Լրահոս
Օրվա լրահոսը

1in.am. «Ալիկ Սարգսյանը Մհերյանի սպանության գիշերը բարձրաստիճան ոստիկան է ուղարկել օրենքով գողի մոտ». Պետրոս Մհերյան

Մարտ 20,2014 21:01

«Դու ժամանակին բավական լուրջ լծակներ ունեիր, դե, բացահայտեիր գործը: Հիմա՞ ես խոսում բացահայտումից, երբ գործը կոծկել ես»,- այսպես արձագանքեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքերին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով Գևորգ Մհերյանի սպանության բացահայտմանը և իր հասցեին Պետրոս Մհերյանի հնչեցրած մեղադրանքներին, ասել էր, թե ինքը հիմա գործը բացահայտելու լծակներ չունի, եթե ունենար, ապա մեծ ցանկությամբ կբացահայտեր, որպեսզի նրանք հանդարտվեին: Պետրոս Մհերյանին զայրացրել են նախկին ոստիկանապետի այս դիտարկումները:

Վերջինիս խոսքով՝ այն ժամանակ, երբ Սարգսյանը ուներ այդ լծակները, դրանք ծառայեցնում էր գործը հաջողությամբ կոծկելու համար: Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ Գևորգի սպանության գործը ընդամենը 4 օր անց վերցվեց քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի վարույթից և հանձնվեց 6-րդ վարչությանը:

«Իրենք ի սկզբանե իմացել են և մշակել սցենարը, թե որ ուղղությամբ տանեն գործը: Դրա համար իրենք գործը 4 օր հետո խլեցին Թամամյանից և տվեցին 6-րդ վարչությանը: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ չթողեցին, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունն աշխատի գործի վրա: Արդյոք Հովիկ Թամամյանը չէ՞ր գնում այն ուղղությամբ, որ գործը բացահայտվեր: Այդտեղ միանշանակ միտում կար: Ես վստահ եմ՝ եթե գործը մնար Թամամյանի վարույթում, ապա միանշանակ կբացահայտվեր: Նրանք զգում էին այդ վտանգը, դրա համար էլ խլեցին նրանից գործը և սկսեցին կոծկելու գործընթացը»,- նկատեց Մհերյանը:

Նա հավելեց, որ դեպքից հետո ինքը Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հանդիպում է ունեցել, հարցրել, թե ինչու Թամամյանը չի զբաղվում գործով, իրեն պատասխանել են, որ գործը պարզապես խլել են իրենցից, իրենք չէին կարող համառել և մտնել Ալիկ Սարգսյանի ու վերջինիս հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող մեկ այլ՝ արդեն նախկին պաշտոնյայի հարաբերությունների դաշտ: Իսկ այդ գործը հենց այդ դաշտում էր:

Պետրոս Մհերյանն այս գործով մեկ այլ ուշագրավ բացահայտում ևս արեց: Նրա խոսքով՝ ինքը շատ հիմնավոր տեղեկություններ, փաստեր ունի, որ դեպքից անմիջապես հետո Ալիկ Սարգսյանը նույն բարձրաստիճան պաշտոնյային, որի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, դեռևս չպարզված հանձնարարությամբ ուղարկել է մի օրենքով գողի մոտ, որը ներկայում ողջ չէ:

 

Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31