Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտում և բանտից դուրս. խաչվող զուգահեռ իրականությունների բախումը նախկին դատապարտյալի հիշողություններում

Մարտ 20,2014 17:29

«Ինքս ինձ երբևէ թույլ չտվեցի մտածել, որ դժվար է, միշտ մտածում էի, որ դրսում ավելի դժվար է»:

Տարիների դժվարություններից տիկին Սիլվայի խամրած աչքերում արտացոլվող մեկ տարեկան Սոֆիի անվերջանալի չարաճճիությունները յուրահատուկ փայլ են տալիս ու ժամանակավորապես ջնջում բանտային կյանքի, կորցրած տարիների ցավի դրոշմը:
«Հեռուստատեսությունով, ֆիլմերով, մարդկանց պատմություններով անընդհատ տեսնում ես, որ աշխարհը լեցուն է անարդարություններով, բայց միշտ թաքուն հույս ես փայփայում, որ դա քեզ հետ չի լինի, բայց այդպես չէ»,-ասում է երկու երեխաների մայր, 9 տարվա ազատազրկման դատապարտված, 53-ամյա Սիլվա Ասատրյանը:

Silva-Asatryan1 Silva-Asatryan

Ասատրյանի ընտանիքի մեղքը սեփական իրավունքների պաշտպանությունն էր, որը չներվեց: Պաշտոնյաներից մեկի կամքին հակադրվելով Ամիրյան հասցեում գտնվող նրա ամուսնու հայրական տան տեղում կառուցապատում սկսելը՝ դարձավ չարիք, որ խախտեց ընտանեկան անդորրն ու խլեց ավելի քան մեկ տասնյակ տարիների ազատություն:

1998-2012 թթ. դարձան անվերջանալի փորձությունների, կարոտի, սպասումի, սիրո ու երկար սպասված միավորման տարիներ: Ճաղերի հետևում շուրջ մեկ տարով հայտնվեց նախ տիկին Սիլվայի ամուսինը, այնուհետև որդին, սակայն ամենաերկար ու դաժան ազատազրկումը՝ 9 տարի, բաժին հասավ ընտանիքի մորը՝ Սիլվա Ասատրյանին՝ սպանության պատվեր տալու մեղադրանքով:

2005-ի աշնանը Ասատրյանին կալանավորելով՝ ութ ամիս պահեցին Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ), որից հետո տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ-ի մեկուսարան:

Abovyan_1

Աբովյան քրեակատարողական հիմնարկում (լուսանկարն արվել է 2007 թվականին)

Abovyan_2

Ճանապարհ դեպի անազատություն (լուսանկարն արվել է 2007 թվականին)

Abovyan

«Դեպի խուց տանող ճանապարհը շատ երկար է թվում, մտածում ես, թե քեզ ո՞ւր են տանում այսքան երկար, հետո պարզվում է, որ ընդամենը մի քանի քայլ է, առաջին օրերին շատ լուրջ չէի պատկերացնում ինչ է լինելու հետո, կարծում էի անհեթեթ բան է, կվերջանա ու կգնա, սպասում էի, որ կապացուցվի այդ մեղադրանքի անհեթեթությունն ու հենց դատարանի դահլիճից ինձ կազատեն, սակայն դատավորը նույնիսկ դատավճիռ չկարդաց, կախած գլխով միայն ասաց, որ դատախազի պահանջած 9 տարին թողնում է»,-հիշում է նախկին դատապարտյալը:

Սակայն մասնագիտությամբ բանասեր, մանկավարժ, տարբեր հետաքրքրություններ ունեցող կնոջ համար ճաղավանդակից այն կողմ էլ կյանքը շարունակում է եռալ ու «պարգևվված» անսահմանափակ ժամանակը տրամադրվում է կարդալուն, նկարելուն, քանդակելուն: Բանտային կյանքը համեմատելով տարբեր դժվարությունների հետ, նա այստեղ էլ գտնում է իր ուղին, շարունակում լինել լավատես ու սիրել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը:

«Ինքս ինձ երբևէ թույլ չտվեցի մտածել, որ դժվար է, միշտ մտածում էի, որ դրսում ավելի դժվար է, որովհետև բանտում դու ոչինչ չունես անելու, քեզնից ոչինչ կախված չէ, պարզապես պետք է սպասես: Ժամանակն ամենաթանկ արժեքն է և, երբ այս լարված իրականությունը ժամանակը մեզնից ամեն կերպ գողանում է, և երբ հանկարծ քեզնից ոչինչ կախված չէ, քեզ ակամայից ազատել են բոլոր կարգի հոգսերից, սկսում ես շնչել, դու ազատ մարդ ես նույնիսկ ճաղերի հետևում, ինքդ քեզ համոզում ես, որ ճգնավորների խցերն ավելի լավը չէին, համեմատության մեջ ամեն բան կարող ես լավացնել քեզ համար, եթե դու դրական մարդ ես»:

Վերհիշելով բանտային տարիները՝ տիկին Սիլվան բազում թերացումներ է վեր հանում, որոնք, ըստ նրա, պատիժը դարձնում են ինքնանպատակ, հանցագործին որևէ կերպ դարձի բերելը չի դառնում գերնպատակ, այլ հաճախ՝ ընդհակառակը:

«Մեկուսացված լինելն արդեն իսկ մեծագույն պատիժ է, իսկ տեսակցություններից զրկումը, զանգերի սահմանափակումն՝ անմարդկային բան: Ցանկացած հանդիպում ընտանիքի անդամի հետ, մարդուն ավելի լավն է դարձնում: Ամբողջ հասարակությունից մերժված և բնականաբար արդեն չարացած մարդիկ են հասարակություն վերադարձվում, ովքեր հետագայում լինում են ավելի դաժան, հիասթափված, անօգնական»,-ասում է Ասատրյանը՝ հավելելով, որ կային կանայք, որոնցից ընտանիքը երես էր թեքել, մինչդեռ այդ թիկունք չունենալն ըստ կնոջ՝ ծանրագույն պատիժն է:

Սակայն Սիլվան գիտեր, որ հետևում սարեր ունի թողած, ինչն էլ ուժ էր տալիս նրան: Կյանքի յուրաքանչյուր թելով ընտանիքի հետ կապված կինը ճաղավանդակի հետևում հնարավորություն է ունենում ընտանիքին դիտարկել հեռվից:

«Բանտում ամենադժվարը մոր համար, կնոջ համար ընտանիքից հեռու լինելն է: Այն պահից, երբ երեխան ծնվում է, արդեն դու դադարում ես միայնակ գոյություն ունենալուց ու կյանքդ ուղիղ համեմատական է իրենց հաջողություններին ու անհաջողություններին: Ես հասկացա, որ չափազանց շատ եմ խառնվել իմ երեխաների կյանքին, և այնտեղ հնարավորություն ունեի հեռվից նայելու և հասկանալու, արդյո՞ք կարողացել եմ նորմալ մարդ, երեխա դաստիարակել, մեծացնել, կարո՞ղ են արդյոք հասարակության մեջ իրենք իրենց տեղը գտնել առանց ինձ։ Իրենց համար շատ ավելի ծանր էր, քանի որ ես անելիք չունեի ինձ հետ կապված, իսկ իրենք այդ ամենն իրենց վրա էին կրում, սակայն գոհ եմ, որ չկոտրվեցին, հպարտորեն կանգնեցին: Իրենք էլ են կյանքը սիրում, այնպես, ինչպես ես»,-ասում է Ասատրյանը:

Հենց այդ տարիներին նրա որդին և դուստրն ավարտեցին Պոլիտեխնիկական համալսարանը, աղջիկը՝ նաև Ամերիկյան համալսարանը, ամուսնացան ու պարգևեցին տատիկ դառնալու բերկրանքը, սակայն 22 տարվա մանկավարժի, ով երեխաների նկատմամբ յուրահատուկ սեր ու քնքշություն ունի, զավակների կարոտին ավելացրեցին նաև թոռների կարոտն ու նրանց մանկությունը վայելելու անզորությունը:

Առաջին թոռը՝ որդու աղջիկը՝ Կատրինը ծնվել է 2007-ին, ում տիկին Սիլվան մի քանի օրականում հնարավորություն է ունենում տեսնել բանտում:

«Սկզբնական շրջանում չէի ցանկանում, որ երեխաներս գային ինձ մոտ, միշտ մտածում էի, որ շուտով դուրս եմ գալու և իմաստ չկա, որ երեխաներն ինձ այս վիճակով տեսնեն, սակայն հետո հասկացա, որ որևէ վատ բան չկա դրա մեջ: Բանտը նույնիսկ շատ էլ գեղեցիկ վայր է, Հայաստանում հավանաբար չկա այդպիսի խնամված այգի, ինչպես Աբովյան ՔԿՀ-ում է, կային ծառատեսակներ, որոնցից Հայաստանում շատ քիչ կա, թող գային ու տեսնեին, որ այնտեղ որևէ սարսափելի բան չկա ու կյանքը շարունակվում է»:

Երևանի Նորք թաղամասում ծնված նախկին դատապարտյալը սովորել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում, այնուհետև Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, Աբովյան քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց հետո վստահաբար ասում է, որ աբովյանական երեք դպրոցներից լավագույնը վերջինն էր:

Բանտը, որպես հասարակության խտացված միջավայրներից մեկը, Ասատրյանի համար բացեց նոր, իր համար դեռևս անհայտ մարդկային հարաբերությունների տիպը: Թերևս գաղտնիք չէ, որ Հայաստանում դատաիրավական համակարգի անկատարության, կոռուպցիոն խնդիրների հետևանքով երբեմն դատապարտվում են նաև անմեղ մարդիկ, սակայն նախկին դատապարտյալն ասում է, որ բանտում «պատահական» հայտնված շատ քչերին է հանդիպել:
«Ընդհանուր միջավայրը քրեածին է։ Երբ մի փոքր խորանում ես, հասկանում ես, որ եթե Հայաստանում մի քիչ լավ պայմաններ լինեին, մի փոքր ապահովություն, աշխատանք ո՛չ այդպիսի կանայք, ո՛չ էլ այդպիսի երեխաներ բանտերում չէին լինի,-ասում է Ասատրյանը՝ ցավով հավելելով, որ բանտարկյալների 99 տոկոսը մտածում էր ինչպես արագ վերադառնա նույն աշխատանքին, իսկ այս փորձն օգտագործել այլևս չբռնվելու համար,-ես հասկացա, որ մարդն ընդամենը պատժվում է և վերջ, իսկ քանի որ պատիժն ընդամենը ուժի կիրառում է, որևէ բան չի փոխելու»:

Ըստ նախկին դատապարտյալի՝ բանտերում կարելի է ստեղծել պայմաններ ու հասարակություն վերադարձնել առողջ մարդկանց, մինչդեռ արվում են միայն ձևական քայլեր՝ թղթաբանություն: Կան արտադրամասեր, որոնք չեն գործում, հսկայական ջերմոցներ ու այգիներ, որոնցից ստացված բերքը կկարողանար ապահովել և՛ բանտին, և՛ վաճառքի կհանվեր, կարող են զբաղվել անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, մինչդեռ դատապարտյալների առօրյան շարունակում է մնալ չորս պատերի արանքում՝ անիմաստ մաշելով օրվա 24 ժամը:
«Հասարակությունից կտրված կորցնում են տարիներ, աշխատանք և որն ամենակարևորն է՝ վստահություն: Իսկ նախկին կալանավորին վստահելը ռեալ չէ: Շատ կարևոր է, որ կոնկրետ աշխատանքներ առաջարկի հենց պետությունը՝ գոնե մինիմում աշխատավարձով»,-ասում է նախկին դատապարտյալն ու ցավով հետևություն անում, որ այս կարևոր քայլերի բացակայությունը հերթական անգամ գալիս է ապացուցելու այն պարզ թեորեմը, որ «երկրի ունեցվածքը հոգատար ձեռքերում չէ»:
2012-ի նոյեմբերի 14-ին, համաներման արդյունքում Սիլվա Ասատրյանին վաղաժամ ազատ արձակեցին, սակայն ճաղերից այս կողմ սկսվեց նոր իրականությունը՝ նոր հիասթափություններով:

«Շատ անսպասելի եղավ դուրս գալու օրը, էնքան էի մտքով դուրս եկել, որ սովորական բան էր: Սակայն հիմա ամեն հատված ծառի համար ցավ եմ զգում, ինքնասպանություն ենք կատարում, առանց հասկանալու: Բանտում այնքան հստակ էին այդ սահմանները այսքանը շենքն էր, այսքանը կանաչ գոտի և ոչ ոք չէր փչացնում այդ կանաչը: Մտածում եմ ո՞վ է ավելի մեծ հանցագործ, 500 դոլարի վնաս տվածներն ու բանտում հայտնվածնե՞րը, թե՞ նրանք, ովքեր քո երեխայից, քեզնից քո շնչելու օդն են գողանում, հատված ծառերը բոլորովին չեն տարբերվում սպանված մարդկանցից», ասում է երևանցի Սիլվան ու երազում մի օր Երևանը տեսնել կանաչ ու մաքուր, քանի որ կարծում է, որքան կեղտոտ է Երևանը, նույնքան կեղտոտ են նաև մարդկանց սրտերը:

22 տարվա մանկավարժը, ով դեռևս դատապարտվելուց 2 տարի առաջ էր կորցրել աշխատանքը, երբ դպրոցը, որտեղ դասավանդում էր, օպտիմալացվել էր, այսօր արդեն աշխատելու մասին չի մտածում: Մինչև բանտում հայտնվելը սկսել էր հետաքրքրվել բժշկությամբ, իսկ բանտում կատարելագործել է գիտելիքներն ու այսօր զբաղվում է դրանով:
Սակայն 4 թոռնիկների տատիկի ժամանակն ամենաշռայլորեն հագեցնում է կրտսեր Սոֆին, որի պարգևած սերը ստիպում է շարունակել առաջ ընթանալ կյանք կոչվող անվերջանալի պայքարում:

«Մարդ արարածը երկու սկիզբ ունի՝ հոգևոր և նյութական, այս բալանսի խախտումն է բերում այս այլասերություններին, քանի որ ի սկզբանե հոգևորն էր, ոչ թե նյութը, և առաջինը պետք է լինի հոգևոր կերակուրը, եթե դրա պակասը կա, մարդը միշտ պակաս է, ցանկացած նյութ ժամանակ է պահանջում ու ոչ թե դու ես դառնում նյութի տերը, այլ դու դառնում ես նյութի ստրուկ, քանի որ նյութը պահպանելու մեխանիզմ է պահանջում»,-ասում է նախկին դատապարտյալ Սիլվա Ասատրյանը:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ Նելլի Շիշմանյանի

 

 «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան Հեռախոս: +37498 566 886 Էլ. հասցե: [email protected] Ֆեյսբուք:  https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր:   https://twitter.com/4equalrightsarm   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31