Նախագահական նստավայրի դիմաց անչափահաս երեխաների ու կնոջ հետ արդեն մի քանի օր նստացույց անող Աշոտ Խուդոյանի քույրը արձագանքել է իր ու մոր հասցեին ուղղված եղբոր մեղադրանքներին:
Արդեն մի քանի տարի նախագահական նստավայրի դիմաց եղբոր հայտնվելը տիկին Խուդոյանին չի զարմացնում. «Էդ երեխաներն են մեղք, որ Աշոտը դարձրել է գործիք շոու սարքելու համար: Նստացույցից բացի պարբերաբար բերանն է կարում, ինչին վարժվել է գաղութներում անցկացրած տարիների ժամանակ: Երեք անգամ ազատազրկման է դատապարտվել: Նա խուլիգան է»:
Հետո անդրադառնալով կռվախնձոր դարձած տանը՝ Աշոտ Խուդոյանի քույրը պատմեց. «Պապիկս իր տան մի մասը, որպես նվիրատվություն ձեւակերպել է իմ եւ մորս անունով, մյուս մասը կտակել է երեք երեխաներին, որի համար կան համապատասխան փաստաթղթեր: Նվիրատվության մասին փաստաթուղթը կազմվել է ձեռագիր, հաստատված է պետական նոտարի կողմից, գրանցված է գրանցամատյանում: 1400 քմ հսկայական տարածքից, ըստ կտակի, ունենալով իր փայաբաժինը՝ ամեն կերպ ձգտում է տիրանալ ամբողջ տարածքին: Ի՞նչի համար նա նույնիսկ կրակել է եղբայրների ոտքերի տակ»:
Ըստ տիկին Խուդոյանի, մինչեւ հիմա Աշոտ Խուդոյանը անարգել բնակվում է իրենց հորական տանը՝ տիրապետելով ամբողջ տարածքին. «Այդ ընթացքում մեր կողմից որեւէ խոսակցություն չի եղել, չենք էլ փորձել նրա առջեւ որեւէ արգելք դնել: Եթե նա շենացներ մեր հորական տունը , ես երբեք էլ դեմ չէի լինի, որ ամբողջ տարածքը մնար իր ընտանիքին, բայց ամբողջ պատմությունը սկսեց նրանից, որ որոշեցին վաճառել հորական տունը»:
Կարդացեք նաև
Վիճահարույց տան գործը հասել է Արմավիրի դատարան: Տիկին Խուդոյանը վերջում նաեւ հավելեց, որ մորն անընդհատ մեղադրող Աշոտ Խուդոյանը մինչեւ հիմա ապրում է ԱՄՆ-ում բնակվող մոր ուղարկած ֆինանսական միջոցներով:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը նստացույց է սկսել նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով բացահայտել անօրինական ճանապարհով իրեն հասանելիք տունը վերցրած քրոջ ու մոր կեղծիքները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ