրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Այդ դեպքում նույն Ռուսաստանը կարող էր հարցը դնել ուղիղ կերպով, եթե Կոսովոն միջազգային համայնքի աջակցությամբ արդեն իրացրել է, իսկ Ղարաբաղը ցանկանում է իրացնել իր ինքնորոշման իրավունքը, ապա հիմք ունի՞ նրան հովանավորող Հայաստանը նույն սկզբունքի իրացումը մերժել Ղրիմի պարագայում, եթե չի տատանվել անգամ Հարավային Սուդանի ինքնորոշման փաստը ողջունելու ժամանակ։ Հասկանալի է, որ նման հարցադրումը ինքնին ենթադրում է ոչ միայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին, այլեւ դաշնակցային պարտավորություններին հավատարմության հորդոր։ Նույն կերպ Հայաստանի ղեկավարությունն էլ, մարտի 19-ին ընդունելով, որ Ղրիմի հանրաքվեն «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսեւորումն» է, այսուհետեւ հիմքեր ունի նույնպիսի մոտեցում ակնկալել Ռուսաստանի ղեկավարությունից ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ։

Ուստի տարօրինակ է, որ Հայաստանի ղեկավարության կողմից վերջին 20 տարիներին որդեգրված այս անխախտ սկզբունքի վերահաստատումը Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից ընդունվել է ափսոսանքով ու ցավով։

Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր արձագանքել Ղրիմի հանրաքվեին մի երկրի ղեկավարությունը, որն արդեն երկու տասնամյակ շարունակ պայքարում է ինքնորոշված Արցախի իրավունքների ճանաչման համար։

Իսկ բոլոր այն կեղծ պնդումները, թե իբր Ղրիմում, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, ռուսական զորքերի ներկայությունն է ապահովել հանրաքվեի արդյունքները, ոչ միայն սուտ են, այլեւ անբարոյական, քանզի ինչպես Ղարաբաղի հայերն են ցանկանում ապրել Հայաստանի կազմում, այնպես էլ Ղրիմի ռուսները՝ Ռուսաստանի։ Սա այնքան ակնհայտ է, որ նման քարոզչական կեղծիքներին լուրջ չեն վերաբերվի անգամ երեխաները։

Հայաստանը որեւէ «հայտնագործություն» չի արել՝ կրկնելով ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ իր հանրահայտ դիրքորոշումը, որը չի էլ կարող թաքցնել միջազգային հանրությունից, առավել եւս իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։

Պնդել, թե սրանով Հայաստանը կողմ է դառնում Արեւմուտք-Ռուսաստան «սառը պատերազմում», ավելի քան տարօրինակ է, քանի որ նախ՝ նման պատերազմ դեռեւս գոյություն չունի, եւ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը բարեկամական հարաբերություններ ունի արեւմտյան բազմաթիվ երկրների հետ եւ չի էլ պատրաստվում մտածել դրանք վերանայելու մասին։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31