«Պատկերացրեք, որ դուք ապրում եք Հայաստանում, Հայաստանի քաղաքացի եք, և խախտվում են Ձեր սահմանադրական իրավունքները: Նույնը տեղի է ունեցել Ղրիմի պարագայում: Ղրիմի հանրաքվեն անցկացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքի և օրենքի խախտմամբ: Այս մասին է վկայում նաև միջազգային հանրությունը: Այդ դեպքում, օրինակ՝ դուք կհամակերպվե՞իք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» պատասխանելով հարցին՝ արդյոք Ուկրաինայի քաղաքացիները կհամակերպվե՞ն Ղրիմի հանրաքվեի արդյունքների հետ, այսպես պատասխանեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Aravot.am-ի հստակեցմանը՝ արդյոք դեսպանի այս պատասխանը նշանակո՞ւմ է, որ Ղրիմի հանրաքվեն անցկացվեց ՌԴ-ի ճնշման, ավելին, ռազմական ճնշման ներքո, դեսպանը խուսափեց կոնկրետ որակումներ տալ և օրինակ բերեց այն, որ ասենք Երևանի վարչական շրջաններից մեկը, կամ ասենք Այգեստանը որոշի առանձնանալ Երևանից:
Հարցին՝ Ղրիմի անկախացումը Ուկրաինայից ինչպե՞ս կանդրադառնա Ուկրաինայի և Հայաստանի հետագա հարաբերությունների վրա, մասնավորապես երեկ ՀՀ-ի և ՌԴ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ՀՀ նախագահը Ղրիմի անջատումը համարել է ազգերի ինքնորոշում, դեսպանը պատասխանեց. «Ես Ուկրաինայի և Հայաստանի հարաբերություններում բոլոր բնագավառներում դրական զարգացման հեռանկար եմ տեսնում: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի դիրքորոշմանը, ապա հարցրեք ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից»:
ՀՀ ԱԳ նախարարության դիրքորոշման վերաբերյալ ևս դեսպանը ձեռնպահ մնաց կոնկրետ պատասխան տալուց ու նշեց. «Ես չեմ պատասխանում ՀՀ կառավարության փոխարեն այդ հարցը տվեք ձեր կառավարությանը»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հայտարարությանը, Ուկրաինայի դեսպանն ասաց. «Այն կազմակերպությունը, որը որևէ օգուտ չի բերում, այդ կազմակերպության մեջ մնալու իմաստ չենք տեսնում: Մի կազմակերպություն, որտեղ հավաքվում են թեյ խմելու, այդ կազմակերպությունը ոչ մեկին պետք չէ»:
Արդյոք Ուկրաինան ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի անցումից հետո հնարավո՞ր է նաև նույն ռեժիմը հաստատվի նաև ՀՀ-ի հետ, դեսպանը պատասխանեց, որ այս պահին նման բան հավանական չի համարում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ