Մաքսային միությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում՝ գների կտրուկ բարձրացում, տոտալիտար համակարգ, արտագաղթ, աշխարհի այլ երկրների հետ հարաբերությունների լարում… Այսպիսի կարծիքի էին «Հայացք» ակումբի այսօրվա հյուրերը՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ստեփան Գրիգորյանը բերեց, մասնավորապես, մեքենաների օրինակը. ըստ նրա՝ դրանց գները կտրուկ կբարձրանան: Մանրամասները՝ տեսանյութում.
Խոսելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության և հետխորհրդային տարածքների ինտեգրացիոն գործընթացների վրա դրա ազդեցության մասին՝ նրանք համակարծիք էին, որ Հայաստանին որեւէ պարագայում պետք չի շտապել մտնել Մաքսային միություն, դա միայն լուրջ խնդիրներ է ստեղծելու մեր պետության առջեւ, այդ թվում՝ անվտանգության:
Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ քանի որ Ռուսաստանի դեմ Եվրամիության եւ ԱՄՆ-ի հայտարարած սանկցիաներին արդեն միանալու պատրաստակամություն են հայտնել Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Կանադան, եւ անգամ Թուրքիան, ապա Ռուսաստանը պետք է փորձի մեղմել այդ սանկցիաները, եւ, մասնավորապես, Թուրքիան կարող է իր պայմանը դնել ՌԴ առջեւ՝ տուր Ղարաբաղը Ադրբեջանին, եւ ես դուրս կգամ սանկցիաներ անող երկրների շարքից:
Կարդացեք նաև
Իսկ Գագիկ Մակարյանն ասաց, որ Թուրքիան նույն բանն արեց Կիպրոսի հանդեպ, ինչ Ռուսաստանը՝ Ղրիմի, եւ հիմա Ռուսաստանի դեմ դուրս գալով՝ փորձում է իր վրայից հանել 1970-ականներին արածի մեղքը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Երբ Գագիկ Մակարյանը եւ Ստեփան Գրիգորյանը ներկայացրին այն դաժան պատկերը, որը սպասվում է Հայաստանին՝ Մաքսային միությանը միանալու պարագայում, եւ հայտարարեցին, որ որեւէ լավ բան Հայաստանին այդ միության մեջ չի սպասվում, լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ իսկ անվտանգությո՞ւնը, քաղաքագետը պատասխանեց՝ եթե Հայաստանում մարդ չմնա, քանի որ ամեն ինչ թանկանալու է եւ մթնոլորտը փոխվելու է, ապա ո՞ւմ անվտանգությունն են ռուսները պաշտպանելու՝ դատարկ տարածքների՞:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մաքսային միություն ա՛յս պահին մտնելը ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է Հայաստանի համար: