«Պաշտոնական Երեւանը՝ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է ավելին, քան կարելի էր»,- մարտի 20-ին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսպես գնահատեց նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը Վլադիմիր Պուտինի հետ՝ Ղրիմի հանրաքվեի մասին:
Ըստ պարոն Սաֆարյանի, «Ընդհանուր առմամբ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի այն, որ մենք կոչում ենք ինքնորոշման կամարտահայտություն, այն, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Ղարաբաղի ինքնորոշումը ճիշտ այդպիսի ինքնորոշում է, որովհետեւ դրա մասին խոսվում է անգամ ԵԱՀԿ փաստաթղթերում, որոնք ընդունվել են մինչեւ հանրաքվեն: Որքան էլ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով այսօր ԼՂՀ անկախությունը ճանաչված չէ, այնուամենայնիվ, որեւէ մեկը կասկածի տակ չի դրել, որ ԼՂՀ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող գործընթացում որեւէ մեկը կասկածի տակ չի դրել, որ ԼՂՀ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք: Հետեւաբար նրա արտահայտած կամարտահայտությունն արդեն իսկ ճանաչելը՝ ընդհանրական իրավիճակի եւ նպատակահարմարությունների պատճառով է:
Ունենալով նման նախադեպ, որը միջազգային չափանիշներին հավասար է, անշուշտ, շտապողականություն էր ճանաչել Ղրիմի ինքնորոշումը: Ղրիմը, ներեցեք, ՌԴ-ի կազմում ընդգրկվել էր, դա ինքնորոշում չէր: Մյուս կողմը նույնիսկ քարոզչական հավասար հնարավորություններ չունեցավ: Այդ լարված ռազմական իրավիճակում ուղղակի մի կողմն արեց այն, ինչ ուզում էր, ընդ որում՝ ռուսական զինվորների աչալուրջ հսկողության ներքո: Հետեւաբար, իհարկե, Հայաստանի կողմից սխալ էր նման հայտարարություն անելը»:
Կարդացեք նաև
Պուտին-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցի մասին տեղեկացնող պաշտոնական հաղորդագրության վերջում նշված է, որ հեռախոսազրույցը կայացել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ:
Ստյոպա Սաֆարյանը դրան չի հավատում. «Պարզ է, որ դա չի եղել Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Հասկանում ենք, որ Ռուսաստանը ամեն ինչ կանի՝ այս օրերին որքան հնարավոր է՝ շատ թվով կողմնակիցներ ձեռք բերելու համար»:
Պարոն Սաֆարյանը նաեւ ասաց, որ եթե նույնիսկ ընդունենք ու հավատանք, թե Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ է զանգահարել Պուտինին, ամեն դեպքում նա խախտել է հավասարակշռությունը. «Նա ամեն դեպքում Վլադիմիր Պուտինին ասել է ավելին, քան պիտի ասվեր: ԼՂՀ ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով՝ իհարկե, Հայաստանը չէր կարող դեմ լիներ որեւէ այլ երկրի ինքնորոշմանը, բայց դա պիտի լիներ միջազգային իրավունքի շրջանակներում: Ռուսաստանի արածը Ղրիմում զոռբայություն է: Եթե նորմալ ենք համարում, որ «ով ուժեղ է, թող վերցնի», մենք կպարտվենք, որովհետեւ միշտ էլ զոռբայից ավելի զոռբաներ կան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ