«Բացի այն, որ 6,2% տնտեսական աճի փոխարեն ստացվեց 3,5%, տնտեսական բոլոր ցուցանիշները ձախողվել են»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա դիտարկմամբ` խնդիրը ոչ թե 3,5% է, այլ. «Թե տնտեսական աճի դանդաղման օբյեկտիվ պատճառը ո՞ր մասն է, եւ ո՞ր մասն է կառավարման անարդյունավետության հետեւանք. այսինքն` եթե չլիներ այս կառավարությունը, լիներ այլ կառավարություն`վստահության քվեով»:
Քննադատելով կառավարության անարդյունավետ աշխատանքը՝ պարոն Մելքումյանն ասաց. «2012-2013 թվականների երկու տարվա ընթացքում 3100 փոքր մանրածախ խանութ է փակվել, որտեղ 20,000 մարդ էր աշխատում, մենք ասում ենք արտագաղթն է մեծ: Այսինքն, քայլեր կան, որոնք պետք է արագ արվեն: Օրինակ` առեւտրի համար շրջանառության հարկն էինք ֆիքսում, ասում էին`3,5%-ից իջեցնենք: Վարչապետն ասել էր` այո, փոխենք, բա ինչո՞ւ չեք անում, բա եկեք անենք: Այսպիսի լիքը հարցեր կան, որ կառավարությունը պիտի աներ արագ, գոնե կխուսափեինք այս գահավիժող վիճակից»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ վստահեցրեց, որ պարոն Մելքումյանի նշած օրինագիծը ներկայումս կառավարությունում քննարկվում է:
Ինչ վերաբերում է բյուջեի կատարողականին, ապա պարոն Այվազյանն ասաց. «Ասում եք ՀՆԱ-ն այսքանով չկատարվեց, մի քանի ցուցանիշներ կան, որոնք արտացոլվում են տնտեսության մեջ եւ տենդենցներ կան, որոնց արդյունքները չես կարող չընդունել: Պետական բյուջեի կատարողականը կատարվել է, բյուջեն սեկվեստր չենք արել, բյուջեն մի բան էլ գերակատարվել է»:
Իսկ Միքայել Մելքումյանն էլ կարծիք հայտնեց, թե առաջին հերթին կառավարման համակարգը պետք է լինի մարդկային. «Որպեսզի եթե ողջամիտ առաջարկ ես ներկայացնում` հավասարը հավասարին քննարկենք, ոչ թե գանք մամուլի ակումբներում ինչ-որ բան անենք, ասենք`աշխատեցինք մինչեւ ժամը 6-ը: Ես մենակ 20-ից ավելի նախագծեր եմ ներկայացրել»:
Պարոն Մելքումյանի այս խոսքերին ի պատասխան, Վարդան Այվազյանը, կարելի է ասել` հաճոյախոսություն հնչեցրեց ԲՀԿ պատգամավորի հասցեին`. «Այո, այս մարդն աշխատում է»: Հետո պարոն Մելքումյանն ասաց, որ իրենք ընկերներ են, իսկ Վարդան Այվազյանն էլ նշեց. «Երբեւէ տեսե՞լ եք, որ ես որեւէ մեկին հաճոյանալու համար խոսեմ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ