Լրահոս
Օրվա լրահոսը

Կին տնօրենը չի ընդունում իր մեղքը

Մարտ 20,2014 14:10

«Էյ Էլ Ջի Թի» ՍՊ ընկերության տնօրեն Լիանա Ղազարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը:

ՍՊ ընկերության տնօրենը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2006-2009թթ. զբաղվել է շահույթ հետապնդող գործունեությամբ, գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով: Սակայն անձնական շահերից ելնելով՝ պետության նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների մասին, տնտեսական գործունեության արդյունքների մասին նա Կենտրոն համայնքի հարկային մարմին է ներկայացրել այնպիսի հաշվետվություն, համաձայն որի՝ պետբյուջեի նկատմամբ առաջացել է 4.616.054 դրամ գումարի պարտավորություններ, տույժ-տուգանքներով՝ 8 801 381 դրամի, հետագայում իր ընկերությունը սնանկ ճանաչելու եւ լուծարելու համար:

Լիանա Ղազարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը ինչպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, այնպես էլ նախաքննության ժամանակ:
Նա հայտնել է, որ Ալիխանյան 1 հասցեում գտնվող, վարձակալած տարածքում գրանցված իր ընկերությունը զբաղվել է գովազդային եւ մոնիթորային ծառայությունների մատուցմամբ:
Հարկային պարտավորությունների չկատարման պատճառ է դարձել ընկերության հաշվեհամարի վրա արգելանք կիրառելը: Ընկերության գործունեության մասին վերջին հաշվետվությունը, ըստ տնօրենի, ներկայացվել է 2009-ին, իսկ իրենց բնականոն աշխատանքը խաթարվել է, քանի որ «Երկիր մեդիա» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններից ինքը ձեռք է բերել գովազդի տեղադրման ժամանակահատվածներ, 4 200 000 ՀՀ դրամ գումարի չափով, սակայն պատվիրատուները հրաժարվել են գովազդի տեղադրումից:

Ըստ տնօրենի, նշված գումարը վերադարձնել հնարավոր չի եղել, քանի որ գնված գովազդային ժամանակը հնարավոր է օգտագործել գնելուց հետո որոշակի ժամանակահատվածում, եւ չօգտագործելու դեպքում այն համարվում է մարված:

Քրեական հետապնդում իրականացնող մարմինը միանշանակ չի ընդունել ՍՊ ընկերության տնօրենի ասածը, այն գնահատել է որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ, եւ ասածը հիմնավորելու համար վկայակոչել է վկա, հարկային տեսչության իրավաբանական բաժնի իրավաբան Զոհրակ Վարդանյանին: Ըստ վերջինի, ընկերության հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ հարկային կողմից դատարան հայցապահանջ է ներկայացվել 7 680 900 դրամի չափով, վարչական դատարանն ամբողջությամբ հայցը բավարարել է, իսկ ընկերությունը պարտավորությունները չի կատարել:
Հարկայինի աշխատակիցը նաեւ նկատել էր, որ Լիանա Ղազարյանին բազմիցս ծանուցվել է ներկայանալ հարկային մարմիններ եւ կատարել հարկային պարտավորությունները, սակայն, ըստ նրանց, ծանուցագրերը մնացել են անպատասխան:

Պաշտպանական կողմը չի ընդունում «անձնական շահերից» ելնելով շահույթ ստանալու մեղադրանքը, նաեւ այն, թե իբր ընկերության տնօրենը ունեցել է «այդ գումարը», չի վճարել, պարտավորությունները թողել է ընկերության վրա:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31