ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը չի կարծում, որ Ռուսաստանի կոնֆլիկտն արեւմտյան գերտերությունների հետ կանդրադառնա նաեւ Մինսկի խմբի ֆորմատի եւ ԼՂՀ կարգավորման գործընթացի վրա: Պատասխանելով «Հրապարակի» հարցին, նա իր կարծիքը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Նախ, մերոնք հանդես են գալիս այս ֆորմատի օգտին, եւ նույնն են անում ադրբեջանցիները: Երկրորդն էլ՝ ուրիշ տարբերակ չկա այստեղ: Ինչի՞ համար պետք է Ղրիմի հարցը փոխի իրավիճակը: Եթե խոսքը վերաբերում է իդենտիկ երեւույթին՝ հարցը լուծել ինքնորոշման միջազգային իրավունքի հիման վրա, ապա Ղարաբաղը 20 տարի առաջ է արել այդ նույնը, բայց դա չի անցել: Սա էլ վկայում է դիվանագիտության եւ քաղաքականության կրկնակի ստանդարտի կիրառման մասին: Նույն ռուսները 22 տարի ոչ մի ծպտուն չհանեցին ազգային ինքնորոշման սկզբունքի մասին, եւ մեկ էլ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կանգնեց ասեց, թե դուք հասկանո՞ւմ եք, չէ՞, որ խոսքն ինքնորոշման մասին է: Իսկ Ղարաբաղի հարցն ինքնորոշում չէ՞ր: Եզրակացությունը մեկն է՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում