Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ Կապանի բնակիչները քաղաքապետարանի ծառայություններից կօգտվեն մեկ պատուհանի սկզբունքով

Մարտ 20,2014 18:30

Այսօր Կապանում  կայացավ «Արդյունավետ եւ թափանցիկ աշխատող ՏԻՄ» ծրագրի՝ այդ թվում նաեւ «Մեկ պատուհան» եւ «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» ենթածրագրերի բացման արարողությունը: Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ առաջին հարկում տեղակայված համայնքի բնակչությանը սպասարկող «Մեկ պատուհան» կոչվող կենտրոնի բացումը, որին ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետը, Կապանի քաղաքապետը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ  կազմակերպության ներկայացուցիչներ, տարբեր համայնքների ղեկավարներ եւ այլ հյուրեր:  Կապանի քաղաքապետարանի եւ Քաունթերփարթ ինթերնեյշնլի համատեղ իրականացրած «Արդյունավետ եւ թափանցիկ աշխատող ՏԻՄ» ծրագրի շնորհիվ այսուհետ կապանցիները քաղաքապետարանի ծառայություններից կօգտվեն «Մեկ պատուհանի» սկզբունքով, կգործի էլեկտրոնային փաստաշրջանառություն, քաղաքապետարանի եւ քաղաքացիների շփումն ավելի մատչելի եւ օպերատիվ կիրականացվի, փաստաթղթային գործողություններն ու արխիվացումն ավելի արդյունավետ կկատարվի եւ սահմանված ժամանակին: Այս մասին համոզված են քաղաքապետարանի աշխատակիցները, իսկ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ նշեց, որ  այս սկզբունքի կիրառմամբ՝ քաղաքապետարանի աշխատանքն ավելի թափանցիկ կլինի եւ կնվազի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Սահմանափակ կարողություններ ունեցող բնակիչների մուտքը մատչելի դարձնելու համար էլ կառուցվել են թեքահարթակներ: 17 մլն դրամ արժողությամբ իրականացված 6-ամսյա  այս ծրագրի շրջանակներում երեք աշխատասենյակները վերանորոգվել ու ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով են ապահովվել, իսկ քաղաքապետարանի նորաբաց բաժնի աշխատողներն էլ համապատասխան դասընթացների միջոցով վերապատրաստվել են:

DSCN6210

«Քաունթերփարթ կազմակերպության այս ծրագրի միջոցով USAD-ն աջակցել է վերակառուցել, կահավորել համայնքային ծառայությունների նոր կենտրոնը:

Քաղաքապետարանը կարող է բարձրացնել իր ծառայությունների թափանցիկությունն ու արդյունավետությունը, քաղաքացիների համար նույնպես հարմար է ստանալ բոլոր ծառայությունները մեկ վայրում»,-   նշեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:

DSCN6212

Կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո մասնակիցներն այցելեցին  Կապանի մարմնամարզության  մանկապատանեկան մարզադպրոց, շրջեցին եւ ծանոթացան «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» 21 մլն դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին: Մարզադպրոցը մասնակի վերանորոգվել է,  նոր դռներ ու պատուհաններ են տեղադրվել, նորոգվել են սանհանգույցները, հանդերձարանները, 3 մլն դրամի նոր մարզագույք է ձեռքբերվել եւ այլն:

tort

Պատասխանատուների խոսքով՝ այս աշխատանքները կատարվել են Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության, Կապանի քաղաքապետարանի հերթական համագործակցության շնորհիվ՝ ԱՄՆ ՄԶ գործակալության տրամադրած 19 մլն դրամ գումարով, համայնքային բյուջեից եւ Սյունիքի մարզպետի անմիջական նախաձեռնությամբ՝ պետբյուջեի պահուստային ֆոնդից  հատկացված  20 մլն դրամ գումարով:

«Մենք համայնքներ ունենք, որ երկար տարիներ աշխատում են դոնոր կազմակերպությունների հետ, ինչը գովելի է, բայց ցանկանում եմ, որպեսզի այդ համագործակցությունը պայմանավորված լինի ոչ միայն համայնքի ղեկավարի կարողություններով, այլ՝ յուրաքանչյուր համայնքում մի բան անելու ցանկությամբ», – կատարված աշխատանքներն ու իրականացված ծրագրերն ամփոփելով՝ նշեց Սյունիքի մարզպետը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Շատ,շուտ-շուտ ու ամբողջովին համագործակցել ԱՄՆ-ի հետ, Սյունիքում բացել ՆԱՏՕ-ի բազաներ, (հանրաքվեով) անցնել Սյունիքի ինքնիշխանության ու Սյունիքը ինտեգրել ՆԱՏՕ-ին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31