Ասում է սփյուռքահայ գործարարը, որը հենց հայրենասիրությունից դրդված է եկել ու բիզնես ծավալել
Մի ժամանակ ՀՀ իշխանությունները Հայաստանը շենացնելու ու ներդրումներ անելու կոչով սփյուռքահայերին բերեցին, ու կարծես թե սկզբում այդ կոչն աշխատեց: Տարիներ առաջ շատ սփյուռքահայեր եկան ու մեզ մոտ բիզնես սկսեցին. ոմանք հաջողություն ունեցան, հետո ոմանք հիասթափված հեռացան, ոմանք «քցվեցին», օրինակ՝ Էդմոն Խուդյանը, որը հիմա արտերկրում է եւ իրեն «քցելու» համար պատրաստվում է դատի տալ ՀՀ կառավարությանը:
Հիմա արդեն շատ սփյուռքահայեր անգամ հայրենասիրությունից ու հայրենի հող ու ջրի կանչից դրդված էլ չեն ուզում այստեղ բիզնես սկսել:
«Բիզնեսն իր կանոններն ունի, եւ միայն հայրենասիրությունը քիչ է, որ գան այստեղ ու բիզնես սկսեն, պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն ներդրողների համար, որ իրենց ապահով զգան ու ցանկություն ունենան բիզնես անելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է սփյուռքահայ գործարար, «Միթեփ» ընկերության հիմնադիր տնօրեն Միսակ Թեբելեկյանը, որը Հայաստանում շինարարության ոլորտում է բիզնես ծավալել եւ, ինչպես ինքն է ասում, չնայած շատ դժվարություններին՝ չի հանձնվել ու 10 տարի է՝ բիզնես է անում Հայաստանում:
Պարոն Թեբելեկյանը թեեւ նշում է, որ միայն հայրենասիրությունը քիչ է, որ Հայաստանում բիզնես ծավալեն, բայց հենց ինքը առաջին հերթին հայրենասիրությունից դրդված է այդ բիզնեսը սկսել. «Ես Ամերիկայում ծավալել եմ շինարարական գործունեություն, երբ հասել եմ մի տեղ, որ եւ իմ ընտանիքն ու զավակները դարձել էին անկախ ու կարող էին իրենք իրենց մասին հոգ տանել, որոշեցի կատարել իմ՝ Տիրոջ կողմից տրված պարտքը իմ երկրի առջեւ: Դա այնպիսի մի բան է, դա գենետիկորեն է տրված, որը բացատրելի չէ»:
Չնայած նրան, որ գործարարն սկսել է այստեղ աշխատել այն ժամանակաշրջանում, երբ շինարարության ոլորտն ու տնտեսությունն աճ էր գրանցել, բայց հետո սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը մի շարք խնդիրների առջեւ կանգնեցրեց գործարարին. «2004 թվականին շինարարական բում էր, բայց երբ սկսվեց ճգնաժամը, պիտի զարմացնեմ ձեզ, այդ ժամանակ ես 1 շենքի կառուցումն արդեն ավարտել էի: Անշարժ գույքի շուկան անկում էր գրանցում, ես մտածմունքների մեջ ընկա՝ ի՞նչ անեմ: Բայց քանի որ ես այն մարդը չեմ, որ շատ արագ հանձնվում է կամ պարտվում, եւ ես իմ գաղափարներն ու սկզբունքներն անպայման իրագործում եմ, մտածեցի ու գտա, թե այդ ճգնաժամային պայմաններում ինչ կարող եմ անել: Սկսեցի համագործակցել «Ակցեռն» ընկերության հետ, որը անշարժ գույքի շուկայում պրոֆեսիոնալ է: Իր հետ համագործակցությունս ճգնաժամի ամենաուժեղ շրջանում սկսեցի: Ես ճգնաժամի պատճառով հետ չկանգնեցի, որովհետեւ կարծում եմ՝ հենց այդ պայմաններում պետք է օգտակար լինեի իմ հայրենիքին ու նրա տնտեսությանը, եթե այդ ժամանակ չանես, ապա՝ ե՞րբ, լավ ժամանակներում բոլորը կարող են անել»:
Կարդացեք նաև
Ճգնաժամի տարիներին կորուստներ ունեցե՞լ է, թե՞ ոչ՝ գործարարը չի ասում. «Կորուստներն ինձ չեն վախեցնում»:
Հայաստանում գործարարների եւ առհասարակ՝ հասարակության շրջանում կարծիք կա, որ խոշոր եւ լուրջ բիզնես սկսելու ու հաջողություն ունենալու համար իշխանությունների «աջակցությունը», «թիկունքն է» պետք, բայց ձեր օրինակով կարելի է կարծել, որ դա այնքան էլ կարեւոր չէ՝ «Առավոտի» այս դիտարկմանը գործարարն ասում է. «Դուք մասամբ ճիշտ եք: Բայց ընդհանուր առմամբ, երբ հաշվարկներդ ճիշտ են, համագործակցում ես ճիշտ մարդկանց հետ, որտեղ դրված են բիզնեսի շատ մաքուր ու ճիշտ կանոններ, ու կարեւորը՝ օրենքներով ես աշխատում, հաջողություն կլինի: Իմ գործընկերոջ հետ փոխհարաբերությունները մաքուր են, նույնիսկ օրինակելի կարող են լինել այլ բիզնեսմենների համար: Հնարավոր է՝ բիզնեսում կորուստ ունենամ, չգիտեմ, բայց ես ենթարկվել ու կատարել եմ բոլոր օրենքները հարկային եւ այլն, այդ առումով անխոցելի եմ»:
Արդյոք հարկային դաշտն ու օրենսդրությունը, որին վկայակոչեց գործարարը, նպաստավո՞ր են բիզնես սկսելու համար, պարոն Թեբելեկյանն ասում է. «Այնքան էլ բարենպաստ չեն, բայց քանի որ գիտեի բոլոր օրենքները, համագործակցելով «Ակցեռնի» տնտեսագետների հետ, երբ մեր բիզնես պլանը գծեցինք, մենք հասկացանք, որ հնարավոր է եւ լավ լինի, եւ կորուստ: Ես երկուսին էլ համաձայն էի, դա կոչվում է բիզնեսային ռիսկ, առանց դրա ոչ ոք բիզնես չի սկսի: Բայց ես շինարարական գիտությունների դոկտոր եմ, իմ գիտելիքներն էլ շատ օգտակար են իմ սկսած գործում»:
Գործարարը նկատում է, որ արերկրից եկող ներդրողների համար կառավարությունը պետք է արտոնություններ տա, քանի որ Հայաստանը փոքր շուկա է, նրանց շահագրգռել է պետք, այլ ոչ թե հայրենասիրության վրա հույս դնել. «Գոնե շինարարական ասպարեզում ես արտոնություն չեմ տեսել»:
Մեր այն հարցին՝ բնակչության գնողունակությունը նվազել է, գնաճ է արձանագրվել, հիփոթեքային շուկան էլ այն մակարդակի վրա չէ, որպեսզի շատ-շատերն օգտվեն, անշարժ գույքի շուկայում էլ անկում է գրանցվել, ո՞ւմ համար է կառուցում գործարարն այդ բնակարանները, պարոն Թեբելեկյանը պատասխանում է. «Մեր գնորդների մեջ շատ կան դրսի հայեր, հատկապես ռուսաստանաբնակ հայությունն է շատ, Միջին Արեւելքից են, Ամերիկայից, տեղաբնակներ էլ կան: Մեր առաջարկը շատ մրցունակ է, գները՝ ցածր, որակը՝ բարձր, միջին խավի համար ձեռնտու պայմաններ են: Եվ հետո՝ լավ է, որ, ասենք, Ռուսաստանում աշխատած փողերը բերում են Հայաստան ու այստեղ ծախսում, այստեղ բնակարան գնում: Հիփոթեքային շուկան է ցածր մակարդակի վրա, բայց սա դժվար լուծվող հարց է, եւ շատ տարբեր գործոններից է կախված, որպեսզի այն զարգանա»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ