Գրանդ փիղը, որ այս տարիների ընթացքում, անկասկած, դարձել է Երեւանի կենդանաբանական այգու այցելուների եւ, հասկանալի է, առաջին հերթին՝ մանուկների սիրելին, մոտ ժամանակներս կտեղափոխվի Թբիլիսի։
Մասնագետները պնդում են, որ դա ուղղակի անհրաժեշտ է՝ Գրանդի բուժման տեսանկյունից, առավել եւս, որ Երեւանի պայմաններում հնարավոր չէ համապատասխան բուժօգնություն ցուցաբերել։
Մինչ այդ, նախատեսվում է, որ հատուկ կոնտեյներով Գրանդ փիղը կտեղափոխվի Վրաստանի մայրաքաղաքի կենդանաբանական այգի, որտեղ էլ համապատասխան բուժօգնություն կցուցաբերվի կենդանուն։
Մասնավորապես Գրանդի երկու ժանիքներն էլ ժամանակին վնասվել են, եւ այժմ արդեն վիրահատության կարիք է զգացվում, ինչը կարելի է կատարել Թբիլիսիում, հատուկ կլինիկայում։ Բացի դրանից, Թբիլիսիում Գրանդը զույգ կունենա եւ այլեւս միայնակ չի լինի։
Երեւանի կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու Թոբիաս Դորնբուշն արդեն մոտ երկու ամիս է, ինչ զբաղվում է Գրանդ փղին Երեւան-Թբիլիսի այդ ճամփորդությանը նախապատրաստելով։ Նրա խոսքով, Գրանդ փիղը ուշիմ «աշակերտ» է, բավականին արագ է ընկալում վարժեցնողի հրահանգները։
Իսկ մեր կենդանաբանական այգին, ամեն դեպքում, առանց փղի չի մնա։ Թբիլիսիից նախատեսվում է Երեւան տեղափոխել Բունկան անունով 6 տարեկան փղին։ Մինչ այս Թբիլիսիի կենդանաբանական այգում աշխատած Թոբիասը դրական է բնութագրում Գրանդի «փոխարինողին»։ Նա կարծում է, որ փիղը Երեւանի այգու պայմաններին արագ կադապտացվի։ Մոտեցումն այն է, որ համապատասխան պայմաններ ստեղծելուց հետո նոր փիղը մենակ չմնա եւ զույգ ունենա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ www.armradio.am-ից