Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏԻ» ԿԱՅՔՈՒՄ

Մարտ 21,2014 10:26

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քառասունհինգերորդ

«ԱՌԱՎՈՏԻ» ԿԱՅՔՈՒՄ

Եվ Արիկն ասաց՝ «էկեք խմենք», եւ Ջավախյանն ասաց՝ «Բարդուղի առաջարկած կենացը չխմեցինք», եւ Արիկը հարցրեց՝ «Բարդուղն ի՞նչ կենաց առաջարկեց», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ինքը մեզ էրկու տարվա կյանք մաղթեց», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «մինիմում էրկու տարվա կյանք», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էնքան պիտի ապրենք, որ Սեմերջյանի մասին Արմոյի գրածն «Առավոտի» մեջ կարդանք», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «դրանից հետո պիտի մեռնե՞նք», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «դրանից հետո արդեն կարանք հանգիստ խղճով մեռնենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ես էնքան եմ ապրելու, որ Բարդուղի մասին Արմոյի գրածն էլ «Առավոտի» մեջ կարդամ», եւ Արիկը թարս նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «կարող ա՞ մյուսներս էդքան չպիտի ապրենք», եւ ես ժպտալով ասացի՝ «ինչքան էլ ապրեք, էդ հատվածներն «Առավոտում» չեք կարա կարդաք», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չենք կարա», եւ ես ասացի՝ «որովհետեւ գարնանից սկսած՝ էս վեպս մենակ «Առավոտի» սայթում ա դրվելու», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ «Առավոտի» սայթ», եւ Ջավախյանն Արիկին հարցրեց՝ «ադա, չգիտե՞ս սայթն ինչ ա», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ թե սայթ, այլ՝ կայք» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «բայց Արմենի վեպն ի՞նչ կապ ունի», եւ ես ժպտալով ասացի՝ «ոնց որ Ջավախյանի էսսեն եք կայքի մեջ կարդում, սրանից հետո իմ վեպն էլ եք ըտենց կարդալու», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «իմ մասին հատվածներն էլ թերթով չի տպվելո՞ւ», եւ ես Ջավախյանին ասացի՝ «քո հատվածները թերթով կտպվեն, հետո՝ մյուս հատորից սկսած՝ մենակ սայթի մեջ կդնեն», եւ Արիկն ինձ հարցրեց՝ «հիմի տասներեքերորդ հատորն ա, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Հայկունին ասաց՝ «տասներեքը լավ թիվ չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ տասներեքի վրա տոռմուզ տվիր», եւ Ջավախյանը Հայկունուն ասաց՝ «սայթով էլ են ահագին կարդում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «թերթով կարդացողները դժվար թե սայթով կարդան», եւ Ջավախյանն ասաց՝ «իմ գրածնին սայթով լավ էլ կարդում են», եւ Անանիան փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «էսսենե՞րդ», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու ոչինչ չասաց, եւ Հայկունին ժպտալով ինձ ասաց՝ «որ Սեմերջյանի մասին գրես, ստիպված սայթով էլ կկարդանք», եւ Ջավախյանն ասաց՝ «կարեւորն էն ա, որ ինձ վերաբերող հատվածները թերթով են տպվելու», եւ Բարդուղն ինձ հարցրեց՝ «Ջավախյանի մասին ի՞նչ ես գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «իրա Նոբելյան մրցանակի մասին եմ գրել»», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Նոբելյան մրցանակ», եւ ես ժպտալով ասացի՝ «իրա ապագա Նոբելյան մրցանակի», եւ Անանիան քմծիծաղով ասաց՝ «իրա Նոբելյան մրցանակի մասին մի հատ լավ խոսք կա», եւ ես Անանիային հարցրի՝ «ի՞նչ լավ խոսք», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «ասում ա՝ չկերանք մսից, խելըռանք թըսից», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ Անանիան փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ժողովուրդը» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «հայ ժողովուրդը», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քմծիծաղով ասաց՝ «հայ ժողովուրդը դժվար թե ըտենց անշնորհք արտահայտություն արած ըլնի», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «արել ա», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով ասաց՝ «հավատացյալ մարդ ես, բայց անշնորհք արտահայտություններ ես անում», եւ Հայկունին փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «ասում ես՝ հայ ժողովուրդը ոնց ա ասե՞լ», եւ Արիկը Անանիայի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «չկերանք մսից, խելըռանք թըսից», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «հայ ժողովուրդը շատ զիլ ա ասել», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «ոնց որ հատուկ Ջավախյանի Նոբելյան մրցանակի մասին ասած ըլնի», եւ Բարդուղը ժպտալով ինձ հարցրեց՝ «ասում ես՝ Ջավախյանի Նոբելյան մրցանակի մասին ինչ ես գրե՞լ», եւ Անանիան նեղսրտելով ասաց՝ «Ջավախյանի Նոբելյան մրցանակի մասին ընենց եք խոսում, որ մեկը լսի, կմտածի՝ Ջավախյանն էդ մրցանակն արդեն ստացել ա», եւ Ջավախյանը տհաճությամբ նայեց Անանիային ու ասաց՝ «չեմ հասկանում, թե քու սիրտն ինչի ա իմ Նոբելյանի թեմայից էդքան նեղվում», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դու լավ էլ գիտես, որ իրականում ըտենց թեմա գոյություն չունի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «որ ըտենց թեմա գոյություն չունի, էս մարդիկ ինչի՞ են էդ թեմայով խոսում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարապությունից են խոսում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «պարապությունից թող մեկ-մեկ էլ քո Նոբելյանից խոսան», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «դու էդ թեմայից ոգեւորվում ես, դրա համար էլ խոսում են» եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «որ քո Նոբելյանից խոսան, հաստատ ինձնից ավելի շատ կոգեւորվես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մենակ ռեալ ու իրական բաներից եմ ոգեւորվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «որ իրական չի, էս մարդիկ ինչի՞ են մի գլուխ էդ թեման շոշափում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով Ջավախյանին հարցրեց՝ «հեչ մտքովդ չի անցնո՞ւմ, որ կարող ա ձեռ են առնում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ են ձեռ առնում», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «քեզ», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով ասաց՝ «շատ կերազեիր, որ քեզ էլ էդ թեմայով մի քիչ ձեռ առնեին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արմոյի վեպի հալալ կեսն իմ Նոբելյանի մասին ա», եւ Բարդուղը զարմացած ինձ հարցրեց՝ «իրա Նոբելյանի մասին էդքան ի՞նչ ես գրել», եւ Հայկունին իմ փոխարեն Բարդուղին ասաց՝ «Լիպոյի ու Ջավախյանի խոսակցություններն ա գրել», եւ Բարդուղը հարցրեց՝ «ո՞ր Լիպոյի», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ամենագետ Լիպարիտի», եւ Բարդուղը հարցրեց՝ «էն բժշկական ուսումնարանի Լիպո՞ն», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Բարդուղը Ջավախյանին հարցրեց՝ «Լիպոն ինչո՞վ ա ամենագետ», եւ Ջավախյանն ասաց՝ «համարյա քայլող հանրագիտարան ա», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «ամբողջ օրը քայլում ա»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31