Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ MP3. «Բեմում հիստերիկ կերպար պիտի լինեմ»

Մարտ 20,2014 19:01

«Շատերը Կոպենհագենում պատվիրակությունների ղեկավարների ժողովի ժամանակ ինձ բարևելուց հետո հարցնում էին՝ «Ի՞նչ ենք մտածում», որովհետև մեծ շանսեր ունենք հաղթելու, «Արդյո՞ք երգը շվեդներն են գրել»: Ասում եմ ՝ ոչ, մեր տղաներն են գրել: Չգիտես՝ ինչու՞: Որովհետև այսօր երաժշտական ինդուստրիան շվեդների ձեռքերում է: Կարծեցին, որ նման հիանալի աշխատանք միայն նրանք կարող էին անել: Բայց մենք էլ ավելի հպարտացանք, որ այդ ամենի հեղինակները մեր հայրենակիցներն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Իսկ հանդիպման թեման էր Արամ MP3-ին և նրա «Not alone» եվրատեսիլյան երգը:

SAM_1895

Գոհար Գասպարյանն արձանագրեց, որ Արամ MP3-ի երգը վարկանշային աղյուսակներում առաջատարն է: Այնուհետև հավելեց, որ երգը «թեժ պայքարի մեջ է» Նորվեգիայի, Շվեդիայի, Հունգարիայի երգերի հետ: Արամն էլ իր հերթին նշեց, որ Հունգարիայի երգն է հավանում, իսկ ինչ վերաբերում է Ավստրիայի երգին, նա կարծում է, որ այն առաջատար դիրք չի գրավի:

Արամ MP3-ն խոսեց պրոմո շրջագայությունների մասին: Նա նշեց, որ դրանք սկսվելու են մարտի 27-ին: Սկզբում լինելու են Ռուսաստանի քաղաքներում, այնուհետև գնալու են Եվրոպա: Եվրատեսիլի շրջանակներում ապրիլի 5-ին՝ Արամի ծննդյան օրը, լինելու են Ամստերդամում, որտեղ Եվրատեսիլին ընդառաջ կայանալու է մեծ համերգ: Այդ օրն Արամն առաջին անգամ կենդանի կկատարի իր երգը: Ապրիլի 6-ին Մոսկվայում մասնակցելու են Armenian Music Awards-ին, իսկ ապրիլի 13-ին ևս մեկ միջոցառում Եվրատեսիլի շրջանակներում: Մնացած շրջագայությունները Արամը Vitamin ակումբի տղաների հետ կկատարի: Շրջագայությունները կշարունակվեն մինչև ապրիլի 21-ը, որից հետո կվերադառնան Երևան: Ապրիլի վերջում կուղևորվեն Դանիա, որտեղ էլ կսկսեն պատրաստությունները: Շոուի վերաբերյալ մանրամասներ երգիչը չցանկացավ բացել: Միայն ասաց, որ բեմադրության հոգեվիճակը այդքան էլ չի տարբերվելու տեսահոլովակի հոգեվիճակից. «Բեմում հիստերիկ կերպար պիտի լինեմ»: «Տպավորությունը պետք է գերագույն լինի, որպեսզի չզիջի տեսահոլովակին, լինի երգին համահունչ»,- հավելեց Գոհար Գասպարյանը:

Երգիչը խոսեց նաև ընտրված երգի և նրա յուրօրինակության մասին: «Ճիշտ ասած՝ մենք առաջինը չենք, որ նման ոճի երգ ենք ստեղծում, խոսքը երգի կառուցվածքի մասին է: Կան շատ հայտնի համաշխարհային հիթեր, որոնք ունեն հենց այսպիսի կառուցվածք, այսինքն՝ ունեն սկիզբ, զարգացում, զարգացման լուծում և ավարտ: Մի քիչ ավելի ֆիլմի մոտիվներով է»,- ասաց Արամ MP3: Իսկ ինչ վերաբերում է երգում դհոլ և զուռնա կամ հայկական այլ ազգային գործիք չօգտագործելուն, երգիչն ասաց. «Երգի մեջ իրոք տեղ չկար մեր հայկական գործիքներին, որովհետև երգն ընդհանրապես չէր համապատասխանում, այս ֆորմատով չէր: Բայց երգի սկզբի հատվածում օգտագործել ենք հայկական մեղեդի, առկա են մաժոր-մինորային խաղիկներ: Սկզբի դաշնամուրային հատվածը հայկական երաժշտություն է, որով էլ ցույց կտանք մի փոքր ակցենտ, հայկական էլեմենտ»:

SAM_1917

Հիշեցնենք, որ Արամ MP3 իր «Not Alone» երգը կներկայացնի Եվրատեսիլ երգի մրցույթի մայիսի 6-ի կիսաեզրափակիչին: Երգի երաժշտության հեղինակ է Արամ MP3, խոսքերի հեղինակն է Գարիկ Պապոյանը, գործիքավորումն արել է Լիլիթ Նավասարդյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյան: Հավելենք նաև, որ տեսահոլովակի տեղադրումից ի վեր (մարտի 14) գրանցվել է մոտ 811 000 դիտում:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31