Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչումը չպետք է հետաձգել»

Մարտ 20,2014 16:07

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը:

Ըստ բանախոսի՝ այս հարցում հապաղելը կարող է վտանգ լինել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ իրականացվող իրադարձությունների համար:

«Այնտեղ կետ կա, որ կասկածի տակ է դնում ցեղասպանությունը,- ասում է նա եւ ավելացնում, որ գուցե միջազգային հանրությունն էլ ուշադրության արժանացնի դա,- այսինքն, ի՞նչ ցեղասպանության մասին է խոսքը, երբ պետությունն է ընդունել այդ»:

Ըստ պարոն Ալվրցյանի՝ հայ-թուրքական արձանագրություններն այնքանով ուժ ունեն, որ փաստաթուղթը օրակարգում է եւ ցանկացած պահի կարող է վավերացվել: «Ականը չի վնասազերծվել: Այդ ականը կպայթի այն ժամանակ, երբ վրան քայլես: Մենք քայլում ենք, բայց չգիտենք, երբ ոտքներս կդիպչի, եւ այն կպայթի,- ասում է քաղաքագետը եւ ավելացնում,- ես չեմ լսել դեռ մի պետության մասին, որ ընդունի մի փաստաթուղթ, որը դեմ է իր Սահմանադրությանը, պետության հռչակագրին»:

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան շատ խելացի է գործում՝ աշխարհին, նաեւ հայությանը ներկայացնելով իր ժողովրդավարական լինելը՝ բազմաթիվ միջոցառումներ կազմակերպելով, տեղական ինքնակառավարման ընտրություններում իր երկրի ազգային փոքրամասնություններին, նաեւ հայերին ընդգրկելով:

Պարոն Ալվրցյանը կարծում է, որ Թուրքիային հաջողվում է ազդեցություն գործել նույնիսկ հայկական իրականությունում, ասում է, որ սփյուռքում էլ կան հայեր, ովքեր ցեղասպանությունը որպես տեղահանություն, ողբերգություն են համարում, բայց ոչ ցեղասպանություն:

«Աշխարհում քիչ չեն Թուրքիային համակրողները, նրա հետ շահեր կիսող քաղաքական ուժերը: Շատերը նրա հետ այս տեսակետը կիսում են եւ կմիանան այս պայքարին»,- ասում է պարոն Ալվրցյանը եւ նշում, որ մենք պետք է հակադարձ պատասխանը հասցնենք՝ մեր հարաբերություններում հստակ դիրքորոշում մտցնելով:

Մեր այն հարցին, թե արդյոք Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ծագող սառը պատերազմի դեպքում Թուրքիայի դերը կբարձրանա՞, եւ մենք կտուժե՞նք  նաեւ Ցեղասպանության ճանաչման հարցում, պարոն Ալվրցյանը պատասխանեց. «Մենք գոնե հակառակ դիրքորոշումից չենք շահել: Այնտեղ, որտեղ մենք չենք շահել, բնականաբար կորցնելու վտանգը չենք կարող ունենալ: Թուրքիայի կշիռը հակառուսական պայքարում, անշուշտ, բարձրանում է: Ընդհանրապես, թե Խորհրդային միության, թե ցարական Ռուսաստանի եւ արդի Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների բոլոր լարումների ժամանակ, Թուրքիայի կշիռը բարձրանում է, բայց Արեւմուտքը միշտ չէ, որ Թուրքիայի դերը բարձրացնելով՝ կանտեսի Հայաստանի դերը, որովհետեւ Անդրկովկասի մասով Հայաստանի դերը գնալով մեծանում է: Հիմա մեր կշիռը նույնպես բարձրանում է, անկախ նրանից, թե դա մեր հասարակության մեջ ինչպես է ընկալվում, մենք նույնպես դառնում ենք մի մեծ դաշինքի անդամ: Այսինքն՝ դու դառնում ես Արեւմուտքին հակադրվող դաշինքի անդամ եւ քո դերը նույնպես համապատասխանաբար մեծանում է»:

 Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31