«Ես կարծում եմ, որ շատ լավ ու կարեւոր պրոցես է երկրում տեղի ունենում եւ նույնիսկ զարմացած եմ, որ այդքան ընդդիմախոսներ կան»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում անդրադառնալով չորս քաղաքական ուժերի որոշմանը` կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ- դեմոկրատական կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Հակադարձելով այս առիթով հնչած բոլոր քննադատություններին, պատգամավորն ասում է, որ սա այն դեպքերից է, երբ ավելի լավ է ինչ-որ բան անել, քան ոչինչ չանել: «Տվյալ դեպքում, մեզ հաջողվել է ԱԺ-ում չորս ոչ իշխանական, ավելի ճիշտ` ընդդիմադիր խմբակցություններով միասնական օրակարգ ձեւավորել` տեսնելով եւ գիտակցելով երկրում ստեղծված անելանելի վիճակը եւ լուծումներ փորձել գտնել: Մոտ մեկուկես տարի մեզ հաջողվում է միասնական քվեարկությամբ մեր տեսակետն արտահայտել, ԱԺ-ում լայն քննարկումներ ծավալել եւ երբեմն նաեւ ստիպել ու ներքաշել մեծամասնությանն այդ քննարկումների մեջ, որի արդյունքում, մեր հասարակությունը բավականին տեղեկացված է լինում այն օրինագծերի վերաբերյալ, որոնք հիմնականում կառավարության կողմից են ներկայացվում ու լուրջ քննադատության են ենթարկվում, դրանց խոցելի տեղերը ներկայացվում են հասարակությանը»,- ասաց բանախոսը`այլ հարց համարելով, որ ընդդիմությունը չունի մեծամասնություն, որը քվեարկության ժամանակ վճռորոշ դերակատարում կարող է ունենալ:
Բայց, ըստ պատգամավորի, այս պահին դա էլ փույթ չէ`ամեն ինչ դեռ առջեւում է ու ոչ իշխանական ուժերի համախմբումը կառավարության հրաժարականի պահանջի շուրջ արագ ու դրական արդյունք է տալու: «Դրա շուրջ համախմբվելու են, ոչ միայն շատ արտախորհրդարանական ուժեր, այլեւ քաղաքացիական հասարակությունը ու դրա վառ վկայությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ քաղաքացիական շարժումն է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Լյուդմիլա Սարգսյանը նաեւ նկատում է, որ նախկինում նման համախմբվածություն չի եղել, հիմա կա. «Այսինքն, երկրի առջեւ ծառացած հարցերը միեւնույն ընկալումն ունեն`երկրին իշխանափոխություն է պետք ու սա վստահություն է ներշնչում, որ ամեն ինչ կստացվի: Ավանտյուրան նրանց մոտ է, ովքեր փորձում են ձախողել միավորումը»:
Բանախոսը գտնում է, որ իշխանությունը նահանջել է իր վստահ պահվածքից`վկայակոչելով «Դեմ եմ» –ին վարչապետի երկխոսության առաջարկը, մանավանդ ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի արտահայտած վճռական դիրքորոշումից հետո: Նա կոչ արեց նախաձեռնության անդամներին, չհավատալ կառավարության խոստումներին, որոնք երբեք կարդինալ զիջումների չեն գնա:
Իշխանության հանդարտությունը ընդդիմադիրների որոշմանը, Լյուդմիլա Սարգսյանը համարում է արտաքին պահվածք`թիմի արագ կազմալուծումը կանխելու համար: Բայց նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական սրացմամբ պայմանավորված, քաղաքական մեծամասնությունն արագ փոխում է իր դիրքորոշումը, մանավանդ, որ ՀՀԿ-ում էլ շատերը, իր բնութագրմամբ, հիացած չեն վարչապետ Տիգրան Սարգսյանով ու նրա գործունեությամբ. «Այնպես որ, ՀՀԿ-ում բանականությունն իսպառ վերացած չէ: Ներքուստ, կարծում եմ, այդքան էլ հանգիստ չեն եւ իշխանությունն այդքան մոնոլիտ չէ, որքան մի քանի տարի առաջ»:
Լրագրողներից մեկի հարցին`չորս ուժերի առանցքը, կարծես, ԲՀԿ-ն է, բայց ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ընդդիմություն է, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Ես չէի առանձնացնի որեւէ մեկին, որպես առանցք: Չնսեմացնելով ԲՀԿ-ի դերակատարությունն, ուզում եմ ընդգծել, որ բոլորն էլ կարեւոր են, ունեն իրենց պատասխանատվությունը`գործընթացի զարգացման առումով եւ եթե ինչ-որ մեկին փորձենք առանցք դարձնել, մյուսներին կցորդ`դա կլինի մեր առաջին պարտությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ