Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքի և վերջին հարցազրույցում հայտնած փաստերի միջև նկատել է շատ մեծ տարբերություններ:
«Սուրիկ Խաչատրյանը վերջին ասուլիսի ժամանակ յուրովի ներկայացրեց մեքենայի մեջ տեղի ունեցած իրադարձությունները` նշելով, որ բռնություններ չեն եղել… Իրականում Ավետիք Բուդաղյանի նկատմամբ ավտոմեքենայի մեջ տեղի է ունեցել բռնություն, նրան վիրավորել ու հարվածներ են հասցրել: Այդ ամեն ինչի հիմքում, ըստ Բուդաղյանների, եղել է տնտեսական խնդիր` ինչու Բուդաղյանները պետք է առանց մարզպետի հետ համաձայնեցնելու իրենց բիզնեսը անկախ անցկացնեին»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Ալումյանը:
Նրա խոսքով, ասուլիսի ժամանակ Բուդաղյանների վերաբերյալ ասածները տարբերվում էին Սուրիկ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքից. «Նախաքննության ցուցմունքում նույնիսկ Սուրիկ Խաչատրյանն է ընդունում, որ մեքենայի մեջ հարվածել են Ավետիք Բուդաղյանին, թեեւ այդ «բեռը» դնում է իր թիկնապահի` Զարզանդի վրա: Ի դեպ, Զարզանդն էլ է ընդունում, որ հարված եղել է, իր վրա է վերցրել` ասելով, որ մի քանի անգամ հարվածել է: Սակայն բոլորս հասկանում ենք, որ Զարզանդն առանց Սուրիկ Խաչատրյանի կարգադրության չէր կարողանա հարվածել»:
Պարոն Ալումյանը նաեւ նկարագրեց ավտոմեքենայում դեպքի օրը` ով որտեղ էր նստած ու ասաց, որ հազիվ թե Զարզանդը կարողանար իր նստած դիրքից հարվածներ հասցնել. «իրենց պատմելով` Սուրիկ Խաչատրյանն ու Ավետիք Բուդաղյանը մեքենայի հետեւի նստատեղին են նստած եղել, ընդ որում՝ Ավետիքը վարորդի հետեւի մասում: Հարց է առաջանում` ինչպես Զարզանդը կարողացավ առաջին նստատեղից հարվածել Ավետիքին` առանց Սուրիկ Խաչատրյանի կարգադրության եւ ինչու է դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը ժխտում, թե այդպիսի հարվածներ եղել են»:
Կարդացեք նաև
Փաստաբանն անդրադարձավ նաեւ Սուրիկ Խաչատրյանի պնդումներին, թե Ավետիքը դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ ասաց՝ կարող են ապացույցներ ներկայացնել. «Լավ կլիներ, որ Ավետիք Բուդաղյանի ալկոհոլի փոխարեն կամ դրա հետ միասին գոնե հարց տալ նրա որդու արյան մեջ հետագայում հայտնաբերված թմրամիջոցի առկայության մասին: Այն, ինչը փորձաքննությամբ հաստատվել է, ինչը որեւէ կերպ չի մեկնաբանվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ