Այսօր՝ մարտի 20-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հասմիկ Ափինյանի հայցը:
Հիշեցնենք՝ Aravot.am-ը անդրադարձել էր այս գործին՝ ««Ռոմեո» խաղալով՝ կնոջից 24 հազար դոլար է ստացել» նյութով: Հասմիկ Ափինյանի քաղաքացիական ամուսինը՝ Սամվել Արմենակյանը, համոզել է իրեն գրավ դնել իր բնակարանը եւ որոշ ժամանակ հետո հրաժարվել է կատարել վճարումները: Հասմիկ Ափինյանը դիմել է ոստիկանություն՝ խարդախության մեջ մեղադրելով Սամվել Արմենակյանին, սակայն ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառով: Ոստիկանության այդ որոշումն էլ Հասմիկ Ափինյանը բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Սակայն Հասմիկ Ափինյանը դատարանի որոշումը անարդարացի է համարում. «Բացահայտորեն անարդարացի որոշում է, որովհետեւ Արաբկիրում ոչ մի նորմալ քննություն չի գնացել, անգամ չի պատճառաբանվել, թե ինչո՞ւ են մերժում գործը: Ասում են՝ չենք գտել ամուսնուդ, կարիք կար հարցաքննելու, չենք գտել եւ խարդախության մեջ ոչ մի տարր չենք տեսնում մենք»:
Տիկին Ափինյանը նշեց, որ իր նախկին ամուսինը ունի լավ կապեր, եւ հենց այդ կապերն են իրենց ծանոթության պատճառն հանդիսացել: Նա նաեւ չի բացառում, որ հենց այդ կապերի պատճառով է, որ իր հայցը մերժվել է: Ինքը՝ Հասմիկ Ափինյանը, նշեց, որ Սամվել Արմենակյանի ընկերներից միայն ոմն Վահագնին է ճանաչում, ում նախկին ամուսինը բանկից վերցված 24.000 ԱՄՆ դոլարից տվել է 11.000 դոլարը, սակայն տեղյակ է, որ Սամվել Արմենակյանի ընկերների շարքում են գտնվում, որոշ պատգամավորներ եւ ՕԵԿ խմբակցության անդամներ:
Կարդացեք նաև
Չնայած՝ այժմ Սամվել Արմենակյանը հետախուզության մեջ է, բայց Հասմիկ Ափինյանը համոզված է, որ նրան չեն ցանկանում գտնել.
«Իրենք շատ հանգիստ կարող են գտնել նրան: Ամբողջ իր ընկերական շրջապատով հարձակվել է թուրքի նման ուզում է ոչնչացնել եւ տառացի ինձ ասաց՝ «Ոչնչացնելու եմ քո ընտանիքը. Ես անձեռնամխելի եմ, ինձ ոչ մեկ չի կարա ոչինչ անի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ