Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին:
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները: Բնակիչներին առաջարկվել է առանց որեւէ անհանգստության ձեռնամուխ լինել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:
Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները համապարփակ կերպով քննարկելու եւ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լուծումներ առաջարկելու համար:
Ա. Գեւորգյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից բացահայտված խնդիրները, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ կստեղծվի հանձնաժողով` Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և, հնարավորության դեպքում, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար:
Կարդացեք նաև
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին