Արդեն երեք տարի է` Հայաստանը նշում է ջրի համաշխարհային օրը: 1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ մարտի 22-ը հռչակվել է ջրի համաշխարհային օր` հանրության ուշադրությունը հրավիրելու քաղցրահամ ջրի սահմանափակության եւ կարեւորության վրա: Յուրաքանչյուր տարի ջրի համաշխարհային օրը նշում են տարբեր խորագրերի ներքո, այս տարի այն հանդես է գալիս «Ջուր եւ էներգիա» խորագրով:
Այսօր Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում տեղի ունեցավ «Լինե′նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում «Ջուր և Էներգիա» թեմայով գիտամշակութային կոնֆերանս:
Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի նախագահ Արեւիկ Հովսեփյանը կարծում է, որ «առանց ջրի էներգիա չկա, առանց էներգիայի ջուր չկա». «Մենք առանց էներգիայի ոչ մի աղբյուրից ջուր չենք կարող հասցնել մեր սպառողներին, առանց ջրի ոչ մի էներգետիկ ռեսուրս չենք կարող օգտագործել էներգիա ստանալու համար: Բոլորս ջրի մասին գիտենք, որ առանց ջուր կյանք չկա, առանց ջուր ոչինչ չկա, սակայն դա երեւի նստած է մեր ենթագիտակցական մակարդակում ու շատ քիչ է, որ գիտակցական մակարդակը հավասարվում է ենթագիտակցական մակարդակին: Այսինքն` ունենալով գաղափար, որ ջուրը շատ կարեւոր է, մենք խնայողաբար չենք օգտագործում մեր այդ ռեսուրսը: Բացի այդ, Հայաստանը, չունենալով էներգետիկ ռեսուրսների ներքին պաշարներ, միակ ռեսուրսը ջրի էներգիան օգտագործելն է, այսինքն` հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Որը վերջին տարիներին բավականին մեծ թափ է ստացել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում»:
Համաձայն համաշխարհային ջրի զարգացման զեկույցի (որը տպագրվել եւ տարածվել է 2014թ. Տոկիոյում Ջրի համաշխարհային օրվա առթիվ) հիդրոէներգիան հոսանքի ստացման լայն տարածված վերականգնվող աղբյուր է, եւ մինչեւ 2035թ.-ը նրա չափաբաժինը ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ նախատեսվում է հասցնել 16 տոկոսի:
Կարդացեք նաև
2010թ. վերջում ըստ «Հայաստանում Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների (ՎԷՌ) սակագների» վերլուծության տվյալների ՎԷՌ-ի համարյա 100%-ը բաղկացած է եղել հիդրո էներգիայից:
«Լինե′նք հոգատար Հայաստան» նախագիծը նախաձեռնել է «SPRING» PR ընկերությունը, որը Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել են մի շարք միջոցառումներ: Դրանցից է «Ջրային պատմություններ» թեմայով լուսանկարների մրցույթը:
Կոնֆերանսի սկզբում կայացած ֆոտոցուցահանդեսի վերաբերյալ Արեւիկ Հովսեփյանը նշում է, որ «բավականին շատ» լուսանկարներից իրենք արդեն նախնական ընտրություն են կատարել. «Շատ սիրուն նկարներ կային ջուրը` բնության մեջ նկարագրած, բայց մեր նպատակն էր լինի ավելի թեմատիկ, այսինքն` որեւէ խնդիր բացահայտող լուսանկարներ լինեին»:
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ