«Մենք մեզ Հայաստանում ավելի վատ ենք զգում: Մեզնից մեր կացարաններն են վերցրել, ՀՀ կառավարությունը մեզ ոչնչացրել է, մեր հոգիներն է կերել»,-ադրբեջանահայ փախստական Ստելլա Հարությունյանը վրդովվեց` խոսելով իր խնդիրների մասին: Aravot.am-ը հետաքրքրվեց` կոնկրետ ո՞րն է նրա պահանջը: Փախստականը պատասխանեց. «Ես պահանջում եմ բնակարանային նորալ պայմաններ: Հիմա ապրում եմ Աբովյանում: Մեր կացարանում երկու սենյակ կա, մեկում ես եմ ապրում, խոհանոցում մեկ այլ ընտանիք: Ես ուզում եմ, որ ՀՀ-ն ճանաչի իմ ճամփորդական անձնագիրը: Ես ՀՀ-ում գերի չեմ, ես փախստական եմ, ուզում եմ, որ անձնագիրս ճանաչեն, կարողանամ երկրից գնալ»:
Ստելլա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ու ոչ էլ ցանկանում է հայոց լեզու սովորել: Այնուհետև պատճառաբանեց. «Ես այս երկրում ոչ մի լավ բան չեմ տեսել: Ես ուզում եմ Հայաստանից գնալ»:
25 տարվա փախստական Արևտինա Տեր-Մանուկյանցը նեղսրտեց, թե տասը տարի է՝ չի կարողանում իր որդուն տեսնել` Հայաստանում ունեցած խնդիրների պատճառով: Հետաքրքրվեցինք` ո՞ր մարմնից ի՞նչ է պահանջում և արդյոք դիմե՞լ է համապատասխան օղակներին: Նա պատասխանեց. «Թող Հովիկ Աբրահամյանը գա ու ինձ հետ խոսի: Նա զավթեց մեր հանրակացարանները, թող նորից վերադարձնի մեզ: Մեզ փողոց գցելով՝ այդ հողերը նա վաճառեց ռուսներին, այստեղ մենք խոսում ենք միջազգային մասշտաբների կոռուպցիայի մասին: Այնինչ մենք միայն օրենքով ենք շարժվել, տղաս ծառայել է բանակում, մենք ուսուցիչների ընտանիք ենք: Գնացել եմ նաև Տիգրան Սարգսյանի մոտ, նա իմ խնդիրների մասին լսեց, լսեց ու հետո ասաց, որ միջոցներ չկան դրանք լուծելու»:
Ադրբեջանահայ փախստական Անժելա Հարությունյանը ոչ օթևան ունի, ոչ աշխատանք: Չի տիրապետում հայերենին, ու չի էլ ցանկանում սովորել: Հետաքրքրվեցինք` գուցե իրեն աշխատանքի չեն վերցնում նաև դրա՞ համար: Նա պատասխանեց. «Բոլոր պետական մարմիններին, պատգամավորներին, տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ դիմել եմ, բայց ոչ ոք ինձ չօգնեց: Հիմա պահանջում եմ, որ ինձ փաստաբան տրամադրեն: Ինձ աշխատանքից ապօրինի են ազատել ու հիմա ոչ ոք չի ցանկանում օգնել»:
Կարդացեք նաև
Փախստական Հռիփսիմե Տոնոյանն ապրում է Աբովյանում գտնվող Էներգետիկայի հանրակացարանում՝ «մեկ սենյակում` երեք հոգով, ոչ խոհանոց ունեն, ոչ բաղնիք»: Նա մտահոգված է, որ ՀՀ-ում չեն ցանկանում զբաղվել իրենց խնդիրներով: Aravot.am-ի հետ զրույցում փախստականն ասաց. «Մեր հարևան Մագդան, որը մահացած է, նրա անունը ընտրացուցակներում միշտ կա, իսկ ես, որ ողջ եմ, իմ անունը ոչ մի տեղ գրված չէ: Ուզում եմ իմանալ`սա՞ղ եմ, թե` մեռած: Մեռածների համար շատ են խոսում, մտածում այստեղ: Ուստի լավ կլիներ Թուրքիայում մեզ սպանեին, քան գայինք Հայաստան: Մարդ չի մնացել, որ չդիմենք, բոլորն ասում են, որ գումար չկա: Ղարաբաղի համար գումար կա, Գյումրին սարքելու համար գումար կա, Օլիմպիադայի համար գումար կա, բա մե՞նք ով ենք: Եթե այստեղ չեն կարողանում մեր խնդիրները լուծել, թող մեզ ուղարկեն արտասահման»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թքեք, թող բութիզմը լողանա ու ճախրի օդում: