ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին:
– ՀԱԿ–ում կարծում են, որ մեծամասնությունից «բեկորներ» կառանձնանան և կմիանան իրենց նախաձեռնությանը։
– Եթե հույս ունեն, որ ՀՀԿ-ից աջակցություն կստանան, սխալվում են։ ՀՀԿ-ում նման տրամադրվածություն չկա։ Նախ, ամենակարևորը այդ ուժերը պետք է իրենք իրենց մեջ ճշտեն՝ վերջնանպատակը ո՞րն է։ Եթե լոկ կառավարության անվստահության հարցն է, և ոչ թե իշխանափոխության կամ համակարգային, հիմնարար փոփոխությունների, սա հասկանալի կլինի։ Այսինքն, ուզում են վարչապետին փոխել այսինչ մարդով։ Այլապես որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ, ինձ համար անհասկանալի է, ենթադրենք, վարչապետը կամ նախարարները փոխվեցին, ի՞նչ է փոխվելու։ Ենթադրենք, նաև իրենց տեսլականով ՀՀԿ-ից էլ աջակցություն ստացան ու վարչապետին փոխեցին, դա ի՞նչ է տալու։ Պարզ է, չէ՞, որ վարչապետը կրկին ՀՀԿ-ից է լինելու։ Եթե լուրջ նպատակ ունեն, ոչ թե վարչապետին, այլ իշխանությանն անվստահություն պիտի հայտնեն։ Իսկ իշխանություններն էլ ընտրովի մարմիններ են՝ ՏԻՄ-ը, ԱԺ-ն և նախագահը։
– Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սա մեծ գործընթացի առաջին քայլն է, և հասարակական ճնշման արդյունքում հասնելու են վերջնական իշխանափոխության։
Կարդացեք նաև
– Որտե՞ղ է գրված դա, ո՞ւր է այդ մասին չորս ուժերի հայտարարությունը, որ իրենք իշխանափոխություն են ուզում։ Մինչ այդ նախ պիտի հստակեցնեն՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ այլընտրանք։ ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ինքն ընդդիմություն է։ Բոլորին էլ ակնհայտ է, որ այդ ուժերի առանցքը ԲՀԿ-ն է, բայց Գագիկ Ծառուկյանը չի շտապում ընդդիմադիր լինել և իշխանափոխության մասին հայտարարել։ Նախ իրենց վերջնանպատակը պիտի ճշտեն, նոր առաջին քայլն անեն։ Եթե քայլն անում են նոր ճշտեն, դրանում դրական բան չեմ տեսնում։ Քաղաքականության մեջ վերջնանպատակը պետք է հստակ լինի, այլապես առաջին քայլը կարող է սխալ լինել։
– Ձեր կարծիքով, իրենց վերջնանպատակն աղո՞տ է։
– Ես չեմ տեսնում դա, քանի որ հայտարարված չէ։ Գուցե իրար մեջ նպատակ ունեն, բայց հանրության համար դա անհայտ է, քաղաքական համատեղ հայտարարություն, որպես այդպիսին, քառյակը չի արել։
– Կարծում եք, սա վարչապետի աթոռի համար կռի՞վ է։
– Չեմ կարծում, որ այդ չորս ուժերում և իրենց շրջապատում բոլորը նույն կերպ են մտածում։ Գուցե մեկ-երկուսի նպատակը դա է, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք կասկածում են, թե վարչապետի փոփոխությամբ այս երկրում ինչ-որ բան կփոխվի։ Այդուհանդերձ, նրանց նպատակը մութ է։ Եթե կարողանան վարչապետին անվստահություն հայտնել, կկարողանան նաև իշխանություններին անվստահություն հայտնել։ Ես խիստ կասկածում եմ, որ իրենք կկարողանան կառավարությանն անվստահություն հայտնել։ Ուրիշ բան, որ փորձեն ճնշում գործադրել մեծամասնության վրա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում