Օրերս Տավուշի մարզի Ջուջևան գյուղի համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանի նախագահությամբ կայացած ավագանիների խորհրդի արտահերթ նիստում որոշում է ընդունվել գյուղի կենտրոնական փողոցն անվանակոչել հայ մեծանուն բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անունով:
Երևանի թիվ 151 դպրոցը Ռուբեն Սևակի անունով կոչելուց հետո (1994թ.), թերևս սա երկրորդ անվանակոչությունն է, որ կապվում է 1915 թվականին թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակի (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) անվան հետ: Ռուբեն Սևակը ձերբակալվել և աքսորի ճանապարհին նահատակվել է այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու նպատակով, այս օրերին տեղի ունեցող հիշատակման միջոցառումների շարքին է դասվում նաեւ ջուջեւանցիների այս նախաձեռնությունը, որպես հարգանքի տուրք, ոգեկոչում՝ անվանի հայորդու հիշատակին:
Իր հրաշակերտ բնաշխարհով հայտնի գյուղի այս փողոցին հարակից լինելու է նաև Ռուբեն Սևակին նվիրված գողտրիկ մի պուրակ: Նախաձեռնության հեղինակները Ռուբեն Սևակի տոհմակիցներն են, որոնք տասնիններորդ դարում եղել են Ջուջևան գյուղի առաջին վերաբնակեցնողները:
Չիլինգարյան /Մամիկոնյան/ տոհմ հ/կ
Լուսանկարը՝ Եղիշե ՊԵՏՐՈՍՅԱՆԻ