«Գյումրիում աղետը մեծ ավերածություններ գործեց նաև մշակութային օջախների առումով: Նրանց մի մասը վերականգնվել են պետական և բարեգործական ծրագրերով, բայց, չգիտես ինչու, քառորդ դար անց մոռացության է մատնված հարուստ ավանդույթներ ունեցող, անցած դարի սկզբին Անդրկովկասում համար 1 համարվող Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վերականգնումը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վարազդատ Ավոյանը:
«Մեր խնդիրն էր այս մշակութային օջախի վերականգման հարցը բարձրացնել հասարակական հնչեղության»,- հավելեց պրն Ավոյանը:
Նա նշեց, որ այդ կապակցությամբ իր մեկ անգամ արդեն կազմակերպել են ցուցահանդես: Այն տեղի է ունեցել 2013 թվ.-ի դեկտեմբերին Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում: Ցուցահանդեսին ներկայացվել են 110 հեղինակների ավելի քան 160 աշխատանքներ: Վաճառվել է 4 աշխատանք, որից ստացել են 700 000 դրամ:
Երկրորդ ցուցահանդեսը անցկացվելու է Ազգային ժողովի ցուցասրահում: Այս դեպքում ներկայացվելու են «հանրաճանաչ հեղինակների հանրաճանաչ գործերը», մոտ 30-35 նկարիչ և 40-50 ստեղծագործություն: «Նպատակն է ոչ թե որպես սովորական ցուցահանդես-վաճառք դիտելը, այլ խնդիրը բարձրացնելը հանրապետության օրենսդիր մարմնում և լուծում ակնկալելը»,- ասաց պրն Ավոյանը: Ցուցահանդեսը կբացվի մարտի 24-ին ժամը 13.30-ին և կտևի մինչև մարտի 28-ը:
Կարդացեք նաև
Ակումբի մյուս հյուրն էր գեղանկարիչ Սամվել Սևադան, որը այդ դպրոցի շրջանավարտ է եղել: «Երկրաշարժից հետո երբ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, էնտեղ ես ինքս նկարչական դպրոց բացեցի: 1-2 տարի անց դպրոցի սաների հետ որոշեցինք օգնել Գյումրիի նկարչական արդեն ավերված դպրոցին և էնտեղ ցուցահանդես-վաճառք կազմակերպեցինք: Ստացված գումարն ուղարկվեց դպրոցին: Հետո ցուցահանդեսով եկանք Հայաստան, Գյումրիում էլ նորից ցուցահանդես բացեցինք»,- ասաց պրն Սևադան:
Նա նշեց, որ մարզպետը և քաղաքապետը համաձայնել են նոր շենք տալ, քանի որ նախկին շենքն արդեն սեփականաշնորհված է, և դպրոցն իր դասերն անցկացնում է Գյումրու գրադարաններից մեկի երկրորդ հարկում: «Գյումրին, որ արվեստագետների օրրան է, այսօր կանգնած է էդպիսի փաստի առաջ: Նույնիսկ մի ցուցասրահ չկա էդ քաղաքում, ինչ նկարչական դպրոցի մասին կարող է խոսք լինել»,- հավելեց պրն Սևադան:
Նա նշեց, որ ցուցահանդես-վաճառքներից ստացված գումարը կտրամադրվի դպրոցի կահավորմանը, այլ ոչ թե հիմնադրմանը:
Պրն Ավոյանը հավելեց, որ ցուցադրությունները շարունակվելու են: Նախ կլինեն ցուցադրություններ Երևանում, հետո Գյումրիում, այնուհետև նաև արտերկրում: «Մենք չենք ուզում, որպեսզի սառչի խնդիրը»,- ասաց պրն Ավոյանը:
Վարդուհի ԲԱԼՅԱՆ