Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Դա ստրակատիրության հանդեպ բարեհաճության գռեհիկ փորձ էր». «Մեդիալաբ»

Մարտ 20,2014 18:40

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

 

-Պարոն Խզմալյան, Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի և Արցախի արձագանքները «Նախախորհրդարանը» «վասալների կողմից իրենց տերերի հանդեպ անխոհեմ ստրկահաճության դրսևորում» համարեց: Ինչպե՞ս եք դուք գնահատում այդ արձագանքները և Ստեփանակերտում կազմակերպված համերգը:

-Որպես «Նախախորհրդարանի» անդամ  ես ստորագրել եմ այս պաշտոնական գրության տակ: Դա ստրակատիրության հանդեպ բարեհաճության գռեհիկ փորձ էր:

-Արդյոք կա՞ն նմանություններ Ղրիմի և Արցախի հանրաքվեների միջև, ինչի մասին շատ է խոսվում այս փուլում:

-Նմանությունները մոտավորապես այնպիսին են, ինչպիսին հայելանման արտացոլումներն են: Կարծես թե նույնն են, բայց ճիշտ հակառակը՝ ձախը աջից, աջը՝ ձախից:  Ձախ ականջը աջ է երևում, աջը՝ ձախ, և մարմնի մնացած մասերը նույնպես: Արցախն իր հանրաքվեին գնում էր տարիներ շարունակ՝ քաղաքակիրթ, օրինական, սահմանադրական պայքարի միջոցով: Դա ազգային ազատագրական պայքար էր գաղութային ստրկատիրության դեմ, որի արդյունքը եղավ հանրաքվեն: Հանրաքվեին պատասխանեցին բիրտ ուժերը՝ ջարդերով և բիրտ ուժով: Մինչդեռ Ղրիմում ամեն ինչ տեղի ունեցավ 180 աստիճանով հակառակ հերթականությամբ:

Այնտեղ սկզբում մտան զորքեր, ընդ որում՝ պատժիչ զորքեր, որոնց նպատակն էր պատժել հեղափոխական ազգային ազատագրական պայքարը, իսկ հետո արդեն օտար ձեռքի ներկայությամբ հրավիրվեց հանրաքվեն, որն այդ պատճառով արդեն իսկ անօրինական է, որովհետև ոչ մի միջազգային պայմանագիր, փաստաթուղթ և Սահմանադրություն թույլ չի տալիս հանրաքվե անցկացնել օտար ձեռքի միջամտության և առկայության դեպքում: Մինչդեռ ոչ մի ռուս Ղրիմում ոչ ճնշված էր, ոչ աքսորված, ոչ բանտարկված, ոչ նեղացած, ոչ էլ սպանված: Այսինքն՝ նմանություններ շատ դժվար է գտնել, դրանք ճիշտ հակառակ գործընթացներ են:

Ոչ թե Ղրիմի ու Ղարաբաղի հանրաքվեներն են նման, այլ կարելի է համեմատել Ղրիմի և Հյուսիսային Արցախի՝ Գետաշենի ու Շահումյանի դեպքերը: Այդ դեպքերը շատ ավելի նման են: Արցախին պատժելու համար «Կոլցո» տխրահռչակ գործողության միջոցով Արցախից վերցվեցին և Ադրբեջանին փոխանցվեցին հայաբնակ Շահումյանի շրջանն ու Գետաշենը: Ուկրաինային պատժելու համար Ուկրաինայից փորձեցին առգրավել և Ռուսաստանին փոխանել Ղրիմը: Ահա և բոլոր նմանությունները:

-Ղրիմի հանրաքվեից հետո Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և ԼՂՀ կողմից արված հայտարարությունները ռուսական կողմի ուղղակի ճնշում կարելի՞ է համարել: Ընդհանրապես ինչի՞ մասին են խոսում այդ հայտարարությունները:

– Եթե Ռուսաստանն Ուկրաինայում ուներ, այսպես կոչված, հինգերորդ շարասյունը՝ հանձինս իր ազգակիցների, որոնց գործողությունները գոնե ազգային հողի վրա հասկանալի են և կարելի է դա հարգել, ապա կայսերապաշտ, ստրկասեր, ստրկամիտ հայկական հինգերորդ շարասյունը, որն առկա է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում` մեր ազգային խայտառակությունն է: Դա մեր դարավոր պարտությունների պատճառն է եղել: Առաջիկայում մենք այդ հինգերորդ շարասյան կործանարար ազդեցությունը դեռ պետք է տեսնենք և բոլոր ջանքերով պետք է կարողանանք դա սանձել:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբի»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31