Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքի ռեսուրսն օգտագործելով փորձում են ավելի սոլիդ ներկայանալ. Հերմինե Նաղդալյան

Մարտ 20,2014 16:42

ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու երեկ ձեռք բերած համաձայնության շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Տիկին Նաղդալյան, քառյակը երեկ վերջապես հայտարարեց, որ ապրիլի 28-ից 30-ը ընթացող քառօրյայի օրակարգ արտահերթ կարգով մտցնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և այդ նպատակով արդեն սկսել են ստորագրահավաք: Ի ՞նչ եք մտածում այս գործընթացի շուրջ, արդյոք ՞ նրանց կհաջողվի արդյունքի հասնել:

– Մեկ բան պարզ է՝ խորհրդարանում ուժերի դասավորությունը այնպիսին է, որ նման նախաձեռնությամբ հանդես գալը քաղաքական իմաստով որևէ արդյունք ունենալ չի կարող: Բոլորովին տպավորություն չի գործում , երբ անընդհատ հնչեցվում է՝ 4 ոչ իշխանական ուժեր, որովհետև այդ 4-ից 3-ը իրենց թվաքանակով մի ձեռքի մատների վրա հաշվվող են, իսկ չորրորդն էլ այլընտրանք է և դեռևս չի հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին: Արդյունքի իմաստով եթե փորձենք ուղղակիորեն պատասխանել հարցին, թե ինչ է բխելու այս ամենից, ապա՝ ոչինչ էլ չի բխելու, միայն օդի տատանում է և ևս մեկ անգամ Ազգային ժողովի ամբիոնից ելույթների, կուրծք ծեծելու, նյարդային գոռում-գոչյունների հնարավորություն: Չոր մնացորդում՝ ոչինչ չկա և չի մնալու, որովհետև մaեկ բան պարզ է և ակնհայտ՝ Հանրապետականի ռեսուրսը խորհրդարանում այնքան մեծ է, որ 4 ուժերն իրար հետ, մի 4-ն էլ կողքից վերադիր, միևնույնն է՝ չունեն այն կրիտիկական զանգվածը, որպեսզի կարողանան հարցը պարզապես խոսակցությունից ռեալության դաշտ բերել: Կառավարության ,,լինել չլինելու,, որոշման մենաշնորհը ՀՀ նախագահին և Հանրապետականին է պատկանում:

– Ոչ իշխանական ուժերը, համենայն դեպս դատելով իրենց հայտարարություններից, կարծես հույս են փափագում, որ իշխանություններից կարող են բեկորներ պոկվել և միանալով իրենց, այդպիսով հաջողեցնել իրենց ծրագիրը: Արդյոք չկա ՞ նման մտավախություն իշխանությունների մոտ.

– Իրենք դրա վրա հույս չեն դրել, քանի որ գիտեն, որ դա հնարավոր չէ և չի էլ լինի, իրենք հասարակության աչքերին թոզ փչելու, մոլորեցնելու ևս մեկ հնարավորություն են պարզապես փորձարկում, ևս մեկ ծխածածկույթ: Շատ էլ լավ հասկանում են, որ տրամաբանող մարդը անմիջապես հարց է տալիս՝ դուք ուժերի բաշխումը շատ լավ գիտեք, ո ՞րն է տրամաբանությունը այս անիմաստ քայլը կատարելու: Որպեսզի գոնե մի քիչ իմաստ ներմուծվի և խորհրդավորություն մտցվի, այդ նպատակով էլ հորինվել է վարկածը՝ թե իբր հնարավոր է ինչ- որ մի ,,բեկորիկ,, առանձնանա, միանա իրենց և այդպիսով իրենց նախաձեռնությանը արդյունավետության հույս ներշնչի: Չկա այդ հույսը: Այս առիթով ուզում եմ ընդգծել, որ այդ բեկորների տարանջատման թեման իրենց կողմից շրջանառվում է հենց այն պատճառով, որ բացարձակ անհույս է այս նախաձեռնությունը:

– Այդ դեպքում ո ՞րն է պայքարի իմաստը, ինչու? են ձեռնարկում այն:

– Հայտնի է չէ?՝ ով է ձեռքը գցում փրփուրներին, նա, ով ուրիշ տարբերակ չունի: Իհարկե, ընդդիմության գործն է իշխանության դեմ խոսելը, քննադատելը, և այլն, իսկ ամենահնչեղը, թերևս, կառավարությանը անվստահություն հայտնելն է, որովհետև բոլոր պարագաներում կուժն ու կուլան նրա գլխին է ջարդվում:

Բնականաբար, հասարակության, տնտեսության մեջ խնդիրներ ու դժվարություններ ունեցող մեր նման երկրի համար կառավարության վրա մեղքը գցելու առիթ միշտ կարելի է գտնել՝ անկախ նրանից օբյեկտիվ եք մոտենում, թե սուբյեկտիվ: Կան իսկապես բազմաթիվ հիմնախնդիրներ՝ բնակչության ցածր կենսամակարդակ, աշխատատեղերի դեֆիցիտ, արտագաղթ , սոցիալական դժվարություններ, և այսքանը քիչ է, մի հատ էլ այս ֆոնի վրա դեռ կառավարչությունը ,,հանդգնում է,, բարեփոխումներ, հեռանկարային ծրագրեր նախաձեռնել, ինչ-որ բան փոխել դեպի լավը, չնայած որ հայտնի է՝ բոլոր բարեփոխումները լրացուցիչ դժվարություններ են առաջացնում: Եվ ահա այս ամենը գումարած՝ պարարտ հող է ստեղծվում կառավարության հրաժարականը պահանջելու առիթն օգտագործելու: Այստեղ նաև ցանկանում եմ մեկ դիտարկում անել՝ երբ մի երկրում մի բան է կատարվում, ասենք Թունիսից, Եգիպտոսից, Լիբիայից, հիմա էլ՝ Ուկրաինայից հետո, ամեն անգամ մեր քաղաքական դաշտում կարծես երկրորդ շնչառություն է բացվում ու մի ֆանտաստիկ հույս արթնանում՝ թե մի անգամ էլ փորձենք, իրենց մոտ ստացվեց, գուցե մեզ մո ՞տ էլ ստացվի: Բազմիցս առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ եմ կրկնում՝ քաղաքականությունը կրկին փորձելով չէ, ռեսուրսով է: Իսկ ի ՞նչ ռեսուրս կա: Խորհրդարանական ռեսուրսը հայտնի է, ինչքան էլ բարձր-բարձր գոչեք, թե 4 ոչ իշխանական ուժ եք, միևնույնն է՝ ինչքան կաք , այդքանն եք, հետևաբար ամեն հնարավորություն փորձում են՝այլընտրանքի ռեսուրսը օգտագործելով, նրանց թևի տակ մտնելով ու սիրաշահելով, ավելի սոլիդ ներկայանալու: Բայց անցյալն էլ, քաղաքական լուրջ վերլուծությունն էլ ցույց են տվել, որ այսքան տարբեր գաղափարական հենքերով, առանց ընդհանուր ծրագրի և մտածելակերպի, միայն հենվելով մեկ մտայնության վրա՝ բոլորս միանանք, իշխանությունը խլենք հետո մի բան կանենք, հաջողության չեն հասնի: Ինչ վերաբերում է ընդդիմադիր էլեկտորատը համախմբելու հնարավորությամբ հանդես գալուն, ապա դրա փորձն էլ մենք ունենք և դեռ ընդամենը մեկ տարի էլ չի անցել, երբ ամբողջ ընդդիմադիր զանգվածը համախմբվեց մեկ գործչի շուրջ՝ նրան տալով 37,5 տոկոսի ամրություն և պաշար, որը կարելի էր ամրապնդել , առաջ մղել՝ քաղաքական զարգացումներ գեներացնելով և դրանով հանդես գալով , մինչդեռ այլ բանի ականատեսն էլ եղանք՝ գործընթացը երկու ամիս էլ չտևեց, և բեկորիկները ի հայտ եկան հենց այստեղ:

-Տիկին Նաղդալյան, բայց կարծես այս անգամ ոչ իշխանական ուժերը ակնարկում են, որ աշխատանք են կատարում միասնական ծրագրով հանդես գալու ուղղությամբ:

– Իհարկե, սա լավ ուղի է: Այս ուժերը իրենք իշխանության մեջ լինելու փորձ և հնարավորություն ունեցել են, և դա վերաբերում է ոչ միայն այլընտրանքին, որը ամենապատկառելի և ազդու ուժն է, որի դրոշի ու շվաքի տակ է այս ամենը կատարվում, այնպես էլ մյուսներին: Եվ եթե ուզում ենք չափել նախաձեռնության լրջությունն ու ներկայանալիությունը, ապա պետք է առաջին հերթին ասենք, որ դուք բավական պատկառելի մասնակցություն ունեիք իշխանության մեջ, այդ ի ՞նչ ծրագրեր և գաղափարական առաջարկություններ ներկայացրեցիք, որի շուրջ գործող իշխանության հետ ընդհանուր եզրեր չգտաք, որ հիմա դուրս եք եկել և առանձին նոր ծրագրեր եք առաջարկում: Արժանահավատությունը և վստահությունը այս ամենի նկատմամբ զրո է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Այդ երբվանից է ,,Առավոտը,, դարձել հհկ խոսափողը` որ ամեն անգամ խնամքով թաքցնում է մահոգ ընթերցողների անկեղծ մեկնաբանությունները….

  2. Ալինա says:

    հհկ ,,սոլիդ,, ախոռի հետ ով կարող է մրցել…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31