«Ուկրաինան շատ խաղաղ պետություն է: Այդ պատճառով Ղրիմի նկատմամբ որեւէ ռազմական գործողություն չի նախատեսվում»,-Aravot.am-ի հարցին` պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է` հատկապես այն պարագայում, որ Ռուսաստանն անընդհատ սադրանքների է դիմում Ուկրաինայի նկատմամբ, այսպես պատասխանեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա շեշտեց, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի, Ղրիմի ներկայացուցիչների հետ ու մանրամասնեց. «Կիեւը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ, վերանայել Ղրիմի լիազորությունների ընդլայնման հարցը: Կարծում եմ՝ դա ճիշտ է: Դիվանագիտական ջանքերն առայժմ իրենց չեն սպառել»:
Մի շարք վերլուծաբաններ նշում են, թե Ուկրաինան խաբված է Արևմուտքի կողմից, քանի որ Մայդանի գործողությունները երբեմն ուղղորդվում էին Արևմուտքի կողմից, բայց մինչ այժմ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ այդպես էլ չեն կիրառվում: Այս հարցին Ուկրաինայի դեսպանն այսպես արձագանքեց. «Եթե ես իշխեի աշխարհին, այդ ժամանակ կկարողանայի պատասխանել այդ հարցին»:
Մյուս մտահոգիչ հարցը Ուկրաինայում հայ համայնքի անվտանգության խնդիրն է, հատկապես այն պատճառով, որ այս օրերին ուկրաինական ազգայնականներն են ակտիվացել`ՀՀ-ի` Ղրիմի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման կապակցությամբ: Իվան Կուխտան այս մասին ասաց. «Ուկրաինայի հայ համայնքը ներկայումս 350-400 հազար մարդուց է բաղկացած: Երկրի իշխանությունները նպաստում են համայնքի ազգային նույնականացման պահպանմանը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Ուկրաինայի դեսպանի հայտարարությունների վերաբերյալ որոշ մեկնաբանություններ ստացավ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից: Հետաքրքրվեցինք` թեև Ուկրաինայի դեսպանը հայտարարում է, որ ՌԴ-ի հետ պատերազմելու նպատակադրվածություն չունեն, այնուամենայնիվ, որքա՞ն ժամանակ ուկրաինացիները ի վիճակի կլինեն դիմակայել ռուսական սադրանքներին: Փորձագետը պատասխանեց. «Ուկրաինան միշտ էլ հայտարարել է նրա մասին, որ որևէ ռազմական դիմակայության մտադրություն չունի Ռուսաստանի նկատմամբ, այդտեղ որևէ շահ չունի, և բանականության սահմաններում էլ սա տեղավորվում է: Այլ է ՌԴ-ի պարագան: ՌԴ-ն առանց տարբերանշանների տեռորիստական խմբավորումներ է ուղարկել Ղրիմ և այնտեղ սարքել այն միջոցառումը, որը հետո կոչել է հանրաքվե` չնայած դա ավելի շատ բռնակցում էր, քան հանրաքվե: Եվ ՆԱՏՕ-ում ու ԱՄՆ-ում շատ մեծ մտավախություն կա, որ ՌԴ-ն այս չակերտավոր հաջողությունները կարող է փորձել տարածել Ուկրաինայի մնացած տարածքների վրա: Հենց այս հանգամանքից էլ կախված է այն, թե ռուս-ուկրաինական հարաբերություններում գործը ռազմական ընդհարման կհասնի՞, թե` ոչ»:
Պարոն Մեհրաբյանն ուզում է հավատալ, որ ՌԴ-ում բանական մարդիկ կգտնվեն ու կհասկանան, «թե դա ինչ մեծ վտանգ է պարունակում»: Միևնույն ժամանակ փորձագետը հիշեցնում է. «Չմոռանանք, որ ուկրաինական ապստամբական բանակը, որ ժամանակին կռվում էր Մոսկվայի իշխանությունների դեմ, վերջին մարտը 1961-ին է ունեցել: Այսինքն` նրանք դեռ Ստալինի ժամանակվանից սկսեցին պատերազմել, Ստալինը մահացավ, բայց դեռ բանակը կռվում էր: Այսինքն` բանակի մարտական ավանդույթներն այնպիսին էին, որը լեգենդար բնույթ էր կրում, ինչպես հայերի մոտ ֆիդայական շարժումը: Եվ այդ դեպքում Պուտինը ստիպված է լինելու կռվել պարզապես ուկրաինացի ժողովրդի դեմ»:
Իսկ թե ուկրաինացիները որքա՞ն կդիմանան ռուսական սադրանքներին, պարոն Մեհրաբյանը կարծում է. «Մինչ այս պահը ուկրաինացիները նախանձելի սառնասրտություն են ցուցաբերում այդ սադրանքների նկատմամբ, որտեղ կարողանում են, կանխում են, որտեղ կարողանում են արհամարհում: Այդ սառնասրտությունը թույլ չի տալիս, որ իրավիճակը անկառավարելի դառնա: Վստահ եմ, որ եթե ՌԴ-ն Ղրիմից դուրս` ուկրաինական մայրցամաքային հատվածի վրա սկսի ինչ-որ բաներ անել, ուղղակի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»:
Արդյոք Ուկրաինան խաբվա՞ծ է Արևմուտքի կողմից: Պարոն Մեհրաբյանն այսպիսի կարծիք ունի. «Համաձայն չեմ այն ձևակերպումների հետ, որ Մայդանը հրահրվում էր Արևմուտքի կողմից: Ուկրաինայում ժողովուրդն ապստամբեց զզվելի, ոսկե զուգարանների երկրպագու, կաշառակեր, տոտալ, կրիմինալ վարչակարգի դեմ: Արևմուտքում դեռ մնում են ինչ-որ իլյուզիաներ, թե Պուտինի հետ ինչ-որ հարցում կարելի է պայմանավորվել, և դանդաղկոտությունը գալիս է նրանից, որ Պուտինի հետ չեն գալիս ընդհանուր հայտարարի: Դա անցողիկ է, նրանք գալու են ընդհանուր հայտարարի, Պուտինը կստիպի նրանց գալ ընդհանուր հայտարարի: Պուտինն իրեն պահում է այնպես, ինչպես՝ Հիտլերը 30-ականներին: Բայց այդքան վայրիվերումներից հետո միասնական ճակատով պայմանավորվեցին և կործանեցին չարիքը, այս նույն չարիքը նույնպես կկործանեն` հանձինս Ռուսաստանի: Ժամանակն է, որ Արևմուտքը իրերը կկոչի իրենց անուններով: Հանձինս ՌԴ-ի` մենք գործ ունենք չարիքի կայսրության հետ, և ժամանակն է, որ այս չարիքի կայսրությունը կործանվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ